Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության... իրավունք...

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: ...»:

Ա. Ընդունելիությունը

76. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Մասնավորապես, եթե դիմումատուները համարել են, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված իրենց իրավունքների խախտում, ապա նրանք իրավունք ունեին պատասխանատու անձանց նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջ ներկայացնելու:

77. Այս առումով դիմումատուները որևէ մեկնաբանություն չեն արել:

78. Դատարանն անհրաժեշտ է համարում միացնել այս առարկությունը բողոքի ըստ էության քննությանը:

79. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուները

80. Դիմումատուները նշել են, որ իրենց ձերբակալությունները և կալանքը նպատակ էին հետապնդում լռեցնելու իրենց քաղաքական ընդդիմությունը, որն իրենք արտահայտում էին, inter alia (ի թիվս այլնի), քաղաքական հանրահավաքներին մասնակցելու միջոցով: Հայտնի էր, որ նրանք քաղաքական կուսակցությունների անդամներ էին, և 2004 թվականի մարտի վերջին և ապրիլի սկզբին ենթադրյալ վարչական իրավախախտումների համար նրանց կալանավորելու ժամանակահատվածի ընտրությունը նպատակ էր հետապնդում կանխելու, և իրոք կանխվեց, այդ ժամանակ կազմակերպված իրենց կուսակցությունների կողմից հրապարակային ցույցերին նրանց մասնակցությունը և այդ ցույցերին այլոց մասնակցության խրախուսումը, հանրաքվե անցկացնելու կոչեր անելը և գործող նախագահին անվստահություն հայտնելը: Սա միջամտություն էր իրենց՝ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքներին:

81. Դիմումատուներն այնուհետև նշել են, որ իրենց իրավունքներին միջամտությունը սահմանված չէր օրենքով: Մասնավորապես, ընդդիմադիր քաղաքական դաշտում ակտիվ մասնակիցների ձերբակալումը և կալանքը՝ ոստիկանության կարգադրություններին չենթարկվելու հետ կապված վարչական իրավախախտում կատարելու պատրվակով, սակայն իրականում ընդդիմության կազմակերպած երթերին մասնակցությունը կանխելու համար, չէր կարող դիտվել օրենքով սահմանված միջոց: Ավելին, միջամտությունը իրավաչափ նպատակ չէր հետապնդում, քանի որ այդ վարչական կալանքի նպատակն անկարգությունները կանխելը չէր, այլ գործող նախագահին փոխելու ընդդիմության կոչերին խոչընդոտելն էր: Ընդդիմության անցկացրած նախկին ցույցերի ժամանակ հասարակական կարգը խախտելու որևէ դեպք չէր գրանցվել, և որևէ արգելք չկար 2004 թվականի ապրիլին անցկացված ցույցերի համար, որոնք ընդհանուր առմամբ խաղաղ ցույցեր էին: Այսպիսով, նրանց կալանքը սոսկ պատրվակ էր ընդդիմության խաղաղ բողոքի ակցիաների արշավին անօրինական միջամտություն ցուցաբերելու համար:

82. Դիմումատուներն ի վերջո նշել են, որ խաղաղ քաղաքական ցույցերին մասնակցությունը կանխելու համար ընդդիմադիր ակտիվիստների և նրանց աջակիցների զանգվածային ձերբակալությունները չեն կարող համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»: Քաղաքական բանավեճի և խաղաղ հավաքների ազատությունն առանցքային է ժողովրդավարական հասարակությունում: Հաշվի առնելով նախկինում և 2004 թվականի ապրիլին տեղի ունեցած ցույցերի խաղաղ բնույթը՝ իշխանությունները չեն կարող համոզիչ ձևով հիմնավորել, որ նրանց ձերբակալելու և հետևաբար վարչական կալանքի ենթարկելու համար եղել է «խիստ հանրային անհրաժեշտություն»: Բացի այդ, միջամտությունը համաչափ չի եղել, քանի որ իրենք երկու անգամ դատապարտվել են այդ ժամանակ նախատեսված ամենախիստ պատժով, որն այդ ժամանակ վարչական կալանքն էր: Ավելին, իրենց կալանքը եղել է նախնական արգելք, քանի որ այն կիրառվել է քաղաքական ցույցերին իրենց մասնակցությունը կանխելու համար: Այսպիսով, կարելի է ասել, որ կալանքը եղել է զսպող գործոն, քանի որ այն ուներ այդ ցույցերին ընդդիմության այլ աջակիցների մասնակցությունը կամ ընդդիմության քաղաքականության դաշտում իսկապես ակտիվ ներգրավվածությունը զսպելու լուրջ հնարավորություն:

83. Ի հաստատումն իրենց պնդումների՝ դիմումատուները հղում են կատարում «Հյուման Րայթս Ուոթչ» կազմակերպության զեկույցին: Նրանք նաև ներկայացրել են «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահի և «Հանրապետություն» կուսակցության նախագահի՝ Դատարանին հասցեագրված նամակները, որտեղ նշված է, որ դիմումատուներն իրենց կուսակցությունների անդամներ են և ակտիվորեն մասնակցել են ընդդիմության կազմակերպած ցույցերին: Նամակներում այնուհետև նշվում էր, որ դիմումատուները 2004 թվականի ապրիլ և մարտ ամիսներին ենթարկվել են վարչական կալանքի իրենց քաղաքական հայացքների համար և իրենց առաջին պատժի ժամկետը լրանալուց հետո երբևէ ազատ չեն արձակվել:

բ) Կառավարությունը

84. Կառավարությունը նշել է, որ դիմումատուների ձերբակալման, այնուհետև կալանավորման միակ պատճառը նրանց նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերում նշված պատճառներն են: Երեք դիմումատուներն էլ վարչական կալանքի են ենթարկվել զազրախոսելու և ոստիկանների օրինական կարգադրություններին չենթարկվելու համար: Այս պատճառներն են նշվել դատարանի համապատասխան որոշումներում, որոնք հիմնված են եղել ոստիկանության կողմից ներկայացված ապացույցների վրա: Դիմումատուները չեն ապացուցել 10-րդ և 11-րդ հոդվածների հետ կապված իրենց պնդումները «ողջամիտ կասկածից վեր» չափանիշին համապատասխան: Այն փաստը, որ դիմումատուները քաղաքական կուսակցությունների անդամներ են, բավարար չէ պնդելու համար, որ դիմումատուների իրավունքներին ենթադրյալ միջամտությունն ունեցել է քաղաքական դրդապատճառներ: Դիմումատուների նկատմամբ ցուցաբերվել է նույն վերաբերմունքը, ինչ նույն իրավիճակում հայտնված ցանկացած այլ անձի՝ անկախ քաղաքական և այլ հայացքներից:

2. Դատարանի գնահատականը

ա) Դիմումատուների բողոքների շրջանակը

85. Դատարանը նշել է, որ դիմումատուների՝ 10-րդ և 11-րդ հոդվածների մասով բողոքների հիմքում հիմնականում ընկած է այն պնդումը, որ վարչական կալանքը ցույցերին նրանց մասնակցությունը կանխելու միջոց է եղել: Նման հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտարկվի lex generalis (ընդհանուր օրենք) 11-րդ հոդվածի նկատմամբ՝ lex specialis (հատուկ օրենք): Հետևաբար չկա 10-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքն առանձին քննելու անհրաժեշտություն (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի [Ezelin v. France], 1991 թվականի ապրիլի 26, § 35, շարք Ա թիվ 202):

86. Մյուս կողմից, չնայած իր ինքնուրույն դերին և կիրառության հատուկ ոլորտին, 11-րդ հոդվածը սույն գործում պետք է դիտարկվի 10-րդ հոդվածի լույսի ներքո: 10-րդ հոդվածով երաշխավորված անձնական կարծիքի պաշտպանությունը 11-րդ հոդվածով նախատեսված խաղաղ հավաքների ազատության նպատակներից մեկն է (նույն տեղում, § 37):

բ) Արդյո՞ք եղել է միջամտություն դիմումատուների՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը

87. Դատարանը նշում է, որ կողմերը վիճարկում են այն հարցը, թե արդյոք դիմումատուների՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն եղել է, թե՝ ոչ: Դիմումատուները պնդել են, որ իրենց դատապարտման իրական պատճառը եղել է ընդդիմության ցույցերին իրենց մասնակցությունը խոչընդոտելը: Կառավարությունը վիճարկել է այդ պնդումը և հայտարարել է, որ դիմումատուների դատապարտման միակ հիմքը դատարանի համապատասխան որոշումներում նշված հիմքերն են, այն է՝ ցույցերի հետ չկապված հանգամանքներում ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին չենթարկվելը:

88. Դատարանը նշում է, որ ըստ էության կողմերը վիճարկում են դատապարտման համար սահմանված փաստական հիմքերը: Այս առումով Դատարանը բազմիցս նշել է, որ այն զգայուն է իր դերի երկրորդական բնույթի նկատմամբ և ընդունում է, որ պետք է զգույշ լինել առաջին ատյանի դատարանի դերը ստանձնելիս, եթե դա անխուսափելի չէ տվյալ գործի հանգամանքներում (Մաքքերն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [McKerr v. the United Kingdom (dec.)], թիվ 28883/95, 2000 թվականի ապրիլի 4 և Խաշիևը և Ակաևան ընդդեմ Ռուսաստանի [Khashiyev and Akayeva v. Russia], թիվ 57942/00 և թիվ 57945/00, § 135, 2005 թվականի փետրվարի 24): Եթե իրականացվել են ներպետական վարույթները, ապա Դատարանի խնդիրը ներպետական դատարանների կողմից փաստերի գնահատումն իր կողմից արված գնահատմամբ փոխարինելը չէ, և որպես ընդհանուր կանոն, ներկայացված ապացույցների գնահատումն այդ դատարանների խնդիրն է: Դատարանը, այնուամենայնիվ, կաշկանդված չէ ներպետական դատարանների եզրակացություններով, չնայած սովորական հանգամանքներում անհրաժեշտ են ծանրակշիռ հիմքեր, որպեսզի Դատարանը հրաժարվի այդ դատարանների կողմից փաստերի հիման վրա արված եզրակացություններից (տե՛ս Կլաասն ընդդեմ Գերմանիայի [Klaas v. Germany], 1993 թվականի սեպտեմբերի 22-ի վճիռ, շարք Ա թիվ 269, 17-18 էջ, §§ 29-30 և Ավշարն ընդդեմ Թուքիայի [Avşar v. Turkey], թիվ 25657/94, § 283, ՄԻԵԴ 2001-VII (քաղվածքներ)): Դատարանը կարծում է, որ այս հիմնավորումը կիրառելի է նաև Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների համատեքստում (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), «Յուրոպապրեսս Հոլդինգ» ՍՊԸ-ն ընդդեմ Խորվաթիայի [Europapress Holding d.o.o. v. Croatia], թիվ 25333/06, § 62, 2009 թվականի հոկտեմբերի 22):

89. Դատարան այնուհետև կրկին նշում է, որ ապացույցները գնահատելիս կիրառել է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցելիության չափանիշը: Սակայն այդ չափանիշները կիրառող ազգային իրավական համակարգերից փոխառելը երբեք չի եղել Դատարանի նպատակը: Դատարանի դերը հանցանքի համար մեղավորությունը սահմանելը կամ քաղաքացիական պատասխանատվության հետ կապված հարցերը որոշելը չէ, այլ Կոնվենցիային համապատասխան Պայմանավորվող պետությունների պատասխանատվությունը սահմանելն է: Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն՝ իր խնդրի առանձնահատկությունը սույն Կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների պաշտպանության մասով Պայմանավորվող պետությունների ստանձնած պարտավորության կատարումն ապահովելն է, որով էլ պայմանավորվում է ապացույցի և փաստի հետ կապված հարցերի նկատմամբ իր մոտեցումը: Դատական քննության շրջանակներում չկան ապացույցի թույլատրելիության համար դատավարական արգելքներ և գնահատման կանխորոշված բանաձև: Դատարանը կայացնում է այն եզրակացությունները, որոնք իր կարծիքով հաստատված են բոլոր ապացույցների անկախ գնահատմամբ, ներառյալ այն եզրահանգումները, որոնք կարող են բխել փաստերից և կողմերի հայտարարություններից: Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ ապացույցը կարող է ի հայտ գալ բավականին ծանրակշիռ, հստակ և ներդաշնակ եզրահանգումների կամ փաստի այդպիսի անհերքելի կանխավարկածների գոյակցությունից (տե՛ս Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nachova and Others v. Bulgaria [GC]], թիվ. 43577/98 և թիվ 43579/98, § 147, ՄԻԵԴ 2005-VII):

90. Դատարանը նշում է, որ 2004 թվականի մարտ և ապրիլ ամիսներն ընդգրկող ժամանակահատվածը Հայաստանում բարձր քաղաքական զգայունության ժամանակահատվածներից մեկն է եղել: Քաղաքական ընդդիմությունն ավելի հաճախակի էր դարձրել հանրահավաքներն ընդդեմ նախագահական ընտրությունների արդյունքների, որը տեղի էր ունեցել նախորդ տարի, և որը, ըստ նրանց պնդումների, անցկացվել էր խախտումներով և անարդար: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ մի շարք միջազգային և ներպետական զեկույցներ փաստել են, որ նույն ժամանակահատվածում իշխանությունները դիմել են տարատեսակ առերևույթ կամայական միջոցների՝ ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը ճնշելու նպատակով (տե՛ս վերևում՝ 64-68-րդ պարբերությունները): Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարման հարցերով ԵԽԽՎ կոմիտեն, մասնավորապես՝ իր 2004 թվականի ապրիլի 27-ի թիվ 10163 զեկույցում նշել է, որ «Հայաստանի իշխանություններն ընդդիմության՝ բողոքի ցույցեր անցկացնելու կոչերին արձագանքել են քաղաքական ահաբեկման և վարչական ու դատական հետապնդումների արշավով» (տե՛ս վերևում՝ 65-րդ պարբերությունը): Այս նյութերից նաև հետևում է, որ ՎԻՎՕ-ն և դրա՝ զանցանքի համար կարճ ժամկետով վարչական կալանք նախատեսող դրույթներն այդ նպատակով լայնորեն կիրառվել են իշխանությունների կողմից: Այլ միջոցներ, ինչպիսիք են տեղաշարժման ազատության սահմանափակումը, նույնպես կիրառվել են ցույցերին մարդկանց մասնակցությունը խոչընդոտելու նպատակով: Դեռ ավելին, մի շարք աղբյուրներ վկայում են, որ ընդդիմության ակտիվիստների կալանավորման համար կիրառված օրենսդրական հիմքերը բավականին տարբեր են եղել և ներառել են այնպիսի հիմքեր, ինչպիսիք էին զազրախոսելը և ոստիկանության աշխատակցի պահանջները չկատարելը (տե՛ս, մասնավորապես, Հյուման Րայթս Ուոթչի և Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները վերևում՝ 66-րդ և 68-րդ պարբերությունները):

91. Դատարանն այնուհետև նշել է, որ իր վարույթում արդեն եղել են մի շարք գործեր, որոնցում դիմումատուները կատարել են գրեթե նույնաբովանդակ պնդումներ (տե՛ս Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի [Kirakosyan v. Armenia], թիվ 31237/03, § 87, 2008 թվականի դեկտեմբերի 2, Մխիթարյանն ընդդեմ Հայաստանի [Mkhitaryan v. Armenia], թիվ 22390/05, § 87, 2008 թվականի դեկտեմբերի 2, Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի [Tadevosyan v. Armenia], թիվ 41698/04, § 81, 2008 թվականի դեկտեմբերի 2, Գասպարյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 2) [Gasparyan v. Armenia (no. 2)], թիվ 22571/05, § 38, 2009 թվականի հունիսի 16, Կարապետյանն ընդդեմ Հայաստանի [Karapetyan v. Armenia], թիվ 22387/05, §§ 75-76, 2009 թվականի հոկտեմբերի 27 և Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի [Stepanyan v. Armenia], թիվ 45081/04, § 22, 2009 թվականի հոկտեմբերի 27): Բոլոր այդ գործերում ոստիկանության աշխատակիցները մոտեցել են դիմումատուներին կամ այցելել են նրանց տուն հետագայում իրենց ներկայացված մեղադրանքներին, այն է՝ ոստիկանության կարգադրություններին չենթարկվելը և զազրախոսելը, չառնչվող հիմքերով կամ կասկածանքով, ինչն ի վերջո հիմք է դարձել նրանց նկատմամբ կարճ ժամկետով պատիժ սահմանելու համար:

92. Տարբեր աղբյուրներից ստացված այդպիսի բազմաթիվ և միանման պնդումների առկայությունից կարելի է եզրակացնել, որ տվյալ ժամանակահատվածում գոյություն է ունեցել ընդդիմության ակտիվիստներին ցույցերին մասնակցելուց հետ պահելու կամ դրան խոչընդոտելու վարչական պրակտիկա կամ այդպիսի գործողության համար նրանց պատժելու պրակտիկա` կիրառելով ՎԻՎՕ-ի տարբեր դրույթներով նախատեսված վարչական կալանքի ընթացակարգը: Չնայած Հայաստանի նկատմամբ հարուցված վերը նշված գործերում բավարար հիմքեր չեն եղել եզրակացնելու համար, որ դիմումատուները նման վարչական պրակտիկայի զոհ են դարձել, սակայն տվյալ գործում առկա են մի շարք հիմքեր, որոնք կարող են Դատարանին թույլ տալ այլ եզրակացություն անել:

93. Դատարանը նախևառաջ նշում է, որ բոլոր դիմումատուները եղել են ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամներ: Երեքն էլ Երևանին հարակից Արմավիրի մարզի բնակիչներ են, մոտավորապես նույն ժամանակահատվածում, երբ բողոքի ցույցեր էին անցկացվում Հայաստանում, առանձին-առանձին տարվել են նույն ոստիկանության բաժին, և նույն դատարանի կողմից բացարձակապես նույնանման հանգամանքներում նրանք փաստացի երկու անգամ անընդմեջ ենթարկվել են վարչական կալանքի:

94. Առաջին, բոլոր երեք դեպքերում ոստիկանությունը նախապես այցելել էր դիմումատուներին՝ հետագայում նրանց առաջադրված հասարակական կարգի խախտման մեղադրանքի հետ առնչություն չունեցող կասկածանքով: Մասնավորապես, առաջին դիմումատուին խնդրել էին ներկայանալ ոստիկանության բաժին «զննության նպատակով՝ իր մոտ առկա անօրինական զինամթերքն առգրավելու համար», երկրորդ դիմումատուի տուն ոստիկանության աշխատակիցները այցելել են այն հիմքով, որ նա կասկածվում էր հետախուզման մեջ գտնվող անձին թաքցնելու մեջ, իսկ երրորդ դիմումատուին հրավիրել են ոստիկանության բաժին՝ ճանապարհային պատահարի մասնակից լինելու կասկածանքով (տե՛ս վերևում՝ 10-րդ, 20-րդ և 41-րդ պարբերությունները): Այս կասկածներից ոչ մեկն այդպես էլ չի հաստատվել, և դրանք անմիջապես մոռացվել են, երբ դիմումատուներին մեղադրանք է առաջադրվել զազրախոսելու և ոստիկանության կարգադրություններին չենթարկվելու համար: Որևէ կոնկրետ աղբյուր կամ պատճառ երբևէ չի մատնանշվել այս նախնական կասկածների համար, որոնք մշտապես հիմնավորվել են ընդհանրական ձևով՝ վկայակոչելով «ստացված տեղեկատվությունը»: Ավելին, առաջին դիմումատուի մոտ որևէ զինամթերք չի հայտնաբերվել ոստիկանության բաժին իր ժամանումից հետո, ինչպես և երկրորդ դիմումատուի տանը չի հայտնաբերվել հետախուզման մեջ գտնվող անձը, իսկ երրորդ դիմումատուի առնչությունը ճանապարհային պատահարին, որը տեղի էր ունեցել ոստիկանության այցելությունից գրեթե մեկ ամբողջ տարի առաջ, մնացել է անորոշ և անբացատրելի:

95. Երկրորդ, բոլոր երեք դեպքերում դիմումատուները մեղադրվել, այնուհետև նրանց նկատմամբ պատիժ է սահմանվել գործնականում միանման արարքների կատարման համար, այն է՝ ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին չենթարկվելը և մի քանի րոպե շարունակ զազրախոսելը: Հատկանշական է, որ որևէ մեղադրանքում ու մեղադրական դատավճռում բավականաչափ մանրամասն չեն նկարագրվել այդ արարքները, և դրանք ձևակերպվել են միօրինակ ու անորոշ ձևով:

96. Երրորդ, բոլոր երեք դեպքերում էլ դիմումատուները, կալանքի իրենց առաջին ժամկետը կրելուց հետո ենթադրաբար ազատ են արձակվել և գրեթե անմիջապես կատարել են նոր իրավախախտումներ գործնականում նույնանման հանգամանքներում. բոլոր երեք դեպքերում էլ դիմումատուն կանգնած է եղել փողոցում և առանց որևէ ակնհայտ պատճառի՝ օգտագործել է անկանոն և որևէ մեկին չուղղված հայհոյանքներ, ինչը ստիպել է ոստիկանության աշխատակցին նրան կարգի հրավիրել, սակայն դիմումատուն չի ենթարկվել նրա կարգադրությանը: Դատարանը մասնավորապես մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ նույնիսկ ոստիկանության համապատասխան արձանագրությունների տեքստերը, հատկապես առաջին և երրորդ դիմումատուների առնչությամբ, գրեթե բառ առ բառ վերարտադրված են (տե՛ս վերևում՝ 34-րդ, 35-րդ և 54-րդ պարբերությունները):

97. Բոլոր վերը նշված նմանությունները և համընկնումները, որոնք դժվար թե կարելի է համարել պարզապես պատահականություն, մատնանշում են անձանց վարչական կալանքի ենթարկելու կրկնվող իրավիճակը, ինչը համապատասխանում է վերը նշված վարչական պրակտիկայի բնութագրին (տե՛ս վերևում՝ 92-րդ պարբերությունը): Ավելին, ոստիկանության նախնական այցելությունների համար որևէ իրական և հիմնավոր պատճառի բացակայությունը ստիպում է Դատարանին լրջորեն կասկածել, թե արդյոք այդպիսի այցելությունների իրական պատճառները համապատասխան փաստաթղթերում մատնանշվածներն են եղել: Սա, իր հերթին, լուրջ կասկածներ է առաջացնում ոստիկանության ամբողջ նյութերի հավաստիության, այդ թվում՝ դիմումատուների նկատմամբ մեղադրանքի առաջադրման փաստական հիմքերի վերաբերյալ և միայն հաստատում է Դատարանի դիրքորոշումը դիմումատուների գործերի վերաբերյալ, ինչը համապատասխանում է վերը նշված բնութագրին:

98. Ի վերջո, Դատարանը կցանկանար ընդգծել, որ դիմումատուների գործերով ներպետական դատարանների կողմից արձանագրված փաստերի վրա հիմնված եզրակացությունները կայացվել են դատական վարույթից հետո՝ րոպեների ընթացքում: Այս ձևով հաստատված փաստերը հիմնված են եղել միայն ոստիկանության կողմից տրամադրված նյութերի վրա և, ինչպես և այդ նյութերը, չեն պարունակել մանրամասներ և չափազանց հակիրճ են եղել: Դատարանի վերջնական որոշումները ոստիկանության համապատասխան արձանագրությունների մեջ ներկայացված հանգամանքների և մեղադրանքների բացահայտ ու չվիճարկվող կրկնություն են եղել, այլ ոչ թե ընդունվել են օբյեկտիվ և բազմակողմանի դատական քննության արդյունքում:

99. Հաշվի առնելով բոլոր վերը նշված գործոնները՝ Դատարանը գտնում է, որ այս գործում առկա են անվիճելի տարրեր, որոնք ստիպում են կասկածի տակ դնել դիմումատուների նկատմամբ հարուցված վարչական վարույթների անաչառությունը: Դատարանը նաև նշում է, որ ներկայացված նյութերի ամբողջ ծավալը թույլ է տալիս Դատարանին ծանրակշիռ, պարզ և համաձայնեցված հետևություն անել առ այն, որ դիմումատուների նկատմամբ հարուցված վարչական վարույթները և դրանց հաջորդող կալանավորումը եղել են միջոց՝ կանխելու կամ խափանելու դիմումատուների մասնակցությունն ընդդիմադիր ցույցերին, որոնք անվիճելիորեն կրել են խաղաղ բնույթ և տվյալ ժամանակահատվածում ընթացել են Երևանում: Դատարանը կարծում է, որ այս միջոցառումը, անկասկած, դիմումատուների՝ խաղաղ հավաքների իրավունքին միջամտություն է:

100. Հանգելով այսպիսի եզրակացության՝ Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավական պաշտպանության ներպետական միջոցների չսպառման վերաբերյալ Կառավարության պնդմանը: Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու վերաբերյալ կանոնը պարտավորեցնում է այն անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ բողոք ներկայացնել միջազգային դատական ատյան, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից՝ դրանով իսկ պետություններին ազատելով միջազգային ատյանի առջև իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրելուց՝ նախքան իրենց իրավական համակարգերի շրջանակներում խնդիրները լուծելու հնարավորություն ունենալը: Այս կանոնին համապատասխանելու համար դիմումատուն պետք է օգտվի այնպիսի իրավական պաշտպանության միջոցներից, որոնք հասանելի և բավարար են ենթադրյալ խախտման դիմաց փոխհատուցում տրամադրելու համար (տե՛ս Ասսանովը և այլք ընդդեմ Բուլղարիայի [Assenov and Others v. Bulgaria], թիվ 24760/94, § 85, ՄԻԵԴ 1999-VIII):

101. Ավելին, 35-րդ հոդվածին համապատասխան՝ իրավական պաշտպանության հասանելի և բավարար միջոցների առկայությունը պետք է բավականաչափ որոշակի լինի ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում, ինչի բացակայության պարագայում դրանք չեն ունենա համապատասխան մատչելիության և արդյունավետության մակարդակ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Դե Յոնգը, Բալժեն և Վան դեն Բրինկն ընդդեմ Նիդեռլանդների [De Jong, Baljet and Van den Brink v. the Netherlands], 1984 թվականի մայիսի 22, § 39, շարք Ա թիվ 77, և Վերնիլլոն ընդդեմ Ֆրանսիայի [Vernillo v. France], 1991 թվականի փետրվարի 20, § 27, շարք Ա թիվ 198): Իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ պնդում ներկայացնող Կառավարությունը պարտավոր է Դատարանում ապացուցել այն փաստը, որ այդ միջոցը եղել է արդյունավետ, տվյալ ժամանակահատվածում՝ տեսականորեն ու գործնականում՝ հասանելի, այսինքն՝ այն եղել է մատչելի, հնարավորություն է տվել դիմումատուին հատուցում ստանալու իր բողոքների մասով և երաշխավորել է հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար (տե՛ս Ակդիվարը և այլք ընդդեմ Թուրքիայի [Akdivar and Others v. Turkey], 1996 թվականի սեպտեմբերի 16, § 68, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-IV).

102. Դատարանը նշում է, որ Կառավարությունը մանրամասներ չի ներկայացրել առաջարկվող պաշտպանության միջոցի առնչությամբ՝ սահմանափակելով իր փաստարկներն այն հայտարարությամբ, որ դիմումատուները կարող էին պահանջել պատասխանատուների նկատմամբ քրեական գործի հարուցում: Նրանք չեն նշել Քրեական օրենսգրքի հոդվածը, որը դիմումատուները պետք է ենթադրաբար հիմք ընդունեին, ոչ էլ ներկայացրել են մանրամասներ գործի տվյալ հանգամանքների դեպքում դրանով առաջարկվող հատուցման տեսակի առնչությամբ: Կառավարությունը նաև չի պարզաբանել, թե արդյոք դիմումատուները պետք է փորձեին քրեական գործ հարուցել ոստիկանության աշխատակիցների, դատավորների, թե երկուսի նկատմամբ էլ: Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ չնայած դիմումատուների նկատմամբ վարչական վարույթը հարուցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, սակայն վարչական կալանքը, որպես այդպիսին, կիրառվել է դատավորների որոշմամբ: Ինչ վերաբերում է այդ որոշումներին, ապա դիմումատուները չեն ունեցել սպառման ենթակա իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոց (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը):

103. Ավելին, Դատարանը հաշվի է առնում իր նախկին եզրակացությունն առ այն, որ դիմումատուները դարձել են վարչական պրակտիկայի զոհեր (տե՛ս վերևում՝ 97-րդ պարբերությունը): Այսպիսի հանգամանքներում կասկածելի է, թե արդյոք իրավասու մարմին ներկայացված առանձին բողոքը՝ քրեական կամ այլ բնույթի, կունենար հաջողության հասնելու որևէ ողջամիտ հեռանկար: Կառավարությունը նաև չի ներկայացրել որևէ օրինակ, որով կմատնանշվեր հակառակը, և կփարատվեին այդ կասկածները: Ավելին, ինչպես երևում է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից, մի շարք գործերով, որոնց դեպքում ենթադրաբար ակնհայտ էր, որ ցույցերի համատեքստում տեղի է ունեցել ՎԻՎՕ-ի ընթացակարգերի սխալ կիրառում, քրեական վարույթ հարուցելու փորձը չի տվել որևէ արդյունք (տե՛ս վերևում՝ 68-րդ պարբերությունը):

104. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը համոզիչ չէ, և որոշում է մերժել այն:

գ) Արդյոք միջամտությունը եղել է արդարացված

105. 11-րդ հոդվածի հիմնական նպատակն անձի պաշտպանված իրավունքների իրականացումը պետական իշխանությունների կամայական միջամտությունից պաշտպանելն է (տե՛ս Էլեկտրաքարշների ինժեներների և հրշեջների միավորված համայնքն (ԷԻՀՄՀ) ընդդեմ Միացյալ Թագավորության [Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom],թիվ 11002/05, § 37, 2007 թվականի փետրվարի 27): Համապատասխանաբար, եթե պետությունն իսկապես միջամտում է, ապա այդպիսի միջամտությունը 11-րդ հոդվածի խախտում կլինի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջամտությունը «սահմանված է օրենքով», 2-րդ կետի համաձայն հետապնդում է մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ կամ «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակներին հասնելու համար:

i) Սահմանված է օրենքով

106. Դատարանի կողմից քննության առաջին քայլով պետք է որոշվի, թե արդյոք դիմումատուների նկատմամբ կիրառված միջոցը 11-րդ հոդվածի իմաստով «սահմանված է օրենքով»: Այս արտահայտությունն առաջին հերթին ենթադրում է ներպետական օրենսդրության մեջ տվյալ միջամտության համար որոշ հիմքերի առկայություն (տե՛ս Սիլվերը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Silver and Others v. the United Kingdom], 1983 թվականի մարտի 25, § 86, շարք Ա թիվ 61).

107. Դատարանը նշում է, որ սույն գործով միջամտությունը դիմումատուներին կարճ ժամկետով կալանավորելուն է հանգեցրել՝ ցույցերին նրանց մասնակցությունը կանխելու կամ խանգարելու նպատակով: Այդ միջոցի կիրառման իրավական հիմք է համարվել ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածը, որով ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին չենթարկվելու համար սահմանվում է վարչական տուգանք: Այսպիսով, տվյալ միջոցը կիրառվել է այն իրավական դրույթի հիման վրա, որը որևէ առնչություն չունի այդ միջոցի ուղղակի նպատակի հետ: Դատարանը չի կարող չհամաձայնվել դիմումատուների հետ, որ այսպիսի իրավական հիմքով խաղաղ հավաքների իրենց ազատությանը միջամտությունը կարող է միայն բնութագրվել որպես կամայական և անօրինական:

108. Դատարանը, հետևաբար, եզրակացնում է, որ տվյալ միջամտությունը չի բավարարում Կոնվենցիայով սահմանված օրինականության պահանջները: Այսպիսով, չի պահանջվում որոշել, թե արդյոք միջամտությունը հետապնդում էր օրինական նպատակ, և եթե այդպես է՝ արդյո՞ք դա համաչափ էր հետապնդվող նպատակին:

109. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

110. Դիմումատուները մի քանի բողոք են ներկայացրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի մասով: Այս առնչությամբ 5-րդ հոդվածի համապատասխան դրույթներով սահմանվում է հետևյալը.

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

ա) անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

Ա. Ընդունելիությունը

111. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:

Բ. Ըստ էության քննությունը

1. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը

ա) Կողմերի փաստարկները

i) Դիմումատուները

112. Դիմումատուները նշել են, որ իրենց վարչական կալանքն անօրինական է եղել և չի հետապնդել 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նպատակը: Իրենց կալանավորման պատճառ դարձած ենթադրյալ իրավախախտումները շինծու են եղել: Դիմումատուները ոստիկանություն բերման են ենթարկվել նրանց առաջադրված վերջնական մեղադրանքի հետ կապ չունեցող հիմքերով: Այս սկզբնական կասկածներից ոչ մեկը չի ունեցել որևէ շարունակություն և դիմումատուներից ոչ ոք չի հարցաքննվել այդ կասկածների առնչությամբ: Նրանց երկրորդ անգամ առաջադրված մեղադրանքները շինծու են եղել, քանի որ նրանց նույնիսկ կալանքից ազատ չեն արձակել, իսկ այնուհետև նրանց նկատմամբ սահմանել են հերթական պատիժը՝ պարզապես ցույցերին նրանց մասնակցությունը կանխելու համար:

113. Ավելին, նրանց կալանավորելու դրդապատճառը և նպատակը կամայական են եղել, և այն կիրառվել է անբարեխղճորեն: Չնայած այն հանգամանքին, որ նրանց կալանավորումը ենթադրաբար ուղղված է եղել ոստիկանության օրինական կարգադրություններին չենթարկվելու համար ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով պատասխանատվության ենթարկելուն, նրանց կալանավորումն իրականում ունեցել է քաղաքական կողմնորոշման համար նրանց պատժելու և տվյալ ժամանակահատվածում Երևանում անցկացվող ցույցերին նրանց մասնակցությունը կանխելու միտում: Իշխանությունների կողմից այդպիսի մասշտաբների հասնող և այդ ձևով կալանավորումների ալիքը 2004 թվականի մարտ և ապրիլ ամիսներին ցույց է տալիս, որ ընդդիմության աջակիցների շտամպային ձերբակալությունները կարգադրված են եղել վարչական օրենսդրությամբ նախատեսված կալանքի ձևով՝ նպատակ ունենալով կանխել մարդկանց մասնակցությունը քաղաքական ցույցերին կամ ահաբեկել նրանց, որպեսզի նրանք չմասնակցեն դրանց՝ այդպիսով կանխելով ընդդիմադիր կուսակցությունների՝ հանրաքվե անցկացնելու կոչերը և գործող նախագահին անվստահություն հայտնելը: Այդ ժամանակահատվածում ՎԻՎՕ-ի համաձայն իրականացված ձերբակալությունները և կալանքը, դիտարկելով 2003 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում ընդդիմության հարյուրավոր աջակիցների և ակտիվիստների կալանավորման համար ՎԻՎՕ-ի կիրառման համատեքստում, ապացուցումն է այն անօրինական նպատակի, որին հասնելու համար կիրառվել են ներպետական օրենսդրության այս դրույթները:

114. Ավելին, նրանց նկատմամբ կալանքի կիրառումն անհամաչափ է եղել, քանի որ ՎԻՎՕ-ով պահանջվում է վարչական կալանքի կիրառում միայն բացառիկ դեպքերում: Նրանք չեն կատարել այն իրավախախտումները, որոնց համար դատապարտվել են, սակայն նույնիսկ եթե նրանք կատարած լինեին դրանք, այդ դեպքերն այնքան բացառիկ չեն եղել, որ արդարացվեր ամենախիստ պատժի սահմանումը:

115. Դիմումատուները, ի վերջո, նշել են, որ ցանկացած դեպքում ՎԻՎՕ-ի դրույթները հակասում են միջազգայնորեն ընդունված չափանիշներին, հետևաբար չեն համապատասխանում 5-րդ հոդվածի պահանջներին:

ii) Կառավարությունը

116. Կառավարությունը նշել է, որ դիմումատուների վարչական կալանքը կիրառվել է 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիման վրա և համապատասխանում է այդ դրույթի պահանջներին: Նրանց գործերը քննվել են առաջին ատյանի դատարանի կողմից, որն այդպիսի գործերով միակ իրավասու մարմինն է եղել: Պատիժները սահմանվել են օրենքով սահմանված ընթացակարգով՝ դատավարական կանոններին համապատասխան:

117. Կառավարությունն այնուհետև նշել է, որ ոստիկանությունը ողջամիտ հիմքեր է ունեցել դիմումատուներին ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման կատարման կասկածանքով ձերբակալման համար, քանի որ նրանք այդ իրավախախտումների կատարման ականատեսն են եղել: Ավելին, իրավախախտումներն ուղղված են եղել ոստիկանության աշխատողների դեմ, որոնք գործում էին իրենց լիազորությունների շրջանակներում՝ հանրային կարգը պահպանելու և իրավախախտումների կատարումը կանխելու նպատակով: Այսպիսով, ոստիկանությունը սկզբնաղբյուրից տեղեկատվություն է ունեցել այն մասին, որ դիմումատուներն իրավախախտում են կատարել, և դիմումատուները զրկվել են ազատությունից՝ համապատասխան իրավասու մարմին ներկայացվելու համար: Դիմումատուների պնդումներն այն մասին, որ իրենց կալանավորումը հետապնդում էր որևէ այլ նպատակ, քան ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով սահմանված իրավախախտում կատարելու համար պատիժ կրելը, չի համապատասխանում իրականությանը: Եթե իրական նպատակը լիներ դիմումատուների՝ ցույցերին մասնակցությունը կանխելը, ապա դատարանները կարող էին անմիջապես սահմանել ամենախիստ պատիժը՝ կալանք տասնհինգ օր ժամկետով, այլ ոչ թե ենթադրաբար կխախտեին ընթացակարգը և դիմումատուներին նորից կկալանավորեին:

բ) Դատարանի գնահատականը

118. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորվում է ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքը: Այդ իրավունքը Կոնվենցիայի իմաստով «ժողովրդավարական հասարակության» մեջ առաջնային կարևորություն ունի (տե՛ս Դե Վիլդեն, Օօմսը և Վերսեյպն ընդդեմ Բելգիայի [De Wilde, Ooms and Versyp v. Belgium], 1971 թվականի հունիսի 18, § 65, շարք Ա թիվ 12, և Վինթերվերպն ընդդեմ Նիդեռլանդների [Winterwerp y. the Netherlands], 1979 թվականի հոկտեմբերի 24, § 37, շարք Ա թիվ 33):

119. Բոլոր անձինք ունեն այդ իրավունքի պաշտպանության իրավունք, այն է` իրենց ազատությունից զրկված չլինելու կամ չշարունակել ազատությունից զրկված լինելու իրավունք` բացառությամբ 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների համաձայն ազատությունից զրկելու դեպքերի (տե՛ս Մեդվեդևը և այլք ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Medvedyev and Others v. France [GC]] թիվ 3394/03, § 77, ՄԻԵԴ 2010-...): 5-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված ազատության իրավունքի բացառությունների շարքը սպառիչ է (տե՛ս Կուինն ընդդեմ Ֆրանսիայի [Quinn v. France], 1995 թվականի մարտի 22-ի վճիռ, § 42, շարք Ա թիվ 311, և Լաբիթանն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Labita v. Italy [GC]], թիվ 26772/95, § 170, ՄԻԵԴ 2000-IV), և այդ բացառությունների միայն նեղ իմաստով մեկնաբանությունն է համապատասխանում այդ դրույթի նպատակներին (տե՛ս Էնգելը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [Engel and Others v. the Netherlands], 1976 թվականի հունիսի 8, § 58, շարք Ա թիվ 22, և Ա.-ն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [A. and Others v. the United Kingdom [GC]], թիվ 3455/05, § 171, ՄԻԵԴ 2009-...):

120. Ցանկացած ազատազրկում, բացի նրանից, որ պետք է դասվի «ա»-«զ» ենթակետերով սահմանված բացառությունների շարքին, պետք է նաև լինի «օրինական»: Եթե քննարկման առարկա է դարձել կալանավորման «օրինականության» հարցը, ներառյալ՝ «օրենքով սահմանված կարգով» լինելու հարցը, Կոնվենցիան հիմնականում հիմնվում է ներպետական օրենսդրության վրա, և դրանով ամրագրվում է ներպետական օրենսդրության նյութաիրավական և դատավարական կանոններին ենթարկվելու պարտավորությունը (տե՛ս Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Saadi v. the United Kingdom [GC]], թիվ 13229/03, § 67, 2008 թվականի հունվարի 29): Ներպետական օրենսդրությանը համապատասխանելը, այնուամենայնիվ, բավարար չէ. 5-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվում է նաև, որ ազատությունից ցանկացած զրկում իրականացվի անձին կամայականությունից պաշտպանելու նպատակին համապատասխան (տե՛ս Բոզանոն ընդդեմ Ֆրանսիայի [Bozano v. France],1986 թվականի դեկտեմբերի 18 , § 54, շարք Ա թիվ 111, և Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ] [Kafkaris v. Cyprus [GC]], թիվ 21906/04, § 116, ՄԻԵԴ 2008-...):

121. Հիմնարար սկզբունք է, որ կամայական որևէ կալանավորում չի կարող համապատասխանել 5-րդ հոդվածի 1-ին կետին, և որ 5-րդ հոդվածի 1-ին կետով «կամայականություն» հասկացությունը չի սահմանափակվում ներպետական օրենսդրությանը համապատասխանության բացակայությամբ, այսպիսով՝ ազատությունից զրկելը կարող է լինել օրինական ներպետական օրենսդրության շրջանակներում, սակայն ամեն դեպքում՝ կամայական, հետևաբար՝ Կոնվենցիային հակասող (տե՛ս վերևում հիշատակված՝ Սաադիի գործը, § 67): Թեև Դատարանը նախկինում ընդհանուր ձևակերպում չի նախատեսել այն մասով, թե 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով իշխանությունների որ գործողությունները կարող են «կամայականություն» համարվել, այնուամենայնիվ, հիմնական սկզբունքները մշակվել են յուրաքանչյուր դեպքին համապատասխան: Ավելին, կիրառված կալանքի տեսակով պայմանավորված՝ կամայականություն հասկացությունը 5-րդ հոդվածի իմաստով որոշ չափով տարբերվում է (տե՛ս Մուրենն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Mooren v. Germany [GC]], թիվ 11364/03, § 77, ՄԻԵԴ 2009-...):

122. Ավելին, կալանավորումը կհամարվի «կամայական» այն դեպքում, երբ, չնայած ներպետական օրենսդրությանը համապատասխանելու հանգամանքին, առկա լինի իշխանությունների կողմից դրսևորված անբարեխղճության կամ խաբեության տարր (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Բոզանոյի գործը, § 59, և վերևում հիշատակված՝ Սաադիի գործը, § 69), կամ երբ ներպետական իշխանությունները չեն փորձել ճշգրտորեն կիրառել համապատասխան օրենսդրությունը (տե՛ս Բենհամն ընդդեմ Միացյալ Թագավորության [Benham v. the United Kingdom], 1996 թվականի հունիսի 10, § 47, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-III, և Լյուն ընդդեմ Ռուսաստանի [Liu v. Russia],թիվ 42086/05, § 82, 2007 թվականի դեկտեմբերի 6): Կամայականություն չդրսևորելու պայմանով նաև պահանջվում է, որ թե՛ կալանքի մասին որոշումը, թե՛ կալանքի կիրառումը իսկապես համահունչ լինեն 5-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան ենթակետով թույլատրված սահմանափակումների նպատակներին (տե՛ս վերևում հիշատակված՝ Վինթերվերպի գործը, § 39, Բուամարն ընդդեմ Բելգիայի [Bouamar v. Belgium],1988 թվականի փետրվար 29-ի վճիռ, շարք Ա թիվ 129, § 50, և Օ՛Հարան ընդդեմ Միացյալ Թագավորության [O’Hara v. the United Kingdom], թիվ 37555/97, § 34, ՄԻԵԴ 2001-X):

123. Սույն գործով Դատարանը չի մոռանում իր՝ վերևում հիշատակված եզրակացությունն առ այն, որ դիմումատուները դարձել են վարչական պրակտիկայի զոհ. երկու անգամ անընդմեջ նրանց նկատմամբ կիրառվել է միջոց, մասնավորապես՝ ձերբակալում, որին հաջորդել է կարճ ժամկետով դատապարտումը (տե՛ս վերևում՝ 97-րդ և 107-րդ պարբերությունները): Դա հետապնդել է նպատակներ, որոնք որևէ առնչություն չեն ունեցել ազատությունից զրկելը հիմնավորող պաշտոնական հիմքերի հետ, և այն միանշանակ ներառել է ոստիկանության աշխատակիցների կողմից անբարեխղճության դրսևորման տարր: Ավելին, չնայած այն հանգամանքին, որ բավարար հիմքեր չկան եզրակացնելու, որ կալանավորումը կիրառած ներպետական դատարանը նույնպես անբարեխիղճ է գործել, այն անկասկած անփութություն է ցուցաբերել դիմումատուների կալանավորման համար փաստական և իրավական հիմքերը վերանայելու հարցում (տե՛ս վերևում՝ 98-րդ պարբերությունը): Այսպիսի հանգամանքներում Դատարանին այլ բան չի մնում, քան եզրակացնել, որ դիմումատուներին ազատությունից զրկելն ընդհանուր առմամբ եղել է կամայական և հետևաբար 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով՝ անօրինական: Հանգելով այս եզրակացության՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում լուծել այն հարցը, թե արդյոք դիմումատուները կալանքից ազատ էին արձակվել իրենց սկզբնական պատժի ժամկետի ավարտից հետո, և եթե ոչ, ապա արդյոք դա համարվում է նրանց ազատության իրավունքի խախտում:

124. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

2. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը

125. Դիմումատուները նշել են, որ, խախտելով 5-րդ հոդվածի 2-րդ կետը, նրանց չեն տեղեկացրել իրենց երկրորդ անգամ ձերբակալելու ենթադրյալ պատճառների մասին, քանի որ իրականում առաջին պատժի ժամկետը լրանալուց հետո իրենք կալանքից երբեք ազատ չեն արձակվել: Նրանք նաև նշել են, որ իշխանությունների կողմից իրավաբանի ծառայություններից օգտվելու հնարավորություն չապահովելու արդյունքում խախտվել են 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված երաշխիքները: Ի վերջո, երրորդ դիմումատուն նշել է, որ, խախտելով 5-րդ հոդվածի 2-րդ կետը, իրեն ձերբակալելու ժամանակ ոստիկանության աշխատակիցներն իրեն չեն բացատրել պատճառները, և ինքը տեղեկացվել է դրա իրավական և փաստական հիմքերի մասին ոստիկանության բաժին տարվելուց միայն երեք ժամ հետո:

126. Կառավարությունը վիճարկել է դիմումատուների պնդումները: Նրանք պնդել են, որ առաջին պատժի ժամկետը լրանալուց հետո դիմումատուներն անմիջապես ազատ են արձակվել կալանքից, սակայն նրանց ազատ արձակելուց որոշ ժամանակ անց նրանք կատարել են նոր իրավախախտումներ և նորից ձերբակալվել են: Կառավարությունը նաև նշել է, որ քանի որ դիմումատուների նկատմամբ վարչական կալանքը կիրառվել է 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն, 5-րդ հոդվածի 4-րդ կետով պահանջվող դատական վերահսկողությունը ներառվել է առաջին ատյանի դատարանի որոշումների մեջ: Կառավարությունը, ի վերջո, նշել է, որ երրորդ դիմումատուն ոստիկանության աշխատակիցների կողմից բանավոր տեղեկացվել է իր ձերբակալման պատճառների մասին, և ցանկացած դեպքում երեքժամյա ուշացումը չի կարող համարվել 5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին անհամապատասխանություն:

127. Հաշվի առնելով վերևում հիշատակված իր եզրակացությունն առ այն, որ դիմումատուներին ազատությունից զրկելն ընդհանուր առմամբ եղել է կամայական և անօրինական (տե՛ս վերևում՝ 123-րդ պարբերությունը)՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին քննել այդ հարցերը:

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

128. Դիմումատուները մի քանի բողոք են ներկայացրել իրենց նկատմամբ հարուցված երկու վարչական վարույթների մասով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «ա»-«դ» ենթակետերի կապակցությամբ, որոնցով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը՝

«1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի ... անկախ և անաչառ տրիբունալի կողմից ... արդարացի և հրապարակային լսումների իրավունք:

...

3. Քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,

բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ՝ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով ... ,

դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, ...»:

Ա. Ընդունելիությունը

129. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:

Բ. Ըստ էության քննությունը

130. Կառավարությունը նշել է, որ դիմումատուների նկատմամբ իրականացվել են արդարացի և հրապարակային լսումներ: Նրանք չեն ներկայացրել որևէ ապացույց, որով կհաստատվեր նրանց գործը քննող դատավորների անաչառ չլինելու մասին իրենց պնդումները: Դատարանը հանգել է իր եզրակացություններին՝ հիմք ընդունելով ոչ միայն ոստիկանության կողմից պատրաստված նյութերը, այլև դատարանում դիմումատուների կողմից արված հայտարարությունները: Դիմումատուներին տրվել է հնարավորություն՝ հրավիրելու և հարցաքննելու վկաներին, ներկայացնելու ապացույցներ, բերելու միջնորդություններ և բացարկներ հայտնելու, ինչը նրանք չեն արել: Ավելին, նրանք տեղեկացվել են իրավաբան ունենալու իրենց իրավունքի մասին և՛ ոստիկանության աշխատակիցների կողմից, և՛ դատական վարույթի ընթացքում, սակայն նրանք չեն ցանկացել օգտվել այդ իրավունքից: Դիմումատուներն ունեցել են բավարար ժամանակ և հնարավորություններ՝ իրենց պաշտպանությունը նախապատրաստելու համար:

131. Դիմումատուները վիճարկել են Կառավարության փաստարկները՝ պնդելով, որ Կառավարությունը պարզապես մեջբերել է ներպետական օրենսդրությունը և արել է չհիմնավորված հայտարարություններ այն մասին, որ այդ օրենսդրության պահանջները պահպանվել են: Դատական նիստերի արձանագրությունները փաստացի միանման ձևաթղթեր են եղել և չեն ներկայացրել դեպքերի իրական պատկերը: Իրականում յուրաքանչյուր դեպքում հրաժարվել են իրենց տրամադրել իրավաբանի ծառայություններից օգտվելու հնարավորություն թե՛ դատական քննությունից առաջ, թե՛ դրա ընթացքում: Դատավորները չեն ուսումնասիրել նրանց գործերով ապացույցները և փաստական հանգամանքները: Այդ ընթացակարգի արդյունքում ընդունված վճիռները եղել են կամայական և չպատճառաբանված:

132. Դատարանն ի սկզբանե նշում է, որ նմանատիպ փաստեր և բողոքներ արդեն իսկ քննվել են Հայաստանի դեմ հարուցված մի շարք գործերով, որոնց դեպքում Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի խախտում՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ համակցությամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Գալստյանի գործը, §§ 86-88, Աշուղյանն ընդդեմ Հայաստանի [Ashughyan v. Armenia], թիվ 33268/03, §§ 66-67, 2008 թվականի հուլիսի 17, վերևում հիշատակված՝ Կիրակոսյանի գործը, §§ 78-79, վերևում հիշատակված՝ Մխիթարյանի գործը, §§ 78-79, վերևում հիշատակված՝ Թադևոսյանի գործը, §§ 72-73, վերևում հիշատակված՝ Գասպարյանի գործը (թիվ 2), §§ 29-30, և վերևում հիշատակված՝ Կարապետյանի գործը, §§ 66-67): Սույն գործի հանգամանքները գրեթե միանման են: Ճիշտ է, որ սույն գործով դիմումատուները մեկի փոխարեն ենթարկվել են երկու՝ գրեթե իրար հաջորդող ժամկետներով վարչական կալանքի, և իրենց առաջին ժամկետների ավարտից հետո ենթադրաբար երբևէ ազատ չեն արձակվել կալանքից: Դատարանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ չի համարում պարզել, թե արդյոք դիմումատուները իսկապես ազատ չեն արձակվել, քանի որ չնայած այդ հանգամանքին, նրանց նկատմամբ հարուցված երկու վարույթներն էլ իրականացվել են շատ նմանատիպ ձևով և չեն համապատասխանել 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության պահանջներին:

133. Մասնավորապես, դիմումատուների նկատմամբ հարուցված երկու վարչական գործերն էլ քննվել են ՎԻՎՕ-ի 277-րդ հոդվածով սահմանված արագացված կարգով: Այլ վարչական կալանքներով գործերի համանմանությամբ դիմումատուներին մեղադրանք է առաջադրվել նրանց դատարան տանելուց և նրանց նկատմամբ պատիժ սահմանելուց մեկից մի քանի ժամ առաջ՝ ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու և արտաքին աշխարհի հետ որևէ շփում չունենալու պայմաններում: Այդ իսկ պատճառով Դատարանը չի տեսնում սույն գործով մեկ այլ եզրակացության հանգելու որևէ պատճառ և եզրակացնում է, որ երկու վարչական վարույթների ընթացքում էլ յուրաքանչյուր դիմումատուի դեպքում չի իրականացվել արդար դատաքննություն, մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց չի տրամադրվել բավարար ժամանակ և հնարավորություններ՝ իրենց պաշտպանությունը նախապատրաստելու համար:

134. Համապատասխանաբար, դիմումատուներից յուրաքանչյուրի նկատմամբ իրականացված երկու վարույթների մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ համակցությամբ:

135. Հաշվի առնելով նախորդ պարբերությունում բերված եզրակացությունները՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում նաև քննել 6-րդ հոդվածի մյուս ենթադրյալ խախտումները (տե՛ս վերևում հիշատակված՝ Աշուղյանի գործը, § 68, և այլ գործեր՝ վերևում՝ 91-րդ պարբերության մեջ հիշատակված):

VI. ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

136. Դիմումատուները Կոնվենցիայի 13-րդ հոդվածի մասով բողոք են ներկայացրել այն մասին, որ իրենք չեն ունեցել իրենց նկատմամբ կայացված վճիռները բողոքարկելու իրավունք: Դատարանն անհրաժեշտ է համարում քննել այս հարցը Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն, որով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը.

«1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ՝ դրա իրականացման հիմքերը կարգավորվում են օրենքով»։

Ա. Ընդունելիությունը

137. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:

Բ. Ըստ էության քննությունը

138. Կառավարությունը նշել է, որ դիմումատուներն ունեցել են ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված՝ իրենց վճիռները բողոքարկելու իրավունք:

139. Դիմումատուները նշել են, որ բողոքարկման իրավունքի վերաբերյալ բոլոր օրենսդրական դրույթներն անհամարժեք և շփոթեցնող են:

140. Դատարանը նշում է, որ սույն գործով դիմումատուները երկու դեպքում էլ դատապարտվել են այն նույն ընթացակարգով, ինչ վերը նշված Գալստյանի գործի դեպքում, որտեղ Դատարանը եզրակացրել է, որ դիմումատուի համար հասանելի չի եղել Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող բողոքարկման ընթացակարգը (տե՛ս վերևում հիշատակված՝ Գալստյանի գործը, §§ 124-27, և այլ գործեր՝ վերևում՝ 91-րդ պարբերության մեջ հիշատակված): Դատարանը չի տեսնում որևէ պատճառ սույն գործով մեկ այլ եզրակացության հանգելու համար:

141. Հետևաբար, յուրաքանչյուր դիմումատուի առնչությամբ կայացված յուրաքանչյուր վճռի մասով տեղի է ունեցել Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում:

VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈԻՄԸ՝ ՎԵՐԵՎՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ

142. Դիմումատուները նշել են, որ նրանք քաղաքական կարծիքի հիմքով խտրականության զոհ են դարձել, քանի որ իրենց գործով տեղի ունեցած Կոնվենցիայի բոլոր խախտումները կապված են եղել այն հանգամանքի հետ, որ նրանք քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ են եղել: Իրենք վկայակոչել են Կոնվենցիայի 14-րդ հոդվածը, որով սահմանվում է հետևյալը.

«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:

143. Կառավարությունը վիճարկել է այս պնդումը:

144. Հաշվի առնելով Կոնվենցիայի այլ հոդվածներով Դատարանի` վերևում հիշատակված եզրակացությունները` այն անհրաժեշտ չի համարում առանձին քննել ենթադրյալ քաղաքական հայացքների հիմքով խտրականության հարցը:

VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

145. Վերջապես, դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ, խախտելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները, կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց չի թույլատրվել որևէ կերպ կապ հաստատել իրենց ընտանիքների կամ իրավաբանների հետ:

146. Հաշվի առնելով առկա բոլոր նյութերը, և այնքանով, որքանով այս բողոքներն իր իրավասության շրջանակում են՝ Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով ամրագրված իրավունքների և ազատությունների որևէ այլ խախտում: Հետևաբար գանգատն այս մասով պետք է մերժվի՝ որպես ակնհայտ անհիմն՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:

IX. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

147. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

Ա. Վնասը

148. Դիմումատուները պահանջել են համապատասխանաբար 4 400 ԱՄՆ դոլար, 9 570 ԱՄՆ դոլար և 9 120 ԱՄՆ դոլար՝ որպես նյութական վնասի հատուցում: Մասնավորապես, դիմումատուները նշել են, որ իրենց դատապարտելու պատճառով նրանք ենթադրաբար չեն կարողացել կատարել իրենց գյուղատնտեսական աշխատանքները, ինչի հետևանքով էլ եկամտի կորուստ են ունեցել: Երկրորդ և երրորդ դիմումատուները նաև նշել են, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց ընտանիքներն ապահովել են իրենց ուտելիքով և ծխախոտով: Դիմումատուները նաև պահանջել են յուրաքանչյուրը 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

149. Կառավարությունը նշել է, որ դիմումատուները չեն ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց՝ ի հաստատումն իրենց կրած նյութական վնասի: Ավելին, այս պահանջների և ենթադրյալ խախտումների միջև չկա որևէ պատճառահետևանքային կապ: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջներին, Կառավարությունը նշել է, որ եթե Դատարանը գտնի, որ տեղի է ունեցել խախտում, դա կլինի բավարար արդարացի փոխհատուցում: Ցանկացած դեպքում դիմումատուների կողմից պահանջվող գումարները չափազանցված են:

150. Դատարանը նշում է, որ դիմումատուները որևէ փաստաթղթային ապացույցով չեն հիմնավորել նյութական վնասի վերաբերյալ իրենց պահանջները. այդ իսկ պատճառով Դատարանը մերժում է այդ պահանջները: Մյուս կողմից՝ Դատարանը համարում է, որ դիմումատուները, անկասկած, կրել են ոչ նյութական վնաս: Դատարանը, որոշում կայացնելով արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհում է 7 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Բ. Ծախսերը և ծախքերը

151. Դիմումատուները նաև պահանջել են 21 650 ԱՄՆ դոլար և 3 319.99 ֆունտ ստեռլինգ (ՄԲՖ)` որպես հատուցում Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար: Որպես իրենց պահանջների հիմնավորում՝ դիմումատուները ներկայացրել են մանրամասն ժամանակացույցներ, որոնցում նշվում են ժամավճարի դրույքաչափերը:

152. Կառավարությունը նշել է, որ ներպետական և օտարերկրյա իրավաբանների մասով պահանջները պատշաճ հիմնավորված չեն փաստաթղթային ապացույցներով, քանի որ դիմումատուները չեն ներկայացրել որևէ պայմանագիր, որը կվկայեր իրավաբանների հետ ենթադրյալ ժամավճարով իրավաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ համաձայնության առկայության մասին: Չի ներկայացվել նաև վարչական ծախսերը հիմնավորող որևէ փաստաթղթային ապացույց: Ավելին, դիմումատուներն օգտվել են չափից ավելի շատ իրավաբանների ծառայություններից՝ չնայած այն հանգամանքին, որ գործն այնքան ծավալուն չի եղել նման անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Ընդ որում, ներպետական իրավաբանների կողմից ենթադրաբար պահանջված ժամավճարների դրույքաչափերը չափազանց բարձր են եղել: Ինչ վերաբերում է բողոքը և կից փաստաթղթերը թարգմանելու հետ կապված ծախքերին, ապա այս ծախքերն անհրաժեշտ չեն եղել, քանի որ դիմումատունները կարող էին այդ փաստաթղթերը ներկայացնել հայերենով:

153. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ, ու դրանց չափը ողջամիտ է: Սույն գործով Դատարանն ի սկզբանե նշում է, որ թարգմանչական ծախքերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չի ներկայացվել: Ինչ վերաբերում է իրավաբանների վարձատրությանը, Դատարանը գտնում է, որ ոչ բոլոր պահանջվող դատական ծախսերն են եղել անհրաժեշտ և ողջամիտ, ներառյալ՝ օտարերկրյա և ներպետական իրավաբանների կողմից կրկնակի կատարած աշխատանքը, ինչն արտացոլված է համապատասխան ժամանակացույցներում: Դատարանը, կատարելով իր սեփական գնահատումն առկա տեղեկությունների հիման վրա, դիմումատուներին միասին շնորհում է 7 000 եվրո գումար՝ որպես կրած ծախսերի և ծախքերի հատուցում, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով և փոխանցվի Միացյալ Թագավորությունում դիմումատուների ներկայացուցիչների բանկային հաշվեհամարներին:

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

154. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի, 6-րդ հոդվածի 1-ին կետի, 3-րդ կետի «ա»-«դ» ենթակետերի և 14-րդ հոդվածի, ինչպես նաև Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի մասով բողոքներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուների վարչական կալանքի առնչությամբ.

3. Վճռում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մասով բողոքն առանձին քննելու անհրաժեշտություն չկա.

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում այն առումով, որ դիմումատուներին ազատությունից զրկելը եղել է կամայական և անօրինական.

5. Վճռում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի մասով բողոքներն առանձին քննելու անհրաժեշտություն չկա.

6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ 6-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համակցությամբ, այն առումով, որ դիմումատուների նկատմամբ չի իրականացվել արդար դատաքննություն, մասնավորապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրանց դեմ հարուցված երկու վարչական վարույթների ժամանակ էլ նրանց չի տրամադրվել բավարար ժամանակ և հնարավորություններ՝ իրենց պաշտպանությունը նախապատրաստելու համար.

7. Վճռում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մասով մյուս բողոքները քննելու անհրաժեշտություն չկա.

8. Վճռում է, որ դիմումատուներից յուրաքանչյուրի դատապարտումների առումով տեղի է ունեցել Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում.

9. Վճռում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի մասով բողոքն առանձին քննելու անհրաժեշտություն չկա.

10. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները.

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 7 000 եվրո (յոթ հազար եվրո) յուրաքանչյուր դիմումատուի՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի ՀՀ դրամի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 7 000 եվրո (յոթ հազար եվրո) բոլոր դիմումատուներին միասին՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի ֆունտ ստեռլինգի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, և փոխանցվի Միացյալ Թագավորությունում դիմումատուների ներկայացուցիչների բանկային հաշվեհամարներին.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

11. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի ապրիլի 10-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

Սանտիագո Կեսադա Քարտուղար Ջուսեփ Կասադևայ Նախագահ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։