Անցնել բովանդակությանը

Հոդված 182. Միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 182. Միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը

«Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը կամ ուղղիչ աշխատանքների նշանակում մեկից մինչև երկու ամիս ժամանակով՝ վաստակի քսան տոկոսի պահումով, իսկ այն դեպքում, երբ ըստ գործի հանգամանքների, հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար՝ վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով»:

III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

Ա. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) թիվ 1374(2004) բանաձևը. Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին, 2004 թվականի ապրիլի 28

64. Բանաձևի համապատասխան քաղվածքներով նախատեսվում է հետևյալը.

«1. 2004 թվականի մարտ ամսվա վերջից սկսած՝ Հայաստանում ընդդիմադիր ուժերը կազմակերպել էին մի շարք բողոքի ցույցեր՝ կոչ անելով անցկացնել «վստահության հանրաքվե» նախագահ Քոչարյանին: Նման հանրաքվեի հնարավորության մասին առաջին անգամ հիշատակել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն անցյալ տարվա փետրվար և մարտ ամիսների նախագահական ընտրություններից հետո: Հետագայում Սահմանադրական դատարանը պարզաբանեց իր առաջարկը, և ընդդիմության պահանջներն ու բողոքի ցույցերն իշխանությունները որակեցին որպես բռնի իշխանափոխության փորձ:

2. Չնայած ցույցերը հայտարարված էին, դրանք թույլատրված չէին իշխանությունների կողմից, որոնք սպառնում էին քրեական գործ հարուցել կազմակերպիչների դեմ: Ապրիլի 5-ի ցույցերից հետո գլխավոր դատախազը քրեական գործ հարուցեց ընդդիմության որոշ ներկայացուցիչների դեմ՝ ընդդիմության կուսակցությունների հանրահավաքների կապակցությամբ, և շատերը ձերբակալվեցին: Նույն ցույցի ժամանակ անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի քանի լրագրողների և քաղաքական գործիչների, մինչդեռ ներկա գտնվող ոստիկանները ոչ մի գործողություն չեն ձեռնարկել:

3. Ապրիլի 9-ին, 10-ին և 12-ին Երևանում տեղի ունեցան նոր ցույցեր: Ապրիլի 13-ին՝ վաղ առավոտյան, օրինապահ մարմինները բռնությամբ ցրել են մոտ 2000-3000 ցուցարարների, որոնք փորձում էին շարժվել դեպի նախագահական նստավայր՝ պահանջելով նախագահ Քոչարյանի հրաժարականը: Մեր տեղեկությունների համաձայն՝ ոստիկանները կիրառել են մահակներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ արդյունքում պատճառելով տասնյակ վնասվածքներ: Մի շարք ցուցարարներ ձերբակալվել են, այդ թվում՝ Խորհրդարանի պատգամավորներ, ներառյալ՝ Վեհաժողովի անդամներ, ընդ որում, ձերբակալվածներին պահելու վայրում ոմանք ոչ պատշաճ վերաբերմունքի են արժանացել ոստիկանության կողմից: Անվտանգության ուժերը նաև ֆիզիկական ուժ են կիրառել ընդդիմության հանրահավաքը լուսաբանող մի քանի լրագրողների նկատմամբ և ձերբակալել նրանց:

4. Հայաստանում լարվածությունը շարունակում է մնալ բարձր. նոր բողոքի ցույցեր են նախատեսված ապրիլի 26-ից մեկ շաբաթվա ընթացքում: Առայժմ իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության բավարար հիմքեր կարծես չկան, չնայած որ որոշ առաջարկներ արվել են, և իշխող մեծամասնության որոշ անդամներ, օրինակ՝ ՀՀ խորհրդարանի խոսնակը, սկսել են քննադատել ցույցերի բռնի ճնշումը:

5. Ինչ վերաբերում է իշխանությունների գործելակերպին՝ Խորհրդարանական վեհաժողովը ... մասնավորապես մտահոգություն է հայտնել հետևյալ փաստերի շուրջ.

i. ձերբակալությունները, այդ թվում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիման վրա, անտեսել են վարչական կալանքի պրակտիկային անհապաղ վերջ տալու և այդ պրակտիկայի համար իրավական հիմք ծառայող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջը, ...

9. Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ ...

iii. անհապաղ ազատ արձակել այն անձանց, որոնք ձերբակալվել են ցույցերին մասնակցելու համար, և անհապաղ դադարեցնել վարչական կալանքի կիրառման պրակտիկան և համապատասխան փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ...»:

Բ. ԵԽԽՎ-ի Կոմիտեի՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին զեկույց, Փաստաթուղթ թիվ 10163, 2004 թվականի ապրիլի 27

65. Զեկույցը պարունակում է ԵԽԽՎ-ի թիվ 1374 բանաձևի նախագծի վերաբերյալ բացատրական հուշագիր: Բացատրական հուշագրի համապատասխան քաղվածքով նախատեսվում է հետևյալը.

«Մարտի վերջից Հայաստանում ընդդիմադիր ուժերը որոշեցին կազմակերպել զանգվածային բողոքի ցույցեր՝ ստիպելու համար անցկացնել նախագահ Քոչարյանի «վստահության հանրաքվե»: Անցյալ տարվա փետրվարին և մարտին անցկացված՝ միջազգային հանրության կողմից խիստ քննադատության արժանացած նախագահական ընտրություններից հետո այդպիսի հանրաքվեի հնարավորության մասին առաջին անգամ հիշատակեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը: ...

Հայաստանի իշխանություններն ընդդիմության՝ բողոքի ցույցեր անցկացնելու կոչերին արձագանքեցին քաղաքական ահաբեկումներով և վարչական ու դատական հետապնդումներով: Բողոքի ցույցերն սկսելուն պես արձագանքն ավելի դաժան էր: Ցույցերը դաժանաբար ցրվել են, ծեծի են ենթարկվել լրագրողներ, ընդդիմության մեծ թվով աջակիցներ ձերբակալվել են և ընդդիմադիր կուսակցության շենքեր են ներխուժել ոստիկանները:

...

2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից հետո 2004 թվականի հունվարին Վեհաժողովն ընդունեց մոնիթորինգի իր երկրորդ զեկույցը: Այս առիթով ընդունված թիվ 1361 բանաձևում նշվել է վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած մի շարք հուսադրող զարգացումների մասին...

Այնուամենայնիվ, Բանաձևում ... խստորեն քննադատվում են 2003 թվականին տեղի ունեցած [նախագահական և խորհրդարանական] ընտրությունները: Ավելին, դրանում թվարկվել են Հայաստանի իշխանությունների՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ վարքագծի վերաբերյալ մի շարք մտահոգություններ և հույս է հայտնվել, որ այս խնդիրները հրատապ լուծում կստանան Եվրոպայի խորհրդի չափանիշներին և սկզբունքներին համապատասխան:

Ցավոք, 2004 թվականի մարտին և ապրիլին տեղի ունեցած իրադարձություններին Հայաստանի իշխանությունների արձագանքը ցույց է տալիս, որ Վեհաժողովի՝ ավելի մեծ առաջընթաց գրանցելու պահանջը անտեսվել է, և Վեհաժողովի որոշ առանցքային մտահոգությունների մասով իրավիճակը նույնիսկ վատթարացել է:

Վարչական կալանքը

Ինչ վերաբերում է վարչական կալանքի խայտառակ և շարունակական կիրառմանը, թիվ 1361 բանաձևում իշխանություններին կոչ է արվում փոփոխել Վարչական օրենսգիրքը՝ կազմակերպության չափանիշներին չհամապատասխանող այս պրակտիկային վերջ դնելու համար: Վեհաժողովը պահանջել է նաև մինչև 2004 թվականի ապրիլ ամիսն այդ նոր նախագիծը ներկայացնել Եվրոպայի խորհրդի փորձագետներին:

Այդ պրակտիկային անմիջապես վերջ դնելու և դրա հետ կապված անհրաժեշտ օրենսդրական նախագծեր կազմելու փոխարեն Հայաստանի իշխանությունները վերջին իրադարձությունների ընթացքում դիմեցին վարչական կալանքի լայն կիրառմանը: Չնայած շատ դժվար է ճշտել ձերբակալված անձանց հստակ թիվը և նրանց կալանքի համար կիրառված իրավական հիմքը, շատ զեկույցներում նշվում է, որ նրանց թիվը տատանվել է երկուսից երեք հարյուրի սահմաններում:

Վեհաժողովը կրկնում է վարչական կալանքի կիրառման պրակտիկային անմիջապես վերջ դնելու իր պահանջը: Վարչական օրենսգիրքը պետք է անհապաղ վերանայվի: ...»:

Գ. «Հյուման Րայթս Ուոթչ» [Human Rights Watch] կազմակերպության ամփոփաթերթը, 2004 թվականի մայիսի 4, Ճնշումների շրջանը. Հայաստանում մարդու իրավունքների խախտումները

66. Ամփոփաթերթի համապատասխան քաղվածքներում ասվում է հետևյալը.

«2004 թվականի մարտի վերջին Հայաստանի քաղաքական ընդդիմությունը միավորվեց զանգվածային խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու գաղափարի շուրջ՝ ստիպելու համար անցկացնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վստահության հանրաքվե», ինչպես նաև նրա հրաժարականը պահանջելու համար: Ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, զանգվածային ձերբակալություններով, ցույցեր ցրելու նպատակով բռնի ուժ կիրառելով, քաղաքական ընդդիմության շտաբներ ներխուժելով, լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրելով և ցույցերին ժողովրդի մասնակցությունը կանխելու նպատակով տեղաշարժը սահմանափակելով, սկսեց արշավ՝ քաղաքական ընդդիմությանը ժողովրդի աջակցությունը դադարեցնելու համար: Հարյուրավոր մարդիկ կալանավորվեցին, շատերը՝ մինչև տասնհինգ օր ժամկետով, ոմանք ձերբակալվածներին պահելու վայրերում ենթարկվեցին խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի...

Ընդդիմության պահանջը պայմանավորված էր Կառավարության կողմից 2003 թվականի խորապես խեղաթյուրված նախագահական ընտրությունների արդյունքները մինչ այդ պահը չուղղելու փաստով. ըստ այդ արդյունքների՝ հաղթել էր գործող նախագահ Քոչարյանը: Մտահոգիչ է այն, որ Կառավարությունն այժմ էլ, ավելի մեծ բռնություն կիրառելով, կրկնում է անցյալ տարվա ընտրություններն ուղեկցած ճնշումները: Այդ ժամանակ միջազգային հանրությունը զգուշացրել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որ պետք է դադարեցվի ձերբակալությունների և վարչական կալանքների միջոցով ընդդիմությանն ահաբեկելը: Այնուամենայնիվ, 2004 թվականի մարտին և ապրիլին Հայաստանի կառավարությունը ոչ միայն սկսեց կալանքների նոր արշավ, այլև ահաբեկելու դեպքերին ավելացրեց նաև անվտանգության ուժերի կողմից բռնությունները:

2004 թվականի մարտի վերջին հիմնական ընդդիմադիր խմբակցություններից երկուսը՝ «Արդարություն» դաշինքը, որը կազմված է 9 կուսակցություններից, ներառյալ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը» և «Ազգային միաբանություն» կուսակցությունը, միավորեցին իրենց ուժերը և հայտարարեցին իրենց գործողությունների արշավի մասին: Այս քայլից հետո ընդդիմությունն ավելի շատ ջանք ներդրեց՝ հայտարարություններ անելով և Հայաստանի մարզերում ուժերը մոբիլիզացնելով: Իշխանությունները դրան պատասխանեցին ազատ տեղաշարժման սահմանափակմամբ, կալանավորումներով և ընդդիմության արշավի կազմակերպիչներին քրեական հետապնդման սպառնալիքներով: ...

[Ապրիլի 5-ից] Երևանում կայուն կերպով աճեց հանրահավաքների, ինչպես նաև ընդդիմության կալանավորված կամ այլ կերպ ահաբեկված աջակիցների թիվը: «Հանրապետություն» կուսակցության հաշվարկներով, մարտի վերջից մինչև [ապրիլի 12-ը] ոստիկանությունը ձերբակալել, խուզարկել կամ ճնշել է իր աջակիցներից ավելի քան 300 հոգու: ...

2004 թվականի մարտի վերջից ապրիլի կեսն ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը, ճանապարհներին արգելափակոցներ տեղադրելով, մեքենաները կանգնեցնելով, ուղևորներին հարցաքննելով և չթույլատրելով տեղաշարժվել նրանց, ում կարծում էր ընդդիմության աջակից, սահմանափակեց դեպի Երևան հանրահավաքներին մասնակցելու նպատակով երթևեկելու փորձեր կատարող ընդդիմության համակիրների տեղաշարժը: ...

[Ապրիլի 5-ի] առավոտյան՝ ժամը [10.30 - 12.00-ն ընկած ժամանակահատվածում], ոստիկանությունն անցակետում կանգնեցրել է «Ազգային միաբանություն» կուսակցության ինն անդամների երեք մեքենան այն պահին, երբ նրանք Հայաստանի երրորդ մեծ քաղաքից՝ Վանաձորից, հիմնական ճանապարհով ուղևորվում էին դեպի Երևան: Նրանք մտադիր էին մասնակցել Երևանում [ժամը 15.00-ին] անցկացվելիք հանրահավաքին: Ոստիկանությունը պահեց ինը տղամարդկանց Վանաձորի ոստիկանության բաժնում՝ ենթադրաբար ասելով, որ «մենք ձեզ փրկել ենք Երևանում ծեծի ենթարկվելուց»: Ոստիկանությունը տղամարդկանցից երեքին ներկայացրեց տեղական դատարան, որը նրանց դատապարտեց հնգօրյա վարչական կալանքի՝ ոստիկանի կարգադրություններին չենթարկվելու համար: ...

Դժվար է հստակ նշել 2004 թվականի ապրիլի սկզբից կալանավորված ընդդիմության աջակիցների ընդհանուր թիվը: Մինչև ապրիլի 17-ը «Արդարություն» դաշինքը փաստել էր ընդդիմության 327 աջակիցների կալանավորման մասին, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հաշվարկել է, որ իր անդամներից մոտ 300 հոգի կա՛մ կալանավորվել են, կա՛մ ճնշումների ենթարկվել, կա՛մ էլ ենթարկվել խուզարկությունների: ...

[Ընդդիմության որոշ աջակիցներ] կալանավորվել և պահվել են մի քանի ժամից մինչև տասնհինգ օր ժամկետով: Շատերը պահվել և ազատ են արձակվել առանց փաստաթղթային ձևակերպման կամ առանց կատարված ձերբակալության գրանցման: Մյուսները տարվել են դատարան և նրանց նկատմամբ սահմանվել է պատիժ՝ արգելանք, մինչև տասնհինգ օր ժամկետով՝ Վարչական օրենսգրքով նախատեսված մանր իրավախախտումների համար:

Դատաքննությունները մակերեսային են եղել, անտեսվել են արդար դատաքննության միջազգային բոլոր երաշխիքները և կրկնվել են 2003 թվականի նախագահական ընտրություններին գրանցված վարչական կալանքի չարաշահման օրինակները: Վարչական գործերով մեղադրյալներին չէր թույլատրվում օգտվել իրավաբանի ծառայություններից, նրանք ապացույց ներկայացնելու հնարավորություն չեն ունեցել և որպես կանոն, մեղադրվել են ոստիկանների՝ արձանագրություններում ներկայացված ապացույցների հիման վրա: Բողոքարկման գործնական արգելքները փաստացիորեն անհնարին են դարձնում գործերը բարձր ատյաններում ներկայացնելը: ...»

Դ. Եվրոպա և Կենտրոնական Ասիա. «Amnesty International» կազմակերպության՝ տարածաշրջանում մտահոգությունների ամփոփ նկարագիրը, 2004 թվականի հունվար-հունիս

67. Զեկույցը բովանդակում է Հայաստանին նվիրված գլուխ, որի համապատասխան քաղվածքներով նախատեսվում է հետևյալը.

«[2004 թվականի] ապրիլին ընդդիմության ցույցերը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից սկսած զանգվածային հրապարակային բողոքի ցույցերի երկամսյա արշավի մի մասն էին: ... Ըստ ստացված տեղեկությունների՝ իրենց արշավի ընթացքում ամբողջ երկրով մեկ ընդդիմության հարյուրավոր աջակիցներ, ներառյալ՝ ընդդիմադիր կուսակցության ականավոր անդամները կամայականորեն կալանավորվել են, իսկ տասնյակները դատապարտվել են 15-օրյա վարչական կալանքի՝ դատաքննություններից հետո, որոնք, ըստ պնդումների, շատ հեռու էին արդար դատաքննության միջազգային չափանիշներին համապատասխանելուց:...»

Ե. Տարեկան զեկույց. 2004 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին

68. Զեկույցի համապատասխան քաղվածքներով նախատեսվում է հետևյալը.

«3.4 Ազատ տեղաշարժման իրավունք

Պաշտպանի գործողունեության սկիզբը համընկել է 2004 թվականի մարտ- ապրիլ ամիսներին հանրապետությունում անցկացվող հանրահավաքների հետ:

Ընդդիմությունը սկսել է ցույցեր և ժողովներ անցկացնել տարբեր մարզերում դեռևս փետրվարի սկզբներից: Այդ ժողովներին իշխանությունների կողմից միջամտություն չի եղել:

Իշխանությունների առաջին միջամտությունը ցույցերին տեղի է ունեցել մարտի վերջին՝ Գյումրիում, որի արդյունքում ձերբակալվել են ցույցի մասնակիցներ և հարուցվել են քրեական գործեր: ...

Ապրիլին մայրաքաղաքում անցկացված ցույցերի առնչությամբ Պաշտպանը ոստիկանության գործողություններում արձանագրել է մարդու իրավունքների մի շարք խախտումներ:

Ցույցերի օրերին արձանագրվել են մարզերից դեպի մայրաքաղաք հասարակական տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումներ ոստիկանության կողմից, որով խախտվել է հանրապետությունում քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը: ...

Այդ օրերին հաճախակի են դարձել վարչական իրավախախտումների համար անձանց ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու և դատարանի որոշմամբ վարչական կարգով կալանավորելու դեպքերը։

Նման գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նաև չարաշահվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության պահանջները. «զազրախոսելը» գնահատվել է որպես վարչական կարգով անձին կալանքով պատժելու հիմք: ...

3.5 Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք

«Պաշտպանի կողմից դատարաններից վերցվել և ուսումնասիրվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր: Դրանց արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին, և հաշվի առնելով այդ գործերով պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահումների հանգամանքը՝ առաջարկվել է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Պաշտպանի հայտնաբերած փաստերի մի մասն առանձնացվել և ուղարկվել է Արմավիրի մարզի դատախազին՝ դրանք ստուգելու և ընթացք տալու համար: Մարզի դատախազը հետագայում հաղորդել է, որ հանցագործության նշաններ չեն հայտնաբերվել, իսկ որոշ ոչ էական խախտումների համար ոստիկանության համապատասխան աշխատակիցները ստացել են դիտողություն»:

Զ. «Այբ-Ֆե» շաբաթաթերթում տպագրված հոդվածը, 2004 թվականի մայիսի 14-ից 20-ը

69. Տեղական «Այբ-Ֆե» շաբաթաթերթը տպագրել է Հայաստանի փաստաբանների միջազգային ասոցիացիայի նախագահ պրն Տ. Տեր-Եսայանի հարցազրույցը (ՀՓՄԱ), որը ներառում էր ընդդիմադիր ուժերի և ՀՓՄԱ-ի համատեղ ջանքերով կազմված այն ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների ցուցակը, որոնք 2004 թվականի ապրիլին և մայիսին ենթադրաբար կալանավորվել են իշխանությունների կողմից: Ցուցակը ներառում էր ընդհանուր առմամբ 476 անուն և 98-րդ, 190-րդ և 100-րդ համարների տակ ներկայացված էին համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ դիմումատուների անունները:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՍՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՉՍՊԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

70. Կառավարությունը պնդել է, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածի հիման վրա Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահին իրենց դատապարտման մասով բողոք չներկայացնելով՝ դիմումատուները չեն սպառել իրենց գանգատում բարձրացված բոլոր բողոքների մասով իրավական պաշտպանության ներպետական միջոցները:

71. Դիմումատուները վիճարկել են Կառավարության առարկությունը:

72. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է այս հարցը և գտել է, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված վերանայման հավանականությունը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէ (տե՛ս վերևում հիշատակված՝ Գալստյանի գործը, § 42): Հետևաբար Կառավարության առարկությունը պետք է մերժվի:

II. ԲՈՂՈՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

73. Դատարանը նպատակահարմար է հարմարում դիմումատուների ամբողջական բողոքի լույսի ներքո առաջին հերթին ուսումնասիրել արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքների ենթադրյալ խախտումների կապակցությամբ դիմումատուների բողոքները:

74. Դատարանը նաև հնարավոր է համարում երեք դիմումատուների կողմից ներկայացված՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի, 6-րդ, 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածների և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի կապակցությամբ բողոքների համատեղ ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով դրանցում առկա փաստերի նմանությունը և դրանցում արված պնդումների՝ գործնականում նույնական բնույթը:

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

75. Դիմումատուները բողոքում են, որ իրենց ձերբակալությունները և կալանքը միջոցներ էին, որոնք իշխանությունները կիրառել են քաղաքական հայացքների համար իրենց պատժելու և 2004 թվականի ապրիլի սկզբին Երևանում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերին մասնակցությունը կանխելու նպատակով: Նրանք վկայակոչել են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածները, որոնցով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։