Հոդված 13
Հոդված 13
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
A. Կողմերի դիրքորոշումները
129. Կառավարությունը հայտնել է, որ դիմողին Ուզբեկստանին հանձնելու դեպքում վատ վերաբերմունքի կամ քաղաքական հետապնդման ենթարկվելու վտանգ չի սպառնացել: Նրա փաստարկները նման վտանգի մասին, որոնք առաջին անգամ ծագել են հանձնման մասին դատախազի որոշման դատական բողոքարկման ժամանակ, քննվել և հերքվել են Ռուսաստանի դատարանների կողմից: Կառավարությունը կրկնել է ներպետական դատարանների պատճառաբանությունը և հղում է տվել Ուզբեկստանի գլխավոր դատախազության կողմից տրված դիվանագիտական հավաստիացումներին:
130. Դիմողը հայտնել է, որ ներպետական իշխանությունների ուշադրությունն Ուզբեկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու իր մտահոգությունների վրա հրավիրել է դեռևս 2009 թվականի դեկտեմբերին փախստականի կարգավիճակ ստանալու մասին իր դիմումում: Նա անընդհատ կրկնել է իր մտահոգությունների մասին փախստականի կարգավիճակ ստանալու և հանձնման վարույթների ընթացքում: Նա հղում է տվել ՄԱԿ-ի հիմնարկների ու համապատասխան միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների զեկույցներին, որոնք հստակ ցույց են տվել, որ նրա նման անհատները, ովքեր կասկածվում են արգելված կրոնական կազմակերպություններին անդամակցելու մեջ, ենթակա են վատ վերաբերմունքի վտանգի: Նա նաև վիճարկել է, որ իրեն ներկայացված մեղադրանքից հետևում է, որ նրանց հիմքում քաղաքական ու կրոնական շարժառիթներն են: Այնուամենայնիվ, ներպետական իշխանությունները հաշվի չեն առել դիմողի կողմից ներկայացված ապացույցը և մերժել են իր մտահոգություններն անհիմն լինելու հիմքով առանց պատշաճ գնահատելու Ուզբեկստանում տիրող իրավիճակը կամ նրա անձնական կարգավիճակը՝ հիմք ընդունելով Ուզբեկստանի իշխանությունների կողմից տրամադրված դիվանագիտական հավաստիացումները: Այդ հավաստիացումներն արժանահավատ չեն դրանց վերահսկման կամ խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու համապատասխան մեխանիզմի բացակայության պատճառով (նա հղում է տվել Chahal v. the United Kingdom գործին, 1996 թվականի նոյեմբերի 15, կետ 105, Վճիռների ու որոշումների զեկույցներ 1996‑V, և Saadi v. Italy գործին [ՄՊ], գանգատ թիվ 37201/06, կետ 147, ՄԻԵԴ 2008):
B. Դատարանի գնահատականը
1. Հոդված 3
(a) Ընդունելիությունը
131. Դատարանը գտնում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Այնուհետև այն նշում է, որ այն որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է ընդունելի ճանաչել:
(b) Գործի ըստ էության քննությունը
(i) Ընդհանուր սկզբունքները
132. Դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ Պայմանավորվող պետության կողմից հանձնումը կարող է 3-րդ հոդվածի ներքո խնդիր առաջացնել և արդյունքում հանգեցնել Կոնվենցիայի ներքո պետության պատասխանատվությանը, եթե բավարար հիմքեր կան կարծելու, որ տվյալ անձը, եթե հանձնվի, ապա հայցող պետությունում կարող է 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի ենթարկվելու վտանգի հանդիպել: Նման պատասխանատվության հաստատումն անխուսափելիորեն ներառում է հայցող պետությունում տիրող՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի չափանիշներին հակասող իրավիճակի գնահատումը: Այնուհանդերձ, այստեղ հայցող պետության` միջազգային ընդհանուր իրավունքի, Կոնվենցիայի կամ որևէ այլ մեխանիզմի ներքո պատասխանատվության հաստատման խնդիր առկա չէ: Կոնվենցիայի ներքո Պայմանավորվող պետության պատասխանատվությունը կարող է ծագել նրա ձեռնարկած այն գործողության պատճառով, որը կարող է ուղղակի հետևանք ունենալ անհատի վրա (տե՛ս Soering v. the United Kingdom գործը, 1989 թվականի հուլիսի 7, կետեր 89-91, Ա Սերիա թիվ 161):
133. Որոշելու համար, թե արդյոք հիմնավորվել է, որ դիմողը կարող է 3-րդ հոդվածով նկարագրված վերաբերմունքից տառապելու վտանգի ենթարկվել, եթե հանձնվի, Դատարանը խնդիրը պետք է գնահատի իրեն ներկայացված կամ proprio motu ներկայացված բոլոր նյութերի լույսի ներքո (տե՛ս H.L.R. v. France գործը, 1997 թվականի ապրիլի 29, կետ 37, Զեկույցներ 1997-III): Քանի որ նման գործերով Պայմանավորվող պետությունների պատասխանատվությունը 3-րդ հոդվածի ներքո կապված է հանձնվող անձի՝ վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի հետ, վտանգի առկայությունը գլխավորապես պետք է գնահատվի հղում տալով այն հանգամանքներին, որոնք հայտնի էին կամ պետք է հայտնի լինեին Պայմանավորվող պետության համար հանձնման պահին (տե՛ս Cruz Varas and Others v. Sweden գործը, 1991 թվականի մարտի 20, կետեր 75-76, Ա Սերիա թիվ 201, և Vilvarajah and Others v. the United Kingdom գործը, 1991 թվականի հոկտեմբերի 30, կետ 107, Ա Սերիա թիվ 215): Այնուամենայնիվ, եթե դիմողը չի հանձնվել կամ արտաքսվել, երբ Դատարանը քննում է գործը, ապա համապատասխան ժամանակը Դատարանում գործի քննության ժամանակահատվածն է (տե՛ս վերոհիշյալ Chahal-ի գործը, կետեր 85-86):
134. Որոշելու համար, թե արդյոք առկա է վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգ, Դատարանը պետք է քննի դիմողի համար կանխատեսելի հետևանքները հայցող պետությանը հանձնելիս՝ մտապահելով այնտեղ տիրող ընդհանուր իրավիճակն ու նրա անձնական հանգամանքները (տե՛ս վերոհիշյալ Vilvarajah and Others գործը, կետ 108 in fine): Սկզբունքորեն դիմողը պետք է ապացույց ներկայացնի, որն ունակ կլինի ապացուցել, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ եթե նա հանձնվի, ապա կարող է հանդիպել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի ենթարկվելու վտանգի (տե՛ս N. v. Finland գործը, գանգատ թիվ 38885/02, կետ 167, 2005 թվականի հուլիսի 26): Եթե նման ապացույց է ներկայացվում, ապա Կառավարությունը պետք է փարատի դրա հետ կապված բոլոր կասկածները (տե՛ս Ryabikin v. Russia գործը, գանգատ թիվ 8320/04, կետ 112, 2008 թվականի հունիսի 19):
135. Ինչ վերաբերում է կոնկրետ պետությունում տիրող ընդհանուր իրավիճակին, ապա Դատարանը գտնում է, որ դրա մասին ծանրակշիռ տեղեկություններ կարող են տրամադրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների թարմ զեկույցները կամ կառավարական աղբյուրները (տե՛ս, օրինակ, վերոհիշյալ Chahal-ի գործը, կետեր 99-100, MՖslim v. Turkey գործը, գանգատ թիվ 53566/99, կետ 67, 2005 թվականի ապրիլի 26, Said v. the Netherlands գործը, գանգատ թիվ 2345/02, կետ 54, ՄԻԵԴ 2005-VI և Al‑Moayad v. Germany (dec.) գործը, գանգատ թիվ 35865/03, կետեր 65-66, 2007 թվականի փետրվարի 20): Բացի դրանից, որոշելու համար, թե արդյոք հայցող պետությունում առկա է վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգ, Դատարանը գնահատում է այդ պետությունում ընդհանուր իրավիճակը` հաշվի առնելով մարդու իրավունքների ընդհանուր կամ որոշակի խմբի կամ այն ոլորտի վիճակը, որը կարող է վերաբերելի լինել դիմողի անձնական հանգամանքներին (տե՛ս, mutatis mutandis, Shamayev and Others v. Georgia and Russia գործը, գանգատ թիվ 36378/02, կետ 337, ՄԻԵԴ 2005‑III):
136. Միևնույն ժամանակ հայցող պետությունում հավանական վատ վերաբերմունքի վերաբերյալ չհաստատված դրությունն ինքնին չի հանգեցնում 3-րդ հոդվածի խախտմանը (տե՛ս վերոհիշյալ Vilvarajah and Others գործը, կետ 111, և Katani and Others v. Germany (dec.) գործը, գանգատ 67679/01, 2001 թվականի մայիսի 31): Կոնկրետ պետությունում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ընդհանուր խնդրին հղում տալը չի կարող ինքնին հիմք ծառայել հանձնումը մերժելու համար (տե՛ս Dzhaksybergenov v. Ukraine գործը, գանգատ 12343/10, կետ 37, 2011 թվականի փետրվարի 10): Եթե Դատարանին մատչելի աղբյուրները նկարագրում են ընդհանուր դրությունը, ապա դիմողի առանձնահատուկ գանգատները կոնկրետ գործով պահանջում են այլ ապացույցով հաստատում, որը հղում է տալիս անհատական հանգամանքներին, որոնք հիմք են հանդիսանում վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին նրա մտահոգություններին (տե՛ս Mamatkulov and Askarov v. Turkey գործը [GC], գանգատներ թիվ 46827/99 և թիվ 46951/99, կետ 73, ՄԻԵԴ 2005‑I, և վերոհիշյալ Dzhaksybergenov-ի գործը, ibid.): Դատարանը նման անհատական հանգամանքների մասին ապացույց չի պահանջի միայն շատ ծայրահեղ գործերով, եթե հայցող պետությունում մարդու իրավունքների խախտումներն այնքան ինտենսիվ են, որ իրական վտանգ են ստեղծում, որ ցանկացած անձի հանձնում այդ պետությանն անհրաժեշտաբար հանգեցնելու է 3-րդ հոդվածի խախտմանը (տե՛ս N.A. v. the United Kingdom գործը, գանգատ թիվ 25904/07, կետեր 115-116, 2008 թվականի հուլիսի 17, և Sufi and Elmi v. the United Kingdom գործը, գանգատներ թիվ 8319/07 և թիվ 11449/07, կետ 217, 2011 թվականի հունիսի 28):
137. Ինչ վերաբերում է իր սեփական քննությանը, ապա Դատարանը կրկնում է, որ ինքը պետք է շատ զգույշ լինի փաստական հանգամանքների մասով առաջին ատյանի տրիբունալի դերը ստանձնելիս: Նա բազմաթիվ դեպքերում կրկնել է, որ եթե ներպետական դատավարությունները տեղի են ունեցել, ապա դա իր խնդիրը չէ փոխարինելու ներպետական դատարանների՝ փաստական հանգամանքներին տրված գնահատականն իր սեփական գնահատականով, քանի որ որպես ընդհանուր կանոն դա այդ դատարանների խնդիրն է գնահատելու իրենց ներկայացված ապացույցները (տե՛ս` ի թիվս այլ որոշումների, Giuliani and Gaggio v. Italy գործը [GC], գանգատ թիվ 23458/02, կետեր 179-180, 2011 թվականի մարտի 24): Թեև Դատարանը սահմանափակված չէ ներպետական դատարանի հետևություններով, սակայն սովորական հանգամանքներում այն պահանջում է համոզիչ տարրեր, որոնք նրան կուղղորդեն ներպետական դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքներից հետևություններ անելուն (ibid.): Միևնույն ժամանակ, Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի պարտականությունն է ապահովելու, որ Պայմանավորվող պետությունը հետևի Կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորություններին: Հղում տալով հանձնմանը կամ արտաքսմանը՝ Դատարանը կրկնում է, որ այն գործերով, որոնցով դիմողն ապահովում է պատճառաբանված հիմքեր, որոնց իսկությունը կասկածի տակ է առնվում Կառավարության կողմից, Դատարանը պետք է բավարարվի նրանով, որ Պայմանավորվող պետության իշխանությունների կողմից տրված գնահատականը պատշաճ է և բավարար հիմնավորված է ինչպես ներպետական, այնպես էլ այլ վերաբերելի աղբյուրներից բխող նյութերով (տե՛ս Salah Sheekh v. the Netherlands գործը, գանգատ թիվ 1948/04, կետ 136, 2007 թվականի հունվարի 11):
138. Դատարանը նաև վերջերս գտել է, որ երբ Պետությունն ապաստան հայցողին միջազգային իրավունքի ներքո ստանձնած իր պարտավորություններին համապատասխան փոխանցում է միջնորդ պետության, նա պետք է համոզված լինի, որ միջնորդ պետության ապաստանի տրամադրման ընթացակարգն ապահովի բավարար երաշխիքներ ապաստան հայցողին, որ նա ուղղակիորեն կամ անուղղակի չփոխանցվի իր ծագման վայրի պետություն` առանց գնահատելու այն ռիսկերը, որոնց նա կարող է հանդիպել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո (տե՛ս M.S.S. v. Belgium and Greece [GC] գործը, գանգատ թիվ 30696/09, կետ 342, ՄԻԵԴ 2011):
(ii)Սույն գործի նկատմամբ կիրառությունը
139. Դատարանն արձանագրում է, որ Ռուսաստանի իշխանությունները թույլատրել են դիմողի հանձնումն Ուզբեկստանին: Այնուամենայնիվ, հանձնումը չի կատարվել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն Դատարանի կողմից ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառման արդյունքում: 2011 թվականի հունիսին դիմողն ազատ արձակվեց և մի քանի շաբաթ անց Ռուսաստանի իշխանությունների ներգրավվածությամբ ու իմացությամբ գաղտնի տեղափոխվեց Տաջիկստան, ինչպես նկարագրված է վերը (տե՛ս վերը՝ պարագրաֆ 127): Տաջիկստանում նա կալանքի վերցվեց Ուզբեկստանին հանձնելու նպատակով: Թեև նա 2011 թվականի նոյեմբերին ազատ արձակվեց, սակայն պարզվեց, որ Տաջիկստանում հանձնելու վարույթը նրա դեմ դեռևս շարունակվում է:
140. Դատարանը պետք է հաստատի, թե արդյոք դիմողն Ուզբեկստանում կարող է ենթարկվել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի և արդյոք նրան Տաջիկստան տեղափոխելով Ռուսաստանը խախտել է հոդվածի ներքո ստանձնած իր պարտավորությունը: Այն հաջորդաբար քննարկելու է այս հարցերը:
(՞) Դիմողի կողմից Ուզբեկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգին հանդիպելու վերաբերյալ
141. Դատարանը հնարավորություն ունեցել է գործ ունենալու մի քանի գանգատների հետ, որոնք բարձրացրել են Ռուսաստանից կամ Եվրոպայի Խորհրդի անդամ այլ պետության կողմից Ուզբեկստանին հանձնելու կամ արտաքսելու դեպքում վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգին հանդիպելու խնդիրը: Հղում տալով տարբեր աղբյուրներից բխող նյութերին՝ այն գտել է, որ Ուզբեկստանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը մտահոգիչ է, մասնավորապես, որ վերաբերելի միջազգային նյութերը վկայում են կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի ու խոշտանգման կիրառման մասին, որոնք պարբերաբար ու չտարբերակված բնույթ են կրում և որևէ ապացույց չկա, որ այս հարցում ինչ-որ հիմնարար առաջընթաց է գրանցվել (տե՛ս` ի թիվս այլ որոշումների, վերոհիշյալ Ismoilov and Others գործը, կետ 121, Muminov-ի գործը, կետեր 93-96, Garayev v. Azerbaijan գործը, գանգատ թիվ 53688/08, կետ 71, 2010 թվականի հունիսի 10, և Yakubov v. Russia գործը, գանգատ թիվ 7265/10, կետեր 81 և 82, 2011 թվականի նոյեմբերի 8):
142. Բացի դրանից, Դատարանը քննել է մի շարք գործեր, որոնցում դիմողները մեղադրվում էին այնպիսի հանցագործությունների մեջ, որոնք վերաբերում էին Ուզբեկստանում արգելված կրոնական կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ Hizb ut-Tahrir-ին անդամակցության մեջ (տե՛ս վերոհիշյալ Muminov-ի գործը, կետեր 94-98, Karimov v. Russia գործը, գանգատ թիվ 54219/08, կետ 100, 2010 թվականի հուլիսի 29 և վերոհիշյալ Yakubov-ի գործը, կետեր 83-94) կամ այլ կրոնական կազմակերպություններին անդամակցելու մեջ (տե՛ս Abdulazhon Isakov v. Russia գործը, գանգատ թիվ 14049/08, կետ 110, 2010 թվականի հուլիսի 8, Sultanov v. Russia գործը, գանգատ թիվ 15303/09, կետ 72, 2010 թվականի նոյեմբերի 4, և Ergashev v. Russia գործը, գանգատ թիվ 12106/09, կետ 113, 2011 թվականի դեկտեմբերի 20): Դատարանը գտել է, որ նման անձինք գտնվում են վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի ներքո և նրանց հանձնումը կամ արտաքսումն Ուզբեկստան կարող է հանգեցնել 3-րդ հոդվածի խախտման:
143. Իրոք, մատչելի զեկույցները (տե՛ս վերը պարագրաֆներ 99-107) վկայում են Ուզբեկստանի իշխանությունների՝ այն մուսուլմանների դեմ կալանավորման ու հետապնդման արշավի ձեռնարկման մասին, ովքեր իրենց կրոնը դավանում են պետական հսկողությունից դուրս կամ պատկանում են չգրանցված կրոնական կազմակերպություններին, խմբերին կամ ոչ պաշտոնական միավորումների և որոնց հաճախ որակում են որպես կրոնական ծայրահեղականներ, ֆունդամենտալիստներ և վահաբիստներ: Զեկույցներից պարզ է դառնում, որ տարբեր հանցագործությունների, ինչպես օրինակ ծայրահեղական կազմակերպություններին անդամակցելու կամ կառավարությունը տապալելու մեջ մեղադրվող կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի կիրառման լուրջ խնդիր է առկա: Զեկույցները վկայում են կալանավայրերի անմարդկային պայմանների, կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի, նրանց իրավական օգնության և արդար դատաքննության իրավունքի տրամադրման մերժման մասին:
144. Ինչ վերաբերում է դիմողի անձնական կարգավիճակին, ապա Դատարանը նկատում է, որ նա հետախուզվում էր Ուզբեկստանի իշխանությունների կողմից ծայրահեղական կրոնական կազմակերպություններին անդամակցելու ու Ուզբեկստանի սահմանադրական կարգը տապալելու փորձի համար: Մեղադրանքները հիմնված էին արգելված կրոնական կազմակերպության հավաքներին ենթադրյալ մասնակցության և արգելված կրոնական գիրք պահելու համար: Նա մեղադրվում էր Վահաբբիզմի գաղափարները տարածելու համար, որը հակադրվում է ավանդական Իսլամին, և այդ կերպ խրախուսում է հակակառավարական ու հակասահմանադրական տրամադրությունները և վարկաբեկում Ուզբեկստանի Հանրապետությունում հաստատված ժողովրդավարական համակարգը:
145. Վերոգրյալը դիմողին հանձնելու համար հիմք է հանդիսացել: Դա ցույց է տալիս, որ նրա կարգավիճակը նույնն է այն մուսուլմանների կարգավիճակի հետ, որոնք պետական հսկողությունից դուրս գտնվող կրոնական գործունեության պատճառով մեղադրվում են կրոնական ծայրահեղության ու արգելված կրոնական կազմակերպություններին անդամակցելու համար և այդ կապակցությամբ, ինչպես նշված է զեկույցներում ու Դատարանի վերոհիշյալ վճռում, գտնվում է վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի ներքո:
146. Կարևոր է նաև այն, որ դիմողի դեմ հարուցված այդ վարույթները նախաձեռնվել էին 2009 թվականի ամռանը Ֆերգանյան հովտում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից անմիջապես հետո: Այդ հարձակումներին անմիջապես հաջորդող ժամանակահատվածում հեղինակավոր միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունները զեկուցեցին չգրանցված մզկիթներ այցելած մուսուլմանների կամայական ձերբակալումների ալիքի մասին, որին հաջորդել է նրանց կալանավորումը կրոնական ծայրահեղության ու սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքներով, որին էլ հաջորդել է ինքնախոստովանություն կորզելու նպատակով նրանց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքը (տե՛ս վերը` պարագրաֆներ 108-110): Դատարանի կարծիքով այն հանգամանքը, որը դիմողի դեմ ներկայացված մեղադրանքի ու հանձնման մասին միջնորդության ամսաթիվն այդ ժամանակահատվածից է, ուժեղացնում է վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգը:
147. Դատարանը նաև նկատում է, որ դիմողի նկատմամբ ձերբակալման մասին հրամանն ավելի հավանական է դարձնում այն, որ նրա հանձնումից անմիջապես հետո նա կալանքի է վերցվելու և նրա որևէ ազգականի կամ անկախ հետազոտողի չի թույլատրվի տեսակցել նրան: Այն նաև հաշվի է առնում այն հանգամանքը, որ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարը նրան փախստականի կարգավիճակ է տվել այն բանից հետո, երբ որոշել է, որ նրա մտահոգությունն այն մասին, որ Ուզբեկստան հանձնվելուց հետո նա կհետապնդվի կամ վատ վերաբերմունքի կենթարկվի, հիմնավոր է (տե՛ս վերը` պարագրաֆ 44): Հետևաբար, Դատարանը համոզված է, որ դիմողը կգտնվի վատ վերաբերմունքի ենթարկվելու իրական վտանգի ներքո, եթե վերադառնա Ուզբեկստան:
148. Այնուհետև Դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ հանգամանքները ներկայացվել են իշխանություններին: Մասնավորապես, դիմողը հղում է տվել միջազգային զեկույցներին, փորձագիտական կարծիքներին ու վկաների հայտարարություններին (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 36, 38, 47, 48 և 49): Այնուհանդերձ, փախստականի կարգավիճակի տրամադրման վարույթի ընթացքում Դաշնային միգրացիոն ծառայությունը գտել է և հետագայում այդ հետևությունը հաստատվել է ներպետական դատարանների կողմից, որ վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգը չի կարող հիմք ծառայել փախստականի կարգավիճակի տրամադրման համար (տե՛ս վերը` պարագրաֆ 35): Ինչ վերաբերում է հանձնման վարույթներին, դատարանները հրաժարվել են քննել միջազգային զեկույցները (տե՛ս վերը` պարագրաֆ 49) և մերժել են փորձագիտական եզրակացություններն ու վկաների հայտարարությունները որպես ոչ վերաբերելի ապացույցներ (տե՛ս վերը` պարագրաֆներ 51 և 53): Դատարանն առարկում է ներպետական դատարանների կողմից ներկայացված պատճառաբանության ու նրանց կողմից վստահելի աղբյուրներից բխող նյութերը գնահատելը մերժելու որոշման դեմ: Նման հանգամանքներում Դատարանը կասկածում է, որ վատ վերաբերմունքի խնդիրը եղել է լուրջ քննության առարկա փախստականի կարգավիճակի տրամադրման կամ հանձնման վարույթների ընթացքում:
149. Հանձնման մասին վարույթի ընթացքում կայացված դատական որոշումներից բխում է, որ երբ մերժել են դիմողի փաստարկներն Ուզբեկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի մասին, դատարանները մեծ տեղ են հատկացրել Ուզբեկստանի իշխանությունների կողմից տրված դիվանագիտական հավաստիացումներին: Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ նա զգուշությամբ է վերաբերում խոշտանգման դեմ այն պետությունների կողմից ներկայացված դիվանագիտական հավաստիացումներին, որտեղ խոշտանգումը էնդեմիկ է ու մշտական: Բացի դրանից, պետք է նկատի ունենալ, որ եթե նման հավաստիացումներ են ներկայացվել, ապա դա Դատարանին չի ազատում պարտականությունից պարզելու, թե կոնկրետ դիմողի դեմ արդյոք այդ դիվանագիտական հավաստիացումները բավարար երաշխիք են դիմողին պաշտպանելու Կոնվենցիայով արգելված վատ վերաբերմունքի վտանգից (տե՛ս վերոհիշյալ Chahal-ի գործը, կետ 105, Saadi-ի գործը, կետ 148 և Othman (Abu Qatada) v. the United Kingdom գործը, գանգատ թիվ 8139/09, կետեր 188 և 189, 2012 թվականի հունվարի 17):
150. Դատարանը նկատում է, որ Ուզբեկստանի իշխանությունների կողմից տրված հավաստիացումները ձևակերպված են ընդհանուր բնույթի տերմիններով և չեն ապահովում մոնիթորինգի որևէ մեխանիզմ: Հետևաբար համոզիչ չէ, որ իշխանությունները հիմնվել են նման հավաստիացումների վրա` առանց դրանց մանրակրկիտ գնահատականի Դատարանի կողմից մշակված չափանիշներին համապատասխանության հարցը որոշելու համար (տե՛ս վերոհիշյալ Othman (Abu Qatada) գործը, կետեր 188 և 189):
151. Նկատի ունենալով վերոգրյալ դիրքորոշումները և հաշվի առնելով, inter alia, դիմողի դեմ քրեական հետապնդման ենթատեքստը, նրա դեմ ներկայացված մեղադրանքների բնույթն ու փաստացի հիմքը, դիմողի կարգավիճակին նման կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի կիրառման վտանգը բացահայտող նյութերը և այդ վտանգը բացառող բավարար երաշխիքների բացակայությունը՝ Դատարանը եզրակացնում է, որ Ուզբեկստանում դիմողը հանդիպելու էր խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու լուրջ վտանգի: Համապատասխանաբար, դիմողի՝ Ռուսաստան վերադառնալու դեպքում Ուզբեկստանին նրա հանձնումը կհանգեցնի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը:
(շ) Արդյոք դիմողին Տաջիկստան փոխադրելը հանգեցրե՞լ է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման
152. Դատարանը գտել է, որ դիմողին գաղտնի Տաջիկստան է փոխադրվել, որտեղ նա այժմ գտնվում է Ուզբեկստանին հանձնվելու կամ արտաքսվելու վտանգի ներքո:
153. Այս կապակցությամբ այն կրկնում է, որ ապաստան հայցողին նախքան միջնորդ պետությանը փոխանցելը, Պետությունը պետք է համոզվի, որ այդ պետության ապաստանի տրամադրման ու հանձնման ընթացակարգերն առաջարկում են բավարար երաշխիքներ խուսափելու, որ դիմողն ուղղակի կամ անուղղակի չի փոխանցվի փախստական հայցողի ծագման վայրի պետությանն առանց պատշաճ գնահատելու Կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեսանկյունից վտանգի առկայությունը (տե՛ս վերը՝ 138 պարագրաֆում նշված նախադեպային իրավունքը):
154. Դատարանը կարծում է, որ էական է այն, որ Տաջիկստանը Կոնվենցիայի մասնակից չէ և դիմողին այնտեղ տեղափոխելը նրան զրկել է Կոնվենցիոն պաշտպանությունից: Երբ քննվում է դիմողի գործը, Տաջիկստանի իշխանությունները պարտավորություն չեն ունենա կիրառելու Կոնվենցիայի չափանիշները և որոշելու, թե արդյոք Ուզբեկստանին նրա հանձնելը կհակասի 3-րդ հոդվածին: Ոչ էլ դիմողն իրավունք կունենա դիմելու Դատարանին Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա կիրառելու պաշտպանության ժամանակավոր միջոց: Նման հանգամանքներում Ռուսաստանի իշխանությունները պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրեին ապաստան հայցողների նկատմամբ վատ վերաբերմունքի կիրառման վտանգի գնահատման վերաբերյալ Տաջիկստանի օրենսդրությունն ու պրակտիկան:
155. Այնուհանդերձ որևէ ապացույց առկա չէ, որ նախքան դիմողին Տաջիկստանին փոխանցելը, Ռուսաստանի իշխանությունները գնահատել են, թե արդյոք առկա են իրավական երաշխիքներ ընդդեմ վատ վերաբերմունքի և արդյոք Տաջիկստանի իշխանությունները կիրառում են դրանք պրակտիկայում: Նրանք չեն պարզել նաև, թե Տաջիկստան ժամանելուց հետո դիմողն իրեն հասկանալի լեզվով տեղեկացվելու է ապաստանի կամ այլ ընթացակարգերի մասին, թույլատրելու են նրան դիմելու իրավասու պետական մարմիններին բարձրաձայնելու Ուզբեկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու իր մտահոգությունների մասին և արդյոք նման դիմումը մեխանիկորեն կունենա կանխարգելիչ ազդեցություն, իսկ նրա մտահոգությունները կլինեն անկախ ու մանրակրկիտ քննության առարկա (տե՛ս mutatis mutandis, վերոհիշյալ M.S.S-ի գործը, կետեր 293 և 301, տե՛ս նաև Տաջիկստանում մարդու իրավունքների վերաբերյալ վերոհիշյալ Iskandarov-ի գործը, կետ 129, և Gaforov v. Russia գործը, գանգատ թիվ 25404/09, կետեր 130 և 131, 2010 թվականի հոկտեմբերի 21):
156. Դատարանը գտնում է, որ դա հատկապես ապշեցուցիչ է, որ դիմողի փոխանցումը Տաջիկստանին տեղի է ունեցել գաղտնի ու որևէ իրավական այնպիսի շրջանակից դուրս, որն ունակ կլիներ ապահովելու երաշխիքներ ընդդեմ Ուզբեկստան նրա հանձնմանն առանց գնահատելու այնտեղ վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի հավանականությունը: Այս կապակցությամբ Դատարանը գտնում է, որ որևէ արտադատական փոխանցում կամ արտահերթ հանձնում, շրջանցելով նման ընթացակարգի համար նախատեսված կանոնները, ամբողջությամբ հակասում է Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքի գերակայությանն ու մյուս արժեքներին: Հետևաբար դա խախտում է Կոնվենցիայով երաշխավորվող հիմնարար իրավունքները (տե՛ս Babar Ahmad and Others v. the United Kingdom (dec.) գործը, գանգատներ թիվ 24027/07, 11949/08 և 36742/08, կետ 114, 2010 թվականի հուլիսի 6, տե՛ս նաև Abdolkhani and Karimnia v. Turkey գործը, գանգատ թիվ 30471/08, կետ 89, 2009 թվականի սեպտեմբերի 22):
157. Հաշվի առնելով վերոգրյալ հետևությունները՝ Դատարանը գտնում է, որ դիմողին Տաջիկստան փոխանցելը, որտեղ նա հանդիպել է Ուզբեկստան արտաքսվելու վտանգին, հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:
2. Հոդված 13
158. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին անդրադառնալու Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո ներկայացված դիմողի գանգատին, որն ըստ էության պարունակում է նույն փաստարկները, որոնք արդեն քննարկվել են Դատարանի կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
159. Դիմողը գանգատ է ներկայացրել, որ նա անօրինական է պահվել կալանքի ներքո: Մասնավորապես` նա պնդել է, որ 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ը նա գտնվել է կալանքի ներքո առանց որևէ դատական որոշման, որը կթույլատրել նրա կալանավորումը: Նա հղում է տվել 5-րդ հոդվածի 1-ին մասին, որի համապատասխան մասերը սահմանում են հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ … որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան … հանձնելու նպատակով»:
A. Ընդունելիությունը
160. Դատարանը գտնում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Այնուհետև այն նշում է, որ այն որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ճանաչել ընդունելի:
B. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի դիրքորոշումները
161. Կառավարությունը հայտնել է, որ հանձնման նպատակով կալանավորումը կարգավորող ներպետական դրույթները մատչելի ու հստակ են: Սահմանադրական դատարանն իր 2007 թվականի մարտի 1-ի որոշմամբ (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 88 և 89), որը պաշտոնապես հրապարակվել է և հետևաբար մատչելի է եղել, գտել էր, որ ՔԴՕ 466-րդ հոդվածը կամայականորեն չի կիրառվել: Մասնավորապես` այն գտել է, որ այդ հոդվածով ամրագրված կալանավորման միջոցը կարող է կիրառվել միայն օրենքով սահմանված կարգով և ՔԴՕ 13-րդ գլխով սահմանված ժամկետով:
162. Կառավարությունն այնուհետև վիճարկել է, որ 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ն արգելանքի ներքո է գտնվել Ուզբեկստանի դատարանների կողմից ընդունված ձերբակալման մասին որոշման հիման վրա Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածին համապատասխան: Նրա կալանավորման ժամկետն անհամաչափ չի եղել, իսկ հանձնման վարույթները կատարվել են պատշաճ ջանասիրությամբ:
163. Դիմողը հայտնել է, որ իր գործը նման է Dzhurayev v. Russia գործին (գանգատ 38124/07, 2009 թվականի դեկտեմբերի 17), որտեղ արձանագրվել էր 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի խախտում նույնանման հանգամանքներում: Մասնավորապես, ինչպես հաստատեց Կառավարությունը, 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ը նրա կալանավորումը հիմնված էր եղել Ուզբեկստանի դատարանների կողմից ընդունված ձերբակալման մասին որոշման վրա: Այնուամենայնիվ, ՔԴՕ 108-րդ հոդվածը, որով ղեկավարվել էր դատախազը, միայն հղում է տալիս Ռուսաստանի դատարանների որոշմանը՝ որպես հիմք կալանավորման համար: Հետևաբար նրա կալանավորումն օտարերկրյա պետության դատարանի որոշման հիման վրա անօրինական է եղել: Հետևաբար կալանավորման ժամկետը երկարացնելու մասին որոշումները նույնպես անօրինական են եղել:
164. Բացի այդ, դիմողը հայտնել է, որ իր կալանավորման ժամկետը համաչափ չի եղել, իսկ հանձնման վարույթները պատշաճ ջանասիրությամբ չեն կատարվել: Մասնավորապես, թեև հանձնման վարույթներն ավարտվել են 2011 թվականի մարտի 14-ին, սակայն մինչև 2011 թվականի հունիսի 9-ը, երբ ավարտվել է կալանավորման տակ պահելու Ռուսաստանի օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, նրան ազատ չեն արձակել:
2. Դատարանի գնահատականը
(a) Ընդհանուր սկզբունքները
165. Դատարանը նկատում է, որ կողմերը համաձայն են այն հարցում, որ դիմողը ձերբակալվել է Ռուսաստանից Ուզբեկստանին հանձնելու նպատակով: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետը հետևաբար կիրառելի է սույն գործի նկատմամբ: Այս դրույթը չի պահանջում, որ անձի կալանավորումը, ում նկատմամբ վարույթ է ձեռնարկվել հանձնելու նպատակով, ողջամտորեն անհրաժեշտ է, օրինակ՝ նրա կողմից այլ հանցանքի կատարումը կամ փախուստը կանխելու համար: Այս կապակցությամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետը, ի տարբերություն 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետի, ապահովում է պաշտպանության այլ մակարդակ. (զ) կետի պահանջն այն է, որ «անձի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան հանձնելու կամ արտաքսելու նպատակով»: Հետևաբար Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի նպատակների համար էական նշանակություն չունի այն, թե արտաքսելու մասին տվյալ որոշումը կարող է արդարացվել ներպետական օրենսդրությամբ, թե Կոնվենցիայով (տե՛ս Čonka v. Belgium գործը, գանգատ թիվ 51564/99, կետ 38, ՄԻԵԴ 2002-I, և վերոհիշյալ Chahal-ի գործը, կետ 112):
166. Այնուամենայնիվ, Դատարանը կրկնում է, որ դա իր պարտականությունն է որոշելու, թե արդյոք դիմողի կալանավորումն «օրինական» է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի իմաստով՝ հղում տալով ազգային համակարգով ապահովված երաշխիքներին: Եթե վիճարկվում է կալանավորման «օրինականությունը», այդ թվում՝ թե կալանավորումն արդյոք եղել է «օրենքով սահմանված կարգով», թե ոչ, ապա Կոնվենցիան հիմնականում հղում է տալիս ներպետական օրենսդրությանը և պարզում է, թե արդյոք կալանավորումը համապատասխանում է ներպետական օրենսդրության նյութական և ընթացակարգային նորմերին, թե՝ ոչ, սակայն միևնույն ժամանակ այն նաև պահանջում է, որ ազատության յուրաքանչյուր սահմանափակում պետք է համապատասխանի 5-րդ հոդվածի նպատակներին, որն անհատներին պաշտպանում է կամայականությունից (տե՛ս Amuur v. France գործը, 1996 թվականի հունիսի 25, կետ 50, Զեկույցներ 1996-III):
167. Հետևաբար Դատարանը պետք է պարզի, թե արդյոք ներպետական օրենսդրությունն ինքնին համապատասխանում է Կոնվենցիային, այդ թվում՝ նրանում ամրագրված ընդհանուր սկզբունքներին: Այս վերջին կետի կապակցությամբ Դատարանը ցանկանում է ընդգծել, որ եթե տեղի է ունեցել ազատությունից զրկում, ապա դա հատկապես կարևոր է, որ իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքն ապահովվի: Սահմանելով, որ ազատության յուրաքանչյուր սահմանափակում պետք է իրականացվի «օրենքով սահմանված ընթացակարգով», հարկ է նշել, որ 5-րդ հոդվածի 1-ին մասը պարզապես հղում չի տալիս ներպետական օրենսդրությանը և ինչպես 8-րդ ու 11-րդ հոդվածների 2-րդ պարագրաֆների «օրենքին համապատասխան» և «օրենքով սահմանված կարգով», այն նույնպես վերաբերում է «օրենքի որակին», որը պահանջում է, որ այն համապատասխանի իրավունքի գերակայությանն ու Կոնվենցիայով ամրագրված բոլոր հոդվածներին: «Օրենքի որակն» այս իմաստով նշանակում է, որ եթե ներպետական օրենսդրությունը թույլատրում է ազատությունից զրկելը, ապա այն պետք է բավարար մատչելի, հստակ ու կանխատեսելի լինել կիրառման ընթացքում, որպիսի հնարավոր լինի խուսափել կամայական կիրառության բոլոր վտանգներից (տե՛ս Nasrulloyev v. Russia գործը, գանգատ թիվ 656/06, կետ 71, 2007 թվականի հոկտեմբերի 11, հետագա հղումներով):
168. Վերջապես, Դատարանը կրկնում է, որ ազատությունից զրկելը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի ներքո ընդունելի կլինի միայն այնքան ժամանակ, քանի դեռ հանձնման վարույթն ընթանում է: Եթե նման վարույթները չեն իրականացվում պատշաճ ջանասիրությամբ, ապա կալանավորումը կդադարի թույլատրելի լինել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի իմաստով: Այլ կերպ ասած` այս նպատակի համար կալանքի տևողությունը չպետք է գերազանցի պահանջվող ողջամտության աստիճանը (տե՛ս վերոհիշյալ Saadi-ի գործը, կետեր 72-74):
(b) Սույն գործի նկատմամբ կիրառությունը
(i) 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում դիմողի կալանավորման օրինականությունը
169. Կողմերի միջև հիմնական հակասությունը վերաբերում է այն հարցին, թե արդյոք դատախազի՝ կալանավորման մասին հրամանները, հիմնված Ուզբեկստանի դատարանների կողմից ընդունված ձերբակալման մասին որոշումների վրա, կարող էին հիմք ծառայել 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում դիմողի կալանավորման համար (տե՛ս վերը` պարագրաֆներ 24-ից 26-ը):
170. Կառավարությունը հղում է տվել ՔԴՕ 466-րդ հոդվածին, որը դատախազին թույլատրում է կալանավորել հանձնման համար հայցվող անձին այն գործերով, որոնցով հանձնման մասին միջնորդությունն ուղեկցվում է օտարերկրյա դատարանի կողմից ընդունված ձերբակալման մասին որոշմամբ` «առանց Ռուսաստանի դատարաններում դատական ստուգման ենթարկելու կալանավորման մասին այդ հրամանի օրինականությունը» (տե՛ս վերը` պարագրաֆ 86): Դատարանը նկատում է, որ, այնուհանդերձ, կալանավորման մասին դատախազի 2009 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը հղում չի տալիս ՔԴՕ 466-րդ հոդվածին, հավանաբար այն պատճառով, որ այդ հոդվածը, ինչպես հետևում է դրա ձևակերպումից, սկսում է գործել հանձնման մասին միջնորդությունը ստանալու պահից: Դիմողի գործում հանձնման մասին միջնորդությունը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը չէր ստացվել: Հետևաբար Դատարանը նախ պետք է քննարկի, թե 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում դիմողի կալանավորման համար ինչ իրավական հիմք է եղել:
171. Կալանավորման մասին 2009 թվականի դեկտեմբերի 10-ի իր որոշման մեջ դատախազը ղեկավարվել է Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածով և ՔԴՕ 108-րդ հոդվածով: Դատարանը մատնանշում է, որ Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածը չի սահմանում որևէ ընթացակարգային կանոններ, որոնց պետք է հետևել այն դեպքում, երբ անձին կալանավորում են նախքան հանձնման մասին միջնորդության ստանալը: Իրականում Մինսկի կոնվենցիան հղում է տալիս ներպետական օրենքին՝ սահմանելով, որ հայցվող կողմը պետք է կիրառի իր ներպետական օրենսդրության դրույթները, երբ ի կատար է ածում իրավական օգնության մասին միջնորդությունը, այդ թվում՝ ձերբակալման մասին հատուկ խնդրանքը նախքան 61-րդ հոդվածում նշված հանձնման մասին միջնորդության ստանալը (տե՛ս վերը՝ « 79): Դրանից հետևում է, որ Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածը կալանավորման համար որպես իրավական հիմք կարող է ծառայել միայն փոխկապակցված ներպետական օրենսդրության դրույթների հետ, որոնք սահմանում են կալանավորման հիմքերն ու կարգը, ինչպես նաև ժամանակային սահմանափակումները (տե՛ս վերը՝ պարագրաֆ 88-ում նշված Սահմանադրական դատարանի որոշումը):
172. Դատարանը գտնում է, որ Ռուսաստանի օրենսդրությունը չի պարունակում որևէ հատուկ իրավական դրույթներ, որոնք սահմանում են կալանավորման կարգը նախքան հանձնման մասին միջնորդության ստանալը: Դիմողի գործում դատախազի կողմից նշվել է Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածը՝ փոխկապակցված ՔԴՕ 108-րդ հոդվածի հետ, որոնք կարգավորում են քրեական վարույթի ընթացքում կալանավորման կարգը (տե՛ս վերը` կետ 84): Դատարանը, այնուամենայնիվ, արդեն գտել է, որ ՔԴՕ 108-րդ հոդվածը չի կարող պատշաճ իրավական հիմք ծառայել այն հիմքով անհատին կալանավորելու մասին դատախազի հրամանի համար, որ նրա դեմ օտարերկրյա դատարանի կողմից կայացվել է ձերբակալման մասին որոշում (տե՛ս Dzhurayev v. Russia գործը, գանգատ թիվ 38124/07, կետեր 73 և 74, 2009 թվականի դեկտեմբերի 17, և Elmuratov v. Russia գործը, գանգատ թիվ 66317/09, կետեր 108 և 109, 2011 թվականի մարտի 3): Նախքան հանձնման մասին միջնորդության ստանալը դիմողին կալանավորելու դատախազին թույլտվություն տվող որևէ այլ ներպետական իրավական դրույթ ո՛չ Ռուսաստանի իշխանությունների կողմից ներպետական վարույթների ընթացքում ո՛չ Կառավարության կողմից չի մատնանշվել:
173. Դրանից հետևում է, որ 2009 թվականի դեկտեմբերի 9-ից 30-ը դիմողը գտնվել է իրավական վակումում, որը չէր կարգավորվում որևէ ներպետական իրավական դրույթով, որը հստակ կսահմաներ նախքան հանձնման մասին միջնորդության ստանալը նրա կալանավորման հիմքերը, ընթացակարգն ու ժամկետը:
174. Հետագայում, 2009 թվականի դեկտեմբերի 30-ին հանձնման մասին միջնորդությունը ստանալուց հետո դիմողի կալանավորումը սկսեց կարգավորվել ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասով: Դատարանը գտնում է, որ այս հոդվածը չի կարգավորում այն ընթացակարգը, թե ինչպես պետք է իրականացվի այն անձի կալանավորումը կամ երկարացվի կալանքի տակ պահելու ժամկետը, ում վերաբերյալ առկա է հանձնման մասին միջնորդություն: Այն չի սահմանում նաև նման կալանավորման ժամկետային սահմանափակումները:
175. Դատարանը հաշվի է առնում Կառավարության փաստարկը, որ ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է մեկնաբանել Սահմանադրական դատարանի 2007 թվականի մարտի 1-ի որոշման լույսի ներքո: Այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանը գտել է, որ հանձնմանը նախորդող կալանավորումը պետք է կիրառվի ՔԴՕ 13-րդ գլխով սահմանված ընթացակարգին ու ժամկետային սահմանափակումներին համապատասխան: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ այդ որոշումը վերաբերում է ՔԴՕ 466-րդ հոդվածի 1-ին մասին, որը կարգավորում է այն դեպքերը, երբ հանձնման մասին միջնորդությունը չի ուղեկցվում օտարերկրյա պետության դատարանի կողմից ընդունված ձերբակալման մասին որոշմամբ: Որոշումը չի պարունակում որևէ հետևություն, թե ինչ ընթացակարգ պետք է կիրառվի այն դեպքերում, երբ կիրառելի է ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասը, երբ հանձնման մասին միջնորդությանը կից ներկայացվում է ձերբակալման մասին որոշում, ինչպես տեղի է ունեցել դիմողի գործում (տե՛ս վերը՝ պարագրաֆ 89): Ի հակադրություն սրա` Սահմանադրական դատարանի մեկ այլ՝ 2009 թվականի մարտի 19-ի որոշումը, ավելի վերաբերելի է այս դեպքին, քանի որ այն հատկապես վերաբերում է ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասին: Այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանը գտավ, որ ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասը չի խախտում անձանց սահմանադրական իրավունքները, քանի որ այն չի սահմանում նախքան հանձնումն անձի կալանավորման հիմքերը կամ ընթացակարգը կամ նման կալանավորման ժամկետային սահմանափակումները: Սահմանադրական դատարանը չմեկնաբանեց, թե որ իրավական դրույթներն են կիրառվում ընթացակարգի ու ժամկետային սահմանափակումների նկատմամբ ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորվող իրավիճակներում (տե՛ս վերը՝ կետ 90):
176. Ուստի Դատարանը գտնում է, որ բացակայում է որևէ հստակ ներպետական իրավական դրույթ, որը կսահմաներ, թե ինչ պայմանների դեպքում, ինչ ժամկետներում և որ աստիճանի ու տարածքի դատախազի կողմից պետք է քննարկվի կալանավորման հարցը հանձնման մասին միջնորդությունը ստանալուց հետո:
177. ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասի անորոշությունը հստակ արտացոլված է այս գործի հանգամանքներում: Թեև հանձնման մասին միջնորդությունը ստացվել է 2009 թվականի դեկտեմբերի 30-ին, սակայն 2010 թվականի հունվարի 18-ին՝ 19 օր անց, դատախազը ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա թույլատրել է դիմողի կալանավորումը: Այդ ժամանակահատվածում դիմողն անտեղյակ է եղել իր կալանավորման հիմքերի ու ժամկետների մասին:
178. Բացի այդ, կարևոր է այն, որ կալանավորման մասին 2010 թվականի հունվարի 18-ի հրամանը հղում չի տալիս որևէ ներպետական իրավական դրույթի, որը կլինի ՔԴՕ 13-րդ գլխով կամ որևէ այլ ակտով նախատեսված նորմ, որը կհաստատեր այդ դատախազի իրավասությունը (Մոսկովյան-Ռյազինսկի տրանսպորտի դատախազ) թույլատրելու դիմողի կալանավորումը: Այդ հրամանը չի սահմանել նաև դիմողի կալանավորման ժամկետը կամ հղում չի տվել որևէ իրավական դրույթի, որը կսահմաներ նման ժամկետային սահմանափակում:
179. Դրանից հետևում է, որ 2009 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ը դիմողի կալանավորումը հիմնված է եղել ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, որը հստակ ընթացակարգային կանոնների բացակայության պատճառով, իր կիրառմամբ ո՛չ հստակ էր, ո՛չ կանխատեսելի:
180. Դատարանը հաշվի է առնում Ռուսաստանի Գերագույն դատարանի վերջին որոշումը, որը պաշտոնեական մեկնաբանություն է տվել նախքան հանձնումն անձի կալանավորումը կարգավորող Ռուսաստանի օրենսդրական նորմերին, այդ թվում՝ հանձնման մասին միջնորդությունը ստանալուն նախորդող կամ հաջորդող կալանավորումներին (տե՛ս վերը` պարագրաֆ 93): Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ այդ որոշումը հաստատվել է 2012 թվականի հունիսի 14-ին՝ դիմողին ազատ արձակելուց հետո շատ ուշ: Հետևաբար, այն չի կարող ազդել այն եզրակացության վրա, որ դիմողի կալանավորման ժամանակ նախքան հանձնումն անձի կալանավորումը կամ նման միջնորդությունը ստանալուց հետո անձի կալանավորման ժամկետի երկարացումը կարգավորող Ռուսաստանի օրենքներն իրենց կիրառության ընթացքում հստակ ու կանխատեսելի չեն եղել: Ամեն դեպքում այդ որոշումից հետևում է, որ դիմողի կալանավորումը պետք է տրվեր Ռուսաստանի դատարանի կողմից և ոչ թե դատախազի:
181. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ը դիմողը կալանավորվել է առանց որևէ իրավական հիմքի կամ նրա դրությունը կարգավորող հստակ կանոնների: Սա անհամատեղելի է իրավական որոշակիության ու կամայականությունից պաշտպանվելու սկզբունքների հետ, որոնք բնորոշ են ողջ Կոնվենցիային ու իրավունքի գերակայությանը (տե՛ս, mutatis mutandis, Yudayev v. Russia գործը, գանգատ թիվ 28358/95, կետ 56, ՄԻԵԴ 2000-III): Ազատությունից զրկելը, որին դիմողը ենթարկվել է այդ ժամանակահատվածում, կամայականությունից պատշաճ երաշխիքներով սահմանափակված չի եղել: Այդ ժամանակահատվածում Ռուսաստանի օրենսդրությունը չի համապատասխանել «օրենքի որակինե Կոնվենցիայով ներկայացվող չափանիշներին: Ազգային համակարգը դիմողին չի պաշտպանել կամայական կալանավորումից և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի նպատակներով այդ կալանավորումը չի կարող «օրինականե համարվել:
(ii) 2010 թվականի փետրվարի 8-ից մինչև 2011 թվականի հունիսի 9-ը դիմողի կալանավորման օրինականությունը
182. Ի տարբերություն Ռուսաստանին վերաբերող նախորդ գործերի (տե՛ս, մյուսների շարքում, վերոհիշյալ Dzhurayev-ի գործը, կետ 68)` 2010 թվականի փետրվարի 8-ից մինչև 2011 թվականի հունիսի 9-ը դիմողի կալանավորումը թույլատրվել է Ռուսաստանի դատարանի կողմից: Կալանավորման մասին որոշումները պարունակում էին ժամկետային սահմանափակումներ ՔԴՕ 109-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, որը Ռուսաստանի գերագույն դատարանի 2009 թվականի որոշումից հետո հանձնման մասին գործերով կալանավորման մասով կիրառելի նորմ է (տե՛ս վերը՝ կետ 92):
183. Ներպետական դատարաններին ու այս Դատարանին դիմողը չի ներկայացրել որևէ ծանրակշիռ փաստարկ, որը կփորձեր Դատարանին համոզել, որ նրա կալանավորումը խախտել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրինականության պահանջը: Ազգային իշխանությունների և հատկապես ներպետական դատարանների խնդիրն է մեկնաբանելու ներպետական օրենսդրությունը, այդ թվում՝ ընթացակարգային բնույթի կանոնները: Դատարանը չի գտնում, որ ներպետական դատարանները բարեխղճորեն չեն գործել, որ նրանք չարամտորեն սխալ են կիրառել համապատասխան ներպետական օրենսդրությունը կամ որ դիմողի կալանավորումն այդ ժամանակահատվածում անօրինական կամ կամայական է եղել:
(iii) Հանձնման նպատակով դիմողի կալանավորման տևողությունը
184. Անհրաժեշտ է պարզել, թե արդյոք դիմողի կալանավորման տևողությունը համատեղելի է եղել 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի պահանջների հետ, մասնավորապես՝ այն պահանջի հետ, որ հանձնման մասին վարույթները պետք է իրականացվեն պատշաճ ջանասիրությամբ:
185. Վիճարկվող ժամանակահատվածը տևել է 18 ամիս: Այն սկսել է հոսել 2009 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ դիմողը հանձնման նպատակով կալանավորվել է, և ավարտվել է 2011 թվականի հունիսի 9-ին, երբ նրան ազատ են արձակել: Ստորաշարադրյալ պատճառաբանությամբ Դատարանը գտնում է, որ այդ ժամանակահատվածը չի կարող դիտվել անհամաչափ:
186. Դատարանը գտնում է, որ 2009 թվականի դեկտեմբերի 9-ից, երբ դիմողը ձերբակալվեց, մինչև 2010 թվականի մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, երբ հանձնման մասին որոշումը կայացվեց, հանձնման մասին վարույթներն ընթացել են: Այս ժամանակահատվածի ընթացքում Գլխավոր դատախազությունն Ուզբեկստանի իր գործընկերներից ստացել է հանձնման մասին միջնորդություն և դիվանագիտական հավաստիացումներ, ԴՄԾ-ն հաստատել է, որ դիմողը չունի Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել են, որ Ուզբեկստանին հանձնելու խոչընդոտներ առկա չեն: Այնուհետև Դատարանը նկատում է, որ 2010 թվականի մայիսի 14-ից մինչև 2011 թվականի մարտի 14-ը հանձնման մասին որոշումը ստուգվել է երկու ատյանի դատարանների կողմից: Որևէ ապացույց չկա, որ հանձնման վարույթի ընթացքում հետաձգումներ են եղել:
187. Զուգահեռաբար 2009 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 24-ը դիմողի՝ փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին միջնորդությունն է քննարկվել ԴՄԾ-ի և հաջորդաբար 2 ատյանի դատարանների կողմից: Քանի որ այս վարույթների ելքը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ դիմողի հանձնման համար, Դատարանը հաշվի է առնելու այս վարույթների իրականացման կարգը որոշելու համար, թե արդյոք որևէ գործողություն ձեռնարկվել է «հանձնման նպատակով» (տե՛ս վերոհիշյալ Chahal-ի գործը, կետ 115): Դիմողը չի վիճարկել, որ այս վարույթները պատշաճ ջանասիրությամբ չեն կատարվել:
188. Վերջապես, ինչ վերաբերում է 2011 թվականի մարտի 14-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում դիմողի կալանավորմանը, ապա Դատարանը նկատում է, որ 2011 թվականի մարտի 14-ին հանձնման մասին հրամանի օրինականությունը հաստատվել է վերաքննիչ դատարանի կողմից: Չնայած հանձնման վերաբերյալ ներպետական վարույթներն այդ կերպ ավարտվել էին, սակայն դիմողը շարունակել էր կալանքի տակ մնալ ևս 2 ամիս ու 26 օր: Այս ժամանակահատվածի ընթացքում Կառավարությունը ձեռնպահ էր մնացել նրան հանձնելուց Դատարանի կողմից Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա կայացված պաշտպանության ժամանակավոր միջոցի կիրառման պատճառով: Ուստի հարց է ծագում, թե արդյոք հանձնման մասին վարույթները շարունակվել են 2011 թվականի մարտի 14-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում, որպեսզի արդարացվի դիմողի կալանավորումը հանձնման նպատակով:
189. Սա Դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքի պահանջն է, որ դիմողի կալանավորման այս ժամանակահատվածը պետք է սահմանազատվի նախորդ ժամանակահատվածից (տե՛ս վերոհիշյալ Chahal-ի գործը, կետ 114, Hanchi v. Bosnia and Herzegovina գործը, գանգատ թիվ 48205/09, կետեր 49-51, 2011 թվականի նոյեմբերի 15, և Al Husin v. Bosnia and Herzegovina գործը, գանգատ 3727/08, կետեր 67-69, 2012 թ. փետրվարի 7): Ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառման արդյունքում պատասխանող Կառավարությունը չի կարող դիմողին հանձնել Ուզբեկստանին` առանց խախտելու Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը: Այդ ժամանակահատվածի ընթացքում հանձնման վերաբերյալ վարույթները, թեև ժամանակավորապես կասեցվել էին Դատարանի խնդրանքի հիման վրա, սակայն 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի իմաստով, այնուհանդերձ, դեռ ընթացքում էին (տե՛ս համանման պատճառաբանությամբ Gebremedhin [Gaberamadhien] v. France գործը, գանգատ թիվ 25389/05, կետեր 73 և 74, ՄԻԵԴ 2007-V, վերոհիշյալ Al Hanchi-ի գործը, կետ 51 և Al Husin-ի գործը, կետ 69): Դատարանը նախկինում գտել էր, որ այն փաստը, որ հանձնման կամ արտաքսման վարույթները ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառման արդյունքում պայմանականորեն հետաձգվել են, ինքնին չի ենթադրում, որ շահագրգիռ անձի կալանավորումն անօրինական է. իշխանությունները կարող են արտաքսումն իրականացնել ավելի ուշ փուլում՝ պայմանով, որ կալանավորումն անհիմն չերկարացվի (տե՛ս Keshmiri v. Turkey (թիվ 2) գործը, գանգատ թիվ 22426/10, կետ 34, 2012 թվականի հունվարի 17, և S.P. v. Belgium (dec.) գործը, գանգատ թիվ 12572/08, 2011 թվականի հունիսի 14):
190. Դատարանը նկատում է, որ դիմողի նկատմամբ հանձնման մասին հրամանը մտել է ուժի մեջ, նա շարունակել է մոտ 3 ամիս կալանքի տակ մնալ: Այդ ժամանակահատվածը չի կարող համարվել անհիմն երկարացում (տե՛ս արտաքսմանը նախորդող՝ ազգային անվտանգությանը սպառնալու հիմքով կալանավորման վերաբերյալ վերոհիշյալ Al Hanchi-ի և Al Husin-ի գործերը, որոնցով Դատարանի կողմից կիրառված ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառմանը հաջորդող ժամանակահատվածում կալանավորումը, որը տևել էր համապատասխանաբար 1 տարի և 10 ամիս ու մոտ 11 ամիս, նույնպես համատեղելի էր եղել 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի հետ, ի տարբերություն վերոհիշյալ Քեշմիրի գործի, կետ 34, որտեղ ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառումից հետո դիմողի կալանավորումը տևել էր 1 տարի և 9 ամսից ավել և որի ընթացքում որևէ քայլ չէր ձեռնարկվել այլընտրանքային լուծումներ գտնելու համար): Վերաբերելի է նաև այն, որ, ինչպես վերը սահմանել է Դատարանը (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 182 և 183), այդ ժամանակահատվածի ընթացքում դիմողի կալանավորումը համապատասխանել է ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգին ու ժամանակային սահմանափակումներին և Ռուսաստանի օրենքով սահմանված կալանավորման առավելագույն ժամկետի ավարտից անմիջապես հետո դիմողն ազատ է արձակվել (տե՛ս նույն պատճառաբանությամբ վերոհիշյալ Gebremedhin-ի գործը, կետեր 74 և 75):
191. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը բավարարված է, որ ջանասիրության պահանջը սույն գործով կատարվել է և դիմողի կալանավորման ողջ տևողությունը անհամաչափ չի եղել:
(iv) Եզրակացություններ
192. Դատարանը գտնում է, որ դիմողի կալանավորումը 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ը հիմնված է եղել իրավական այնպիսի դրույթների վրա, որոնք չեն համապատասխանել «օրենքի որակինե ներկայացվող Կոնվենցիոն պահանջներին: Հետևաբար այդ ժամանակահատվածի կապակցությամբ եղել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի խախտում:
193. Բացի դրանից, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի խախտում չի եղել դիմողի՝ 2010 թվականի փետրվարի 8-ից 2011 թվականի հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կալանավորման օրինականության կամ հանձնման նպատակով դիմողի կալանավորման տևողության ու հանձնման վարույթների իրականացման իշխանությունների ջանասիրության կապակցությամբ:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
194. Դիմողը գանգատ է ներկայացրել, որ 2010 թվականի սեպտեմբերի 7-ի և դեկտեմբերի 8-ի կալանավորման հրամանների դեմ բողոքները «բավարար արագությամբ» չեն քննվել և արդյունավետ ընթացակարգ չի եղել, որի միջոցով նա կկարողանար 2011 թվականի հունվարի 20-ից հետո վիճարկել իր կալանավորումը: Նա հղում է տվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասին, որը սահմանում է հետևյալը.
«4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:
A. Ընդունելիությունը
195. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի իմաստով այս գանգատն ակնհայտ անհիմն չէ: Այն այնուհետև արձանագրում է, որ որևէ այլ հիմքով այն նույնպես անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է ճանաչել ընդունելի:
B. Գործի ըստ էության քննությունը
1. Դատական ստուգման արագությունը
196. Կառավարությունն ընդունել է, որ 2010 թվականի սեպտեմբերի 7-ի և դեկտեմբերի 8-ի կալանավորման հրամանների դեմ բողոքները «բավարար արագությամբ» չեն քննվել:
197. Դիմողը պնդել է իր պահանջը:
198. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը հռչակում է կալանավորման օրինականության վերաբերյալ արագ դատական ակտի իրավունքը և պահանջում է դրա դադարեցում, եթե ապացուցվում է դրա անօրինականությունը (տե՛ս վերոհիշյալ Baranowski-ի գործը, կետ 68): 5-րդ հոդվածի 4-րդ մասը չի պահանջում, որ Պայմանավորվող կողմերը կալանավորման օրինականության ստուգման համար հիմնեն երկրորդ ատյանի դատարաններ: Այնուամենայնիվ, եթե ներպետական օրենսդրությունն ապահովում է վերաքննություն, ապա վերաքննիչ մարմինը նույնպես պետք է համապատասխանի 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, օրինակ՝ վերանայման վարույթների արագության վերաբերյալ պահանջներին: Միևնույն ժամանակ «արագության» չափորոշիչն ավելի նվազ խստություն ունի, երբ այն կիրառվում է վերաքննիչ դատարանում (տե՛ս Lebedev v. Russia գործը, գանգատ թիվ 4493/04, կետ 96, 2007 թվականի հոկտեմբերի 25):
199. Թեև համապատասխան վարույթների ընթացքում օրերի քանակը միանշանակ կարևոր տարր է, սակայն ինքնին այն վճռորոշ նշանակություն չունի որոշելու համար, թե արդյոք որոշումը կայացվել է անհրաժեշտ արագությամբ (տե՛ս Merie v. the Netherlands (dec.) գործը, գանգատ թիվ 664/05, 2007 թվականի սեպտեմբերի 20): Պետք է հաշվի առնել իշխանությունների ջանասիրությունը, դիմողի պատճառով հետաձգումը և հետաձգման համար պատճառ հանդիսացող մյուս գործոնները, որոնց պատճառով Պետությունը չի կարող պատասխանատվություն կրել (տե՛ս Jablonski v. Poland գործը, գանգատ թիվ 33492/96, կետեր 91-94, 2000 թվականի դեկտեմբերի 21, և G.B. v. Switzerland գործը, գանգատ թիվ 27426/95, կետեր 34-39, 2000 թվականի նոյեմբերի 30): Հարցը, թե արդյոք արագ դատական որոշում կայացնելու իրավունքը հարգվել է, թե՝ ոչ, պետք է պարզել յուրաքանչյուր գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս Rehbock v. Slovenia գործը, գանգատ թիվ 29462/95, կետ 84, ՄԻԵԴ 2000-XII):
200. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանն արձանագրում է, որ 2010 թվականի սեպտեմբերի 7-ի կալանավորման հրամանի դեմ 2010 թվականի սեպտեմբերի 9-ին բերված բողոքը քննվել է 82 օր անց (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 28 և 29): 2010 թվականի դեկտեմբերի 8-ի կալանավորման հրամանի դեմ 2010 թվականի դեկտեմբերի 16-ին բերված բողոքը քննվել է 35 օր անց (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 30 և 31): Ոչինչ չի վկայում այն մասին, որ բողոքներ ներկայացնելով դիմողը դիտավորյալ հետաձգել է դրանց քննությունը:
201. Նկատի ունենալով Կառավարության կողմից խախտման հաստատումը՝ Դատարանը գտավ, որ այդ երկու ժամանակահատվածները չեն կարող համատեղելի լինել 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված «արագությանե»պահանջի հետ:
202. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում:
2. Կալանավորման վերանայում պահանջելու ենթադրյալ անհնարինությունը
(a) Կողմերի դիրքորոշումները
203. Կառավարությունը հայտնել է, որ դիմողը ՔԴՕ 108, 109 և 110 հոդվածների ներքո կարող էր դիմել կալանքից ազատվելու համար:
204. Դիմողը հայտնել է, որ իր տրամադրության ներքո չի եղել որևէ ընթացակարգ, որի միջոցով 2010 թվականի հունվարի 20-ից հետո հնարավոր կլիներ դատական կարգով ստուգելու նրա կալանավորման օրինականությունը և ազատ արձակվել: Դատարանն արդեն գտել է, որ ո՛չ ՔԴՕ 108-րդ հոդվածը, ո՛չ 109-րդ հոդվածը կալանավորին նրա կալանքի օրինականությունը ստուգելու համար վարույթ նախաձեռնելու իրավունք չի վերապահում: Հետևաբար նրանք չեն երաշխավորել նրա իրավունքը նախաձեռնելու վարույթներ, որոնց միջոցով դատարանի կողմից կարող էր ստուգվել նրա կալանքի օրինականությունը (տե՛ս վերոհիշյալ Nasrulloyev-ի գործը, կետ 88): Նույնը ճշմարիտ է նաև ՔԴՕ 110 հոդվածի համար, որի ձևակերպումը չի մատնանշում, որ վերանայման վարույթները կարող են հարուցվել նաև կալանավորի նախաձեռնությամբ: Ավելին, 110-րդ հոդվածը կիրառելի չէ դիմողի դրության նկատմամբ, քանի որ այն սահմանում է խափանման միջոցի փոփոխման կարգն այն գործերով, որոնցով կալանավորման համար հիմք հանդիսացած հանգամանքները փոխվել էին, որը դիմողի գործով տեղի չէր ունեցել:
205. Վերջապես, դիմողը հայտնել է, որ նա փորձել է բարձրացնել իր կալանավորման օրինականության հարցն իրեն հանձնելու մասին հրամանի օրինականության ստուգման ընթացքում՝ 2011 թվականի մարտի 14-ի դատական նիստի ընթացքում: Այնուհանդերձ նրա փաստարկները դատարանի կողմից չեն քննվել:
(b) Դատարանի գնահատականը
(i) Ընդհանուր սկզբունքներ
206. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ մասի նպատակը երաշխավորելն է, որ այն անձինք, ովքեր ձերբակալվել կամ կալանավորվել են, ունենան իրենց կալանքի կամ ձերբակալման օրինականությունը դատական կարգով ստուգելու իրավունք (տե՛ս, mutatis mutandis, De Wilde, Ooms and Versyp v. Belgium գործը, 1971 թվականի հունիսի 18, կետ 76, Ա Սերիա թիվ 12): Այդ միջոցն անձի համար պետք է մատչելի լինի նրա կալանավորման ընթացքում, որպեսզի անձն ազատ արձակվելու նպատակով հնարավորություն ունենա արագ ստուգել իր կալանավորման օրինականությունը: 5-րդ հոդվածի 4-րդ մասի ներքո «օրինականություն» հասկացությունն ունի նույն նշանակությունը, ինչ որ 1-ին մասում, ուստի կալանավորն օժտված է իր կալանավորման օրինականության ստուգման իրավունքով ոչ միայն ներպետական օրենսդրության, այլ նաև Կոնվենցիայի, մասնավորապես՝ դրանում արտացոլված ընդհանուր սկզբունքների և 5-րդ հոդվածի 1-ին մասով թույլատրվող սահմանափակումների լույսի ներքո (տե՛ս A. and Others v. the United Kingdom գործը [GC], գանգատ թիվ 3455/05, կետ 202, 2009 թվականի փետրվարի 19, հետագա հղումներով):
207. 5-րդ հոդվածի 4-րդ մասով պահանջվող միջոցի առկայությունը պետք է բավարար հստակ լինի ոչ միայն տեսականորեն, այլև պրակտիկորեն, որի բացակայությունը չի ապահովվի այդ դրույթով պահանջվող անհրաժեշտ մատչելիությունն ու արդյունավետությունը (տե՛ս, mutatis mutandis, Stoichkov v. Bulgaria գործը, գանգատ թիվ 9808/02, կետ 66 in fine, 2005 թվականի մարտի 24, և Vachev v. Bulgaria գործը, գանգատ թիվ 42987/98, կետ 71, ՄԻԵԴ 2004-VIII (քաղվածքներ)):
208. Եթե անձին ազատությունից զրկելու մասին որոշումը Դատարանի կողմից կայացվել է դատավարությունների ավարտման պահին, ապա 5-րդ հոդվածի 4-րդ մասով պահանջվող դատական վերանայումն ինկորպորացված է այդ որոշման մեջ: Դա այդպես է, օրինակ, եթե ազատազրկման դատապարտելը հայտարարվում է «Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ա) կետի իմաստով իրավասու դատարանի կողմից անձին մեղավոր ճանաչելուց հետո» կամ եթե թափառաշրջիկի կալանավորումը, նախատեսված 5-րդ հոդվածի 1-ին մասի (ե) կետով, թույլատրվում է 4-րդ մասի իմաստով «դատարանի« կողմից (տե՛ս վերը՝ վերոհիշյալ De Wilde, Ooms and Versyp գործը, կետ 76): Այնուամենայնիվ, ինչպես մատնանշվել էր հետագա վճիռներում, այս կանոնը կիրառվում է միայն անձին ազատությունից զրկելու սկզբնական որոշման վրա, այն չի ազդում կալանավորման ընթացիկ ժամանակահատվածի վրա, որի ընթացքում կարող են ծագել կալանավորման օրինականության վրա ազդող հանգամանքներ (տե՛ս Weeks v. the United Kingdom գործը, 1987 թվականի մարտի 2, կետ 56, Ա Սերիա թիվ 114): Դրանից հետևում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով դիմողն օժտված է այնպիսի «դատարանին» դիմելու իրավունքով, որն իրավասու է «արագությամբ» քննելու և որոշելու, թե արդյոք նրան ազատությունից զրկելը դարձել է «անօրինական« այն նոր հանգամանքների լույսի ներքո, որոնք հաջորդել են անձին կալանավորելու մասին սկզբնական որոշմանը (տե՛ս վերը՝ վերոհիշյալ Ismoilov and Others գործը, կետ 146):
209. 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող դատական ստուգման ձևերը կարող են խիստ տարբերվել մեկը մյուսից և կարող են կախված լինել ազատությունից զրկելու տեսակից: Դատարանի խնդիրը չէ որոշելու, թե այս ոլորտում որ համակարգն է ամենապատշաճը: Դա չի բացառում, որ դատարանի կողմից կալանավորման կանոնավոր վերանայման համակարգը կարող է երաշխավորել համապատասխանությունը 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին (տե՛ս Megyeri v. Germany գործը, 1992 թվականի մայիսի 12, կետ 22, Ա Սերիա թիվ 237-Ա, և Reinprecht v. Austria գործը, գանգատ թիվ 67175/01, կետ 33, ՄԻԵԴ 2005‑XII): Այնուամենայնիվ, եթե կալանավորման օրինականության դատական ստուգման մեխանիկական համակարգ է ներդրվել, ապա որոշումների միջև պետք է լինեն ողջամիտ ընդհատումներ (տե՛ս, ի թիվս այլ որոշումների, Herczegfalvy v. Austria գործը, 1992 թվականի սեպտեմբերի 24, կետեր 75 և 77, Ա Սերիա թիվ 244, և Blackstock v. the United Kingdom գործը, գանգատ թիվ 59512/00, կետ 42, 2005 թվականի հունիսի 21): 5-րդ հոդվածի 4-րդ մասով և Դատարանի նախադեպային իրավունքով պահանջվող պատշաճ արագությամբ դատական ստուգման կամ մեխանիկական վերանայման որոշումների միջև ողջամիտ ընդհատումների սահմանման իմաստն այն է, որ դիմողը չկրի կալանքի տակ մնալու ռիսկն այն բանից հետո, երբ նրան ազատությունից զրկելն այլևս արդարացված չի լինի (տե՛ս Shishkov v. Bulgaria գործը, գանգատ թիվ 38822/97, կետ 88, ՄԻԵԴ 2003‑I (քաղվածքներ), հետագա հղումներով):
(ii)Սույն գործի նկատմամբ կիրառությունը
210. Դատարանը նկատում է, որ թեև դիմողի կալանավորումն ի սկզբանե թույլատրվել էր դատախազի կողմից, սակայն երկարացվել էր ներպետական դատարանների կողմից երեքից վեց ամիս տևող ընդհատումներով: Ուստի դատավարությունները, որոնցով դիմողի կալանավորումը երկարացվում էր, պարունակում է դատական ստուգման պարբերական բնույթ: Կարևոր է նկատել, որ երկարացումների միջև եղած ընդհատումների ընթացքում դիմողն ունակ չի եղել դատարան միջնորդություն ներկայացնել ստուգելու իր կալանավորման օրինականությունը: Մասնավորապես, Դատարանն արդեն գտել է, որ ՔԴՕ 108-րդ, 109-րդ և 110-րդ հոդվածները, որոնց Կառավարությանը հղում է տվել, կալանավորին իրավունք չի վերապահում հարուցելու վարույթներ դատական կարգով ստուգելու իր կալանավորման օրինականությունը (տե՛ս վերը՝ վերոհիշյալ Nasrulloyev-ի գործը, կետ 88, Ismoilov and Others գործը, կետ 151 և Elmuratov-ի գործը, կետ 115): Սա ինքնին չի հակասում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասին, որը սահմանում է, որ կալանավորման պարբերական դատական ստուգումը պետք է տեղի ունենա ողջամիտ ընդհատումներով (տե՛ս վերը՝ 209-րդ պարագրաֆում նշված նախադեպային իրավունքը):
211. Դատարանն արձանագրում է, որ մինչև 2010 թվականի դեկտեմբեր դիմողի կալանավորման օրինականության դատական ստուգումները տեղ էին ունեցել յուրաքանչյուր երեք կամ չորս ամիսը մեկ: Դիմողը չի գանգատվել, որ այդ ժամանակահատվածի ընթացքում ընդհատումներն անողջամիտ երկար են եղել: Նրա գանգատի էությունն այն է, որ 2010 թվականի դեկտեմբերի 8-ից, երբ նրա կալանավորման ժամկետը երկարացվեց 6 ամսով, մինչև 2011 թվականի հունիսի 9-ը, երբ դատախազը կարգադրեց նրա ազատ արձակումը, դատական վերանայման որևէ ընթացակարգ չի եղել: Հետևաբար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք այդ 6 ամսվա ընթացքում դատարանի կողմից դիմողի կալանավորման օրինականության չստուգումն արդյոք համատեղելի է 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հետ:
212. Դատարանը գտնում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, թե պարբերական դատական վերանայման համատեքստում ինչը կարող է համարվել ողջամիտ ընդհատում, խիստ տարբեր են և կախված են ազատությունից զրկելու տեսակի հետ: Ուստի ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 1-ին մասի (ա) կետին համապատասխան իրավասու դատարանի կողմից դատապարտումից հետո անձի կալանավորմանը, ապա Դատարանը որպես «ողջամիտ» համարել է ընդհատումների միջև ընկած 1 տարուց պակաս ժամանակահատվածը և մերժել է 1 տարուց ավել ժամանակահատվածները (տե՛ս Oldham v. the United Kingdom գործը, գանգատ թիվ 36273/97, կետ 31, ՄԻԵԴ 2000‑X, Hirst v. the United Kingdom գործը, գանգատ թիվ 40787/98, կետ 39, 2001 թվականի հուլիսի 24 և վերոհիշյալ Blackstock-ի գործը, կետ 44): Նմանապես նույնը վերաբերում է նաև այն 5-րդ հոդվածի 1-ին մասի (ե) կետին համապատասխան իրավասու դատարանի կողմից հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչված, սակայն հոգեկան հիվանդության պատճառով քրեական պատասխանատվությունից ազատված անձանց կալանավորման օրինականության դատական ստուգման ընդհատումներին, որոնք եթե 1 տարուց պակաս են եղել, ապա Դատարանը դրանք «ողջամիտ» է համարել, իսկ ավելի երկար ժամանակով ընդհատումների դեպքում 5-րդ հոդվածի 4-րդ մասի նպատակների համար «ողջամիտ» չի համարել (տե՛ս վերոհիշյալ Herczegfalvy-ի գործը, կետ 77, Silva Rocha v. Portugal գործը, 1996 թվականի նոյեմբերի 15, կետ 31, Զեկույցներ 1996‑V, Magalhչes Pereira v. Portugal գործը, գանգատ թիվ 44872/98, կետեր 45-51, ՄԻԵԴ 2002‑I, և համեմատիր Magalhչes Pereira v. Portugal (թիվ 2) գործի հետ, գանգատ թիվ 15996/02, կետեր 27-33, 2005 թվականի դեկտեմբերի 20):
213. Ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետով նախատեսված մինչդատական կալանքին, ապա, ի հակադրություն, Դատարանը հայտարարեց, որ մինչդատական կալանքի բնույթը պահանջում է կարճ ընդհատումներ, քանի որ Կոնվենցիան ենթադրում է, որ նման կալանավորումն ուղղակիորեն ժամկետային սահմանափակում ունի (տե՛ս Bezicheri v. Italy գործը, 1989 թվականի հոկտեմբերի 25, կետ 21, Ա Սերիա թիվ 164, և Assenov and Others v. Bulgaria գործը, 1998 թվականի հոկտեմբերի 28, կետ 162, Զեկույցներ 1998‑VIII): Ուստի Դատարանը գտավ, որ մինչդատական կալանքի պարբերական վերանայման Ավստրիայի համակարգը, որը ընդհատումների միջև սահմանում է առավելագույնը 2 ամիս, համատեղելի է 5-րդ հոդվածի 4-րդ մասի հետ (տե՛ս վերոհիշյալ Reinprecht-ի գործը, կետեր 24 և 33): Մեկ այլ գործով 3 ամիս և 8 օր ժամկետը, որի ընթացքում դիմողը չէր կարողացել ստանալ իր կալանավորման օրինականության դատական ստուգում, Դատարանը գտավ, որ այդ ժամկետը «ողջամիտ» չէ (տե՛ս Jurjevs v. Latvia գործը, գանգատ թիվ 70923/01, կետեր 61-63, 2006 թվականի հունիսի 15):
214. Այժմ, անդրադառնալով 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի ներքո հանձնմանը կամ արտաքսմանը նախորդող կալանավորմանը, Դատարանը նկատում է, որ հանձնմանը կամ արտաքսմանը նախորդող կալանավորման օրինականության վրա ազդող գործոնները, ինչպես, օրինակ, հանձնման կամ արտաքսման վարույթների ընթացքին վերաբերող գործոնները և նման վարույթների ընթացքում իշխանությունների դրսևորած ջանասիրությունը կարող են ազդել ժամանակի տևողության վրա (տե՛ս Rahmani and Dineva v. Bulgaria գործը, գանգատ 20116/08, կետ 78, 2012 թվականի մայիսի 10): Հետևաբար այն եզրակացնում է, որ ստուգումների միջև կարճ ընդհատումներն անհրաժեշտ են հանձնմանը կամ արտաքսմանը նախորդող կալանավորման համար ի տարբերություն իրավասու դատարանի կողմից դատապարտումից հետո կալանավորմանը և հոգեկան խանգարում ունեցող անձանց կալանավորմանը: Իսկապես, կալանավորման օրինականության վրա ազդող գործոնները հավանաբար ավելի արագ են զարգանում այն իրավիճակներում, որտեղ վարույթները շարունակվում են (ինչպես օրինակ՝ հանձնման նպատակով կալանավորման վերաբերյալ գործերով), քան այն իրավիճակներում, որտեղ վարույթներն ավարտվել են բոլոր վերաբերելի հանգամանքների հաստատումից հետո (ինչպես օրինակ այն գործերով, որոնցով հայտարարվել է իրավասու դատարանի կողմից անձի դատապարտման կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին): Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հանձնման գործերով կալանավորման օրինականության դատական ստուգման 5-րդ հոդվածի 4-րդ մասով պահանջվող սահմանափակ շրջանակը, որը, օրինակ, չի տարածվում այն հարցի վրա, թե արդյոք կալանավորումն «անհրաժեշտ» է հանցանքը կամ անձի փախուստը կանխելու համար, չի պահանջվում, որ ստուգումը լինի այնքան հաճախ, որքան հաճախ լինում է 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետի ներքո ազատությունից զրկելու գործերով (տե՛ս Taylor v. Estonia dec.) գործը, գանգատ 37038/09, կետեր 53 և 55, 2012 թվականի հունիսի 26): Ուստի Ռուսաստանի դեմ 2 վերջին գործերով Դատարանը գտավ, որ կալանավորման պարբերական դատական ստուգումների միջև ընկած 2-ից 4 ամիս տատանվող ընդհատումները համատեղելի են 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հետ (տե՛ս Soliyev v. Russia գործը, գանգատ թիվ 62400/10, կետեր 57-62, 2012 թվականի հունիսի 5 և Khodzhamberdiyev v. Russia գործը, գանգատ թիվ 64809/10, կետեր 108-114, 2012 թվականի հունիսի 5):
215. Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ դա իր խնդիրը չէ որոշելու ստուգումների միջև առավելագույն որ ժամկետն է, որ պետք է կիրառվի կոնկրետ կատեգորիայի կալանավորների նկատմամբ: Յուրաքանչյուր գործի հանգամանքների լույսի ներքո անհրաժեշտ է որոշել, թե որ ժամանակահատվածն է համապատասխանում այդ պահանջին՝ հաշվի առնելով 5-րդ հոդվածի 3-րդ մասով և 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ողջամիտ ժամկետի չափորոշիչները (տե՛ս Sanchez-Reisse v. Switzerland գործը, գանգատ 1986 թվականի հոկտեմբերի 21, կետ 55, Ա Սերիա թիվ 107, և վերոհիշյալ Oldham-ի գործը, կետ 31): Մասնավորապես, Դատարանը պետք է քննարկի, թե արդյոք դատական ստուգումների այդ ընդհատումների ընթացքում ծագած որևէ նոր գործոն առանց ողջամիտ հետաձգման գնահատվել է այնպիսի դատարանի կողմից, ով իրավասություն ունի որոշելու, թե արդյոք այդ նոր գործոնների լույսի ներքո կալանավորումը դարձել է անօրինական, թե՝ ոչ (տե՛ս վերը՝ պարագրաֆ 208 նշված նախադեպային իրավունքը):
216. Վերադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ 2010 թվականի դեկտեմբերի 8-ին Քաղաքային դատարանը 6 ամսով երկարացրել է դիմողի կալանավորման ժամկետն այն հիմքով, որ հանձնման մասին վարույթները դեռևս շարունակվում են: 3 ամիս անց՝ 2011 թվականի մարտի 14-ին, հանձնման մասին որոշումը թողնվել է անփոփոխ և ներպետական վարույթներն այդ կերպ ավարտվել են: Քանի որ Դատարանի կողմից Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի ներքո տրված հանձնարարականի պատճառով դիմողը չէր կարող հանձնվել, հանձնման որոշման ի կատար ածմանն ուղղված բոլոր պատրաստությունները հետաձգվել էին անորոշ ժամկետով: Դատարանը կարծում է, որ այն պարունակում է նոր վերաբերելի գործոն, որը կարող է ազդել և արդարացնել դիմողի շարունակական կալանավորումը: Հետևաբար դիմողը 5-րդ հոդվածի 4-րդ մասի ներքո իրավասու է եղել պահանջելու, որ առանց ողջամիտ հետաձգման դատարանը գնահատվի դատարանի կողմից: Այնուամենայնիվ, դա տեղի չի ունեցել մինչև 2011 թվականի հունիսի 9-ը՝ 3 ամիս անց, երբ դիմողի կալանավորման օրինականությունը վերանայվել է և նա ազատ է արձակվել: Դատարանը կարծում է, որ կալանավորման օրինականության վրա ազդող նման նոր գործոնի գնահատման այդքան երկար հետաձգումը «ողջամիտ չէ»:
217. Հաշվի առնելով վերոգրյալ դիտարկումները՝ Դատարանը գտնում է, որ դիմողի գործով պարբերական դատական ստուգումների մեխանիկական համակարգի արդյունավետությունը խաթարվել է այն հանգամանքով, որ ստուգումների ընդհատումների ընթացքում ծագած և կալանավորման օրինականության վրա ազդելու ունակություն ունեցող նոր վերաբերելի գործոնը դատարանի կողմից գնահատվել է անողջամիտ երկար ուշացումով: Նման հանգամանքներում Դատարանը չի կարող, սակայն գտնում է, որ դիմողի կալանավորման օրինականության դատական ստուգումները ողջամիտ ընդհատումներով չեն եղել:
218. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
219. Դիմողը գանգատ է ներկայացրել, որ Դատարանի կողմից 39-րդ կանոնի ներքո սահմանված ժամանակավոր պաշտպանության միջոցի խախտմամբ իրեն Տաջիկստան գաղտնի տեղափոխելը խախտել է անհատական գանգատ ներկայացնելու իր իրավունքը: Նա հղում է տվել Կոնվենցիայի 34-րդ հոդվածին, որը սահմանում է հետևյալը.
«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը»:
220. Կառավարությունը վիճարկել է այս փաստարկը՝ հերքելով դիմողին Տաջիկստան տեղափոխելու հարցում իշխանությունների ներգրավվածությունը: Նրանք հայտնել են նաև, որ իրենց իրավասության մեջ չէ երաշխավորելու դիմողի վերադարձը Ռուսաստան: Որևէ իրավական հիմք չկա Տաջիկստանից նրա հանձնումը պահանջելու համար, քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի չէ և Ռուսաստանում որևէ հանցանք չի կատարել: Ներպետական կամ միջազգային իրավունքում որևէ այլ ընթացակարգ չկա, որը Ռուսաստանի իշխանություններին կթույլատրեր միջնորդել, որ Տաջիկստանի իշխանությունները դիմողին վերադարձնեն Ռուսաստան:
221. Դիմողը հայտնել է, որ, չնայած Դատարանի կողմից 39-րդ կանոնի ներքո սահմանված ժամանակավոր պաշտպանության միջոցի, իր առևանգումն ու Տաջիկստան տեղափոխումը խոչընդոտել է անհատական գանգատ ներկայացնելու իր իրավունքի արդյունավետ իրականացումը: Տաջիկստանից իր հանձնվելու վտանգը շատ հավանական է, քանի որ Տաջիկստանի դատարանի կողմից ընդունված կալանավորման մասին որոշումից հետևում է, որ նա կալանավորվել է Ուզբեկստանին հանձնելու նպատակով (տե՛ս վերը` պարագրաֆ 61): Դիմողը հայտնել է, որ նման վտանգն առկա է նույնիսկ իրեն ազատ արձակելուց հետո: Նա չի տեղեկացվել իրեն ազատ արձակելու պատճառների մասին և արդյունքում նախազգուշացվել է, որ Տաջիկստանի իշխանությունների կողմից կրկին հետախուզվում է:
222. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ուժով Պայմանավորվող կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողությունից կամ անգործությունից, որը կարող է խոչընդոտել անհատների՝ անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրականացմանը: Այդ իրավունքի արդյունավետությունը կխախտվի, եթե պատասխանող պետությունը չկատարի ժամանակավոր պաշտպանության միջոցի պահանջները (տե՛ս վերոհիշյալ Mamatkulov and Askarov գործը, կետեր 102 և 125):
223. Այնպիսի գործերով, ինչպիսին այս գործն է, որտեղ հաստատվել է դիմողի՝ Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքին անդառնալի վնաս պատճառելու ռիսկը, ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառման նպատակը ստատուս քվոյի պահպանումն է: Նպատակ ունենալով երաշխավորելու խնդրի շարունակական առկայությունը, որը գանգատի առարկան է, պաշտպանության ժամանակավոր միջոցը դառնում է Կոնվենցիոն գանգատի նյութական հիմքը (տե՛ս վերոհիշյալ Mamatkulov and Askarov գործը, կետ 108, Shamayev and Others գործը, կետ 473, և Aoulmi v. France գործը, գանգատ թիվ 50278/99, կետ 103, ՄԻԵԴ 2006-I (քաղվածքներ)):
224. Ուստի ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառման վերաբերյալ Դատարանի կողմից տրված ցուցումը ոչ միայն թույլ է տալիս իրականացնելու գանգատի արդյունավետ քննություն, այլև երաշխավորում է, որ Կոնվենցիայով դիմողին տրված պաշտպանությունն արդյունավետ է. նման ցուցումները Նախարարների կոմիտեին թույլատրում են վերահսկել վերջնական վճիռների կատարումը: Նման միջոցները շահագրգիռ Պետությանը հնարավորություն են տալիս ի կատար ածելու Դատարանի վերջնական որոշմամբ իր վրա դրված պարտավորությունը, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ուժով իրավական առումով պարտադիր է (տե՛ս վերոհիշյալ Mamatkulov and Askarov գործը, կետ 125, Shamayev-ի գործը, կետ 473, և Aoulmi-ի գործը, կետ 108):
225. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պայմանավորվող պետության կողմից ժամանակավոր պաշտպանության միջոցի չկիրառումը պետք է դիտարկել որպես Դատարանին խոչընդոտում արդյունավետորեն քննելու դիմողի գանգատը և արդյունավետորեն իրականացնելու անհատական գանգատ ներկայացնելու իր իրավունքը, ինչպես նաև Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում (տե՛ս վերոհիշյալ Mamatkulov and Askarov գործը, կետ 128):
226. Վերադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ 2011 թվականի մարտի 8-ին նա Ռուսաստանի Կառավարությանը Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի ներքո ցուցում է տվել, որ դիմողը չպետք է հանձնվի Ուզբեկստանին մինչև հետագա ծանուցումը (տե՛ս վերը՝ պարագրաֆ 4): 5 ամիս անց նա տեղափոխվել է Տաջիկստան: Ռուսաստանի իշխանությունները պատասխանատու են այս փոխանցման համար, ինչպես սահմանված է վերը՝ պարագրաֆ 127-ում: Հետևաբար Դատարանը պետք է սահմանի, թե արդյոք Ռուսաստանը կատարել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո իր ստանձնած պարտականությունը` հետևելու Դատարանի կողմից սահմանված ժամանակավոր պաշտպանության միջոցին:
227. Դատարանը գտնում է, որ որոշ դեպքերում դիմողի կամքին հակառակ նրան մեկ այլ ուրիշ պետություն փոխանցելը, որտեղ նա կարող է հանդիպել այնպիսի պետություն փոխանցվելու վտանգի, որտեղ նրան սպառնում է վատ վերաբերմունք, կարող է համարվել որպես ժամանակավոր պաշտպանության այդ միջոցին հետևելու պարտավորության խախտում: Եթե այդպես չլիներ, ապա Պայմանավորվող կողմերն ունակ կլինեին դիմողին փոխանցելու այնպիսի 3-րդ պետության, որը Կոնվենցիայի կողմ չէ և որտեղից նա կարող է փոխանցվել իր ծագման վայրի պետություն՝ այդ կերպ շրջանցելով ժամանակավոր պաշտպանության միջոցն ու դիմողին զրկելով Կոնվենցիոն արդյունավետ պաշտպանությունից:
228. Սույն գործում դիմողը փոխանցվել է Տաջիկստանին և ոչ թե Ուզբեկստանին: Այնուհանդերձ փաստն այն է, որ դիմողին Տաջիկստանին փոխանցելով` Դատարանը զրկվել է դիմողին ապահովելու Կոնվենցիոն իրավունքների պրակտիկ ու արդյունավետ պաշտպանություն:
229. Դիմողի փոխանցումն այնպիսի պետության, որը Կոնվենցիայի կողմ չէ, նրան հեռացնում է Կոնվենցիոն պաշտպանությունից և խեղաթյուրում է ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառման նպատակը, որը գանգատի քննարկման համար ստատուս քվոյի պահպանումն է ու վերջնական որոշման արդյունավետ ի կատար ածումը:
230. Ըստ Կառավարության՝ իրենց իշխանության մեջ չէ երաշխավորելու դիմողի վերադարձը Ռուսաստան (տե՛ս վերը՝ պարագրաֆ 220): Հետևաբար դիմողը պետք է մնա Տաջիկստանի իշխանությունների հսկողության ներքո, ովքեր սահմանափակված չեն Կոնվենցիայով և պարտավորություն չունեն հետևելու Դատարանի որոշմանը: Նման հանգամանքներում Դատարանի հետևությունը, որ դիմողն Ուզբեկստանում հանդիպելու է վատ վերաբերմունքի ենթարկվելու լուրջ վտանգի (տե՛ս վերը՝ պարագրաֆ 151), չի կարող այնտեղ պաշտպանել նրան հայրենիք վերադառնալուց:
231. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմողի փոխանցումը Տաջիկստան նրան խոչընդոտում է դիմողի համար երաշխավորելու արդյունավետ Կոնվենցիոն պաշտպանություն և հետևաբար արգելում է անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրականացումը: Համապատասխանաբար, դիմողին Տաջիկստանին փոխանցելով, Ռուսաստանը չի գործել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի ներքո կիրառված ժամանակավոր պաշտպանության միջոցին համապատասխան՝ խախտելով Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո ստանձնած իր պարտավորությունը:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
232 Վերջապես, Դատարանը քննել է դիմողի կողմից ներկայացված մյուս գանգատները և, հաշվի առնելով իր տրամադրության ներքո գտնվող բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ գանգատները գտնվում են Դատարանի իրավասության ներքո, այն գտնում է, որ դրանք չեն բացահայտում Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով ամրագրված իրավունքների կամ ազատությունների խախտումներ: Դրանից հետևում է, որ գանգատի այս մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետին ու 4-րդ մասին համապատասխան պետք է մերժել ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
233. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
234. Դիմողը հայցել է 30000 եվրո ոչ-նյութական վնասի համար:
235. Կառավարությունը չի մեկնաբանել:
236. Դատարանը գտնում է, որ այս գործով արձանագրել է ծանր խախտումների համակցություն: Արդարացի հիմքով գնահատելով այն դիմողին տրամադրում է 30000 եվրո ոչ-նյութական վնասի համար` գումարած ցանկացած հարկ, որը կարող է կիրառվել այդ գումարի նկատմամբ:
B. Ծախսեր և ծախքեր
237. Հիմնվելով իրավաբանների ժամանակացույցի վրա` դիմողը հայցել է 7800 եվրո կրած դատական ծախսերի համար, ներառյալ` Դատարանում և ներպետական դատավարություններում: Նա նաև պահանջել է 546 եվրո փոստային ծախքերի համար:
238. Կառավարությունը վիճարկել է, որ չի հիմնավորվել, որ իրավաբանների ծախսերն ու մյուս ծախքերը փաստացի վճարվել էին կամ կատարվել էին:
239. Ըստ Դատարանի նախադեպային իրավունքի` դիմողն ունի կատարած ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այն դեպքում, երբ նա հիմնավորում է, որ դրանք փաստացի կատարվել են ու անհրաժեշտ, ինչպես նաև` գումարը ողջամիտ է եղել: Դիմողը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը կհաստատեր փոստային ծախքերը: Հետևաբար Դատարանն այս մասով մերժում է հայցը:
240. Ինչ վերաբերում է դատական ծախսերին, ապա, հաշվի առնելով տիրապետության ներքո գտնվող փաստաթղթերն ու վերոհիշյալ չափանիշները (տե՛ս Fadeyeva v. Russia գործը, գանգատ թիվ 55723/00, կետ 147, ՄԻԵԴ 2005‑IV), Դատարանը կարծում է, որ ողջամիտ է 7800 եվրո դիմողին տրամադրելը, որը պետք է փոխանցել ներկայացուցիչների բանկային հաշվին:
C. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
241. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի վրա` հավելած երեք հարյուրերորդական տոկոս:
VIII. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ 39-ՐԴ ԿԱՆՈՆԸ
242. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն վճիռը վերջնական չի կարող ուժի մեջ մտնել, մասնավորապես` (ա) եթե կողմերը հայտնեն, որ միջնորդում են գործը փոխանցել Մեծ Պալատին, կամ (բ) վճիռը կայացնելուց հետո երեք ամիս անց, եթե գործը Մեծ Պալատին փոխանցելու միջնորդություն չլինի, կամ (գ) եթե Մեծ պալատի կազմը մերժի ներկայացված ցանկացած միջնորդություն` հղում տալով Կոնվենցիայի 43-րդ հոդվածին:
243. Դատարանը նկատում է, որ դիմողը ներկայումս թաքնվում է Տաջիկստանում, երբ Ռուսաստանի իշխանությունների գիտությամբ ու ներգրավվածությամբ իր կամքին հակառակ տեղափոխվել է այնտեղ (տե՛ս վերը` պարագրաֆ 127): Հետևաբար այլևս Ռուսաստանի իշխանությունների իրավասության մեջ չէ նրա հանձնումն Ուզբեկստանին: Այնուամենայնիվ, նկատի ունենալով այն, որ դիմողը կարող է վերադառնալ Ռուսաստան և հաշվի առնելով այն հետևությունը, որ Ուզբեկստանում նրան կարող է սպառնալ խոշտանգման կամ անմարդկային կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգը, Դատարանը (տե՛ս վերը` պարագրաֆ 151) գտնում է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի ներքո Կառավարությանն արված ցուցումը շարունակում է գործել մինչև սույն վճռի ուժի մեջ մտնելը կամ մինչև հետագա կարգադրությունը:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է, որ Ուզբեկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի և արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայության, հանձնմանը նախորդող կալանավորման օրինականության և տևողության ու նրա կալանավորման դատական ստուգման բացթողումների մասով գանգատն ընդունելի է, իսկ գանգատի մնացած մասը` անընդունելի:
2. Վճռում է, որ դիմողի կողմից Ռուսաստան վերադառնալու դեպքում նրան Ուզբեկստանին հանձնելը կհանգեցնի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:
3. Վճռում է, որ դիմողին Տաջիկստան փոխադրելու մասով եղել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
4. Վճռում է, որ եղել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի խախտում 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում դիմողի կալանավորման մասով:
5. Վճռում է, որ կալանավորման մնացած ժամանակահատվածի մասով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի խախտում չի եղել:
6. Վճռում է, որ կալանավորման մասին 2010 թվականի սեպտեմբերի 7-ի և դեկտեմբերի 8-ի հրամանների դեմ դիմողի կողմից բերված բողոքների քննության տևողության մասով եղել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում:
7. Վճռում է, որ 2010 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2011 թվականի հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իր կալանավորման դատական ստուգման հնարավորության բացակայության մասով եղել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում:
8. Վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո գանգատը քննելու անհրաժեշտություն չկա:
9. Վճռում է, որ պատասխանող պետությունը չի կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո ստանձնած իր պարտավորությունները:
10. Վճռում է,
(a) Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով սույն վճռի ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում պատասխանող պետությունը դիմողին պետք է վճարի հետևյալ գումարները, մասնավորապես.
(i) 30000 եվրո (երեսուն հազար)` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ-նյութական վնասի համար,
(ii) 7800 եվրո (յոթ հազար ութ հարյուր)` կրած ծախսերի ու ծախքերի համար` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել դիմողից, որը պետք է վճարման օրվա դրության փոխարժեքով կոնվերտացիա արվի պատասխանող պետության արժույթի և փոխանցվի ներկայացուցիչների բանկային հաշվին.
(b) որ վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեքհարյուրերորդական տոկոս:
11. Մերժում է արդարացի փոխհատուցման մասին դիմողի հայցի մնացած մասը:
12. Վճռում է շարունակել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի ներքո Կառավարությանն արված ցուցումը դիմողի կողմից Ռուսաստան վերադառնալու դեպքում և սույն վարույթի պատշաճ ընթացքի ապահովման շահերից է նրան չհանձնելը մինչև սույն վճիռը չմտնի ուժի մեջ կամ մինչև հետագայում նոր կարգադրություն չլինի:
Կատարված է անգլերեն և գրավոր ծանուցված է 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
Սորեն Նիելսեն
Քարտուղար
Նինա Վաժիչ
Նախագահ