Հոդված 13
Հոդված 13
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
Ա. Կողմերի փաստարկները
49. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի ենթադրյալ խախտման առնչությամբ իր տրամադրության տակ ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցներ՝ ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով: Մասնավորապես, դիմումատուն ազատ էր, ՎԴՕ-ի 68-րդ հոդվածի համաձայն, ճանաչման հայց ներկայացնելու՝ վիճարկելով ոստիկանության գործողությունները, մասնավորապես՝ Ազատության հրապարակի հավաքը ցրելը: Այն պնդել է, որ պաշտպանության այս միջոցն ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում ադյունավետ է եղել՝ նշելով, որ քննարկվող ժամանակահատվածում եղել են դեպքեր, երբ հայցվորները 11-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների վերաբերյալ հաջողությամբ վարույթ են հարուցել Վարչական դատարանում, և, ի հիմնավորումն իրենց փաստարկի, ներկայացնելով 2008 թվականի օգոստոսից հոկտեմբերն ընկած ամիսների ընթացքում տվյալ դատարանի կողմից կայացված երեք վճիռների պատճեններ: Պաշտպանության այս միջոցից չօգտվելով՝ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, և 11-րդ հոդվածի համաձայն ներկայացված նրա բողոքն այդպիսով անընդունելի է:
50. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ 11-րդ հոդվածը կիրառելի չէր Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի նկատմամբ, քանի որ այն խաղաղ բնույթ չէր կրում: Նույնիսկ եթե ենթադրենք, որ 11-րդ հոդվածը կիրառելի էր, հավաքը ցրելն արդարացվում էր տվյալ պահին գործող «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով: Ոստիկանության ծառայողները 2008 թվականի մարտի 1-ի հավաքը դադարեցնելու մտադրություն չեն ունեցել, և նրանց միակ մտադրությունը եղել է զենքիստուգում իրականացնելը, ինչին ցուցարարները բռնությամբ են արձագանքել: Ուստի հավաքը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է ինքնաբուխ կերպով՝ ի պատասխան այդ բռնության: Այդպիսով, միջամտությունը համաչափ և անհրաժեշտ է եղել, քանի որ ոչ մի ժողովրդավարական հասարակություն չէր կարող հանդուրժել մեծ ամբոխի կողմից [դրսևորած] այդպիսի ագրեսիվ վարքը և անկարգությունը: Ավելին, իշխանություններն Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքի նկատմամբ ցուցաբերել են շատ մեղմ մոտեցում՝ թույլատրելով դրա ընթացքը 2008 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը՝ չնայած այն փաստին, որ այն կազմակերպվել էր ներպետական օրենսդրության խախտմամբ, և այդպիսով ապահովելով դրա մասնակիցների՝ հավաքների ազատության իրավունքը:
51. Դիմումատուն չի պատասխանել Կառավարության փաստարկներին՝ պատշաճ ժամկետում չներկայացնելով իր դիտարկումները:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
52. Նկատի ունենալով Կառավարության՝ պաշտպանության միջոցներից չօգտվելու մասին պնդումը (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը), Դատարանը համարում է, որ այդ խնդիրը սերտորեն կապված է դիմումատուի՝ իր տրամադրության տակ հավաքների ազատության իր իրավունքի ենթադրյալ խախտման առնչությամբ պաշտպանության արդյունավետ միջոց չունենալու վերաբերյալ բողոքի էական հիմքի հետ: Այդպիսով, Դատարանն անհրաժեշտ է համարում Կառավարության առարկությունը միացնել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքի ըստ էության քննությանը (տե՛ս Անանևը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Ananyev and Others v. Russia], թիվ 42525/07 և թիվ 60800/08, § 70, 2012 թվականի հունվարի 10):
53. Ինչ վերաբերում է Կառավարության՝ [Կոնվենցիայի] 11-րդ հոդվածի՝ ոչ կիրառելի լինելու մասին պնդմանը, Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանվում է միայն «խաղաղ հավաքների» իրավունքը, հասկացություն, որը չի ընդգրկում այն ցույցը, որտեղ կազմակերպիչները և մասնակիցներն ունեն բռնի մտադրություններ (տե՛ս Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania [GC]], թիվ 37553/05, § 92, ՄԻԵԴ 2015): Դատարանը նշում է, որ այն արդեն քննել և մերժել է Կառավարության կողմից ներկայացված համանման բողոք՝ գտնելով, որ բավարար և համոզիչ ապացույցներ չկան՝ եզրակացնելու համար, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքի կազմակերպիչները և մասնակիցներն ունեցել են բռնի մտադրություններ, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia], թիվ 23086/08, §§ 229-233, 2018 թվականի սեպտեմբերի 20): Հետևաբար, Դատարանը մերժում է այս առարկությունը։
54. Դատարանը նշում է, որ այդ բողոքները, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
2. Ըստ էության քննությունը
ա) Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը
55. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետում նշված` իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու կանոնով դիմումատուները պարտավորվում են նախ և առաջ օգտվել իրավական պաշտպանության այն միջոցներից, որոնք սովորաբար հասանելի և բավարար են ներպետական իրավական համակարգում՝ [իրավունքի] ենթադրյալ խախտումների համար փոխհատուցում ստանալու համար (տե՛ս Դեմոպուլոսը և այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում) [ՄՊ] [Demopoulos and Others v. Turkey] (dec.) [GC]], թիվ 46113/99 և այլն, ՄԻԵԴ 2010): Իրավական պաշտպանության այդպիսի միջոցների առկայությունը պետք է լինի բավարար չափով որոշակի ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում, որպիսին չլինելու դեպքում դրանք չեն ունենա մատչելիության և արդյունավետության անհրաժեշտ մակարդակ (տե՛ս Պակսասն ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Paksas v. Lithuania] [GC]], թիվ 34932/04, § 75, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ)): Իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին պնդում անող Կառավարության պարտականությունն է Դատարանում ապացուցել, որ իրավական պաշտպանության այդ միջոցները եղել են արդյունավետ, տվյալ ժամանակահատվածում տեսականորեն ու գործնականում մատչելի, այսինքն` դրանք եղել են հասանելի, դրանց միջոցով հնարավոր է եղել դիմումատուի բողոքների մասով փոխհատուցում տրամադրել, ինչպես նաև դրանով ընձեռվել են հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություններ (տե՛ս Քենեդին ընդդեմ Միացյալ Թագավորության [Kennedy v. the United Kingdom], թիվ 26839/05, § 109, 2010 թվականի մայիսի 18)։ Այն դեպքում, երբ ապացուցման այս պարտականությունը կատարված է, արդեն դիմումատուն պետք է ապացուցի, որ Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը փաստացի սպառվել է կամ ինչ-ինչ պատճառներով գործի կոնկրետ հանգամանքներում եղել է ոչ պատշաճ և անարդյունավետ (տե՛ս Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Selmouni v. France [GC]], թիվ 25803/94, § 76, ՄԻԵԴ 1999-V):
56. Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորվում է ազգային մակարդակով իրավական պաշտպանության միջոցի մատչելիությունը՝ Կոնվենցիոն իրավունքների և ազատությունների էությունն ապահովելու նպատակով՝ անկախ դրանց արտահայտման ձևից։ Այդ դրույթի նշանակությունը, այդպիսով, պահանջելն է Կոնվենցիային համապատասխան իրավական պաշտպանության ներպետական միջոցների տրամադրում՝ «վիճելի բողոքի» էության հետ գործ ունենալու և դատական պաշտպանության արդյունավետ միջոց տրամադրելու համար: Պայմանավորվող պետությունների՝ 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների շրջանակը տարբերվում է՝ կախված դիմումատուի բողոքի բնույթից։ Այնուամենայնիվ, ինչպես նշվել է վերևում, 13-րդ հոդվածով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ» ինչպես գործնականում, այնպես էլ օրենքի մակարդակով: 13-րդ հոդվածի իմաստով «իրավական պաշտպանության միջոցի» «արդյունավետությունը» կախված չէ դիմումատուի համար նպաստավոր ելքի որոշակիությունից, այլ այն պետք է ունակ լինի կա՛մ կանխելու ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակվելը, կա՛մ տրամադրելու պատշաճ փոխհատուցում արդեն տեղի ունեցած ցանկացած խախտման համար (տե՛ս Անանևի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 96, և Խլաիֆիան և այլք ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Khlaifia and Others v. Italy [GC]], թիվ 16483/12, § 268, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ)):
57. Սույն գործով դիմումատուն պնդել է, որ ինքը չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ոստիկանության գործողությունների՝ մասնավորապես Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքի՝ ուժով դադարեցման առնչությամբ, մինչդեռ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն կարող էր այդ հարցը բարձրացնել դատարաններում, ինչը նա չի արել և այդպիսով չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Այս առնչությամբ Կառավարությունը վկայակոչել է ՎԴՕ-ի 68-րդ հոդվածը: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ թեև Կառավարությունը, ի հիմնավորումն իր փաստարկի, ներկայացրել է երեք վճիռների պատճեններ, ոչնչից չի կարելի ենթադրել, որ այդ վճիռները Վարչական դատարանի կողմից կայացվել են ՎԴՕ-ի 68-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով: Փաստացի, վճիռներից մեկում հստակորեն նշված է, որ հայցը ներկայացվել է ՎԴՕ-ի 65-րդ հոդվածի համաձայն, մինչդեռ մյուս երկու վճիռներում ոչինչ չի ասվում այդ հարցի վերաբերյալ: Եվ որ ամենակարևորն է, բոլոր երեք վճիռները վերաբերում են միջամտող վարչական ակտերի դեմ ներկայացված վիճարկումներին, ինչպիսիք են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կայացրած որոշումը, որով արգելվում էր անցկացնել հանրահավաք, ի հակադրություն ցույցի ընթացքում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված որևէ միջամտող գործողության, այդ թվում՝ դրա ցրման կամ ուժով դադարեցման: Հետևաբար, Կառավարությունը չի ներկայացրել սույն դեպքին համանման իրավիճակում ՎԴՕ-ի 68-րդ հոդվածի կիրառման որևէ օրինակ: Դա ավելի է խորացել այն փաստով, որ այդ հոդվածի կիրառելիությունն այնպիսի իրավիճակների նկատմամբ, ինչպիսին է քննարկվողիրավիճակը, ակնհայտ չէ նաև դրա շարադրանքից: Մասնավորապես, թեև այդ հոդվածի 3-րդ պարբերությամբ նշվում է «այլևս իրավաբանական ուժ չունեցող» միջամտող վարչական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի հնարավորությունը, սա կիրառվում է միայն այն գործողության նկատմամբ, որն «այլևս իրավաբանական ուժ չունի», և որը, կախված «ա»-«գ» կետերում նշված որոշակի պայմաններից, անօրինական ճանաչելու մեջ դիմումատուն իրավաչափ շահագրգռվածություն ունի, որոնցից ոչ մեկը սույն գործով, կարծես թե, առկա չէ: Հետևաբար, պարզ չէ, թե արդյոք 68-րդ հոդվածի 3-րդ մասը կարող էր կիրառվել ոստիկանության այնպիսի գործողությունների նկատմամբ, ինչպիսին է սույն գործով հավաքը ցրելը: Հաշվի առնելով հստակության այդպիսի բացակայությունը և ներպետական գործելակերպի օրինակների բացակայությունը, Դատարանը համարում է, որ Կառավարությունը չի կարողացել ցույց տալ, իսկ հակառակ դեպքում այլ պատճառներ չկան կարծելու, որ դիմումատուն ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց հավաքների ազատության իր իրավունքի միջամտության առնչությամբ:
58. Հաշվի առնելով վերոնշյալը, Դատարանը մերժում է Կառավարության առարկությունն իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասով և գտնում է, որ դիմումատուին, Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտմամբ, չի տրամադրվել իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոց 11-րդ հոդվածի համաձայն ներկայացված իր դժգոհությունների առնչությամբ:
բ) Կոնվենցիայի 11-րդ հոդվածը
i) Արդյո՞ք եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը
59. Դատարանը վերահաստատում է, որ միջամտությունը կարող է իրենից չներկայացնել ուղղակի արգելք՝ իրավական կամ փաստացի, այլ կարող է ներառել իշխանությունների կողմից ձեռնարկվող այլ տարբեր միջոցառումներ։ 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի և՛ հավաքից առաջ, և՛ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցառումների ներառմամբ, ինչպիսիք են նախնական արգելքը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժամիջոցները, այդ թվում՝ հանրահավաքին մասնակցելու համար կիրառված պատիժները (տե՛ս Նավալնին և Յաշինն ընդդեմ Ռուսաստանի [Navalnyy and Yashin v. Russia], թիվ 76204/11, 2014 թվականի դեկտեմբերի 4, ևԿուդրևիչիուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 100)։
60. Դատարանն ի սկզբանե նշում է, որ Կառավարությունը չի վիճարկել միջամտության փաստը, փոխարենը պնդել է, որ հավաքը չի եղել խաղաղ: Դատարանն այնուհետև նշում է, որ արդեն վճռել է, որ Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելը եղել է դրա մասնակիցների՝ հավաքների ազատության իրավունքի միջամտություն (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 234): Այս եզրահանգումն անկասկած կիրառելի է դիմումատուի նկատմամբ, որն Ազատության հրապարակում անցկացվող ցույցերի գլխավոր առաջնորդն էր, ավելին, հավաքը ցրելուընթացքում գտնվում էր այդ վայրում: Դատարանը եզրակացնում է, որ եղել է միջամտություն դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին։
ii) Արդյո՞ք միջամտությունը եղել է հիմնավորված
61. Դատարանը կրկին նշում է, որ միջամտությունը կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «սահմանված օրենքով», չհետապնդի 2-րդ կետով նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար (տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Galstyan v. Armenia], թիվ 26986/03, § 103, 2007 թվականի նոյեմբերի 15):
62. Սույն գործով Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշում կայացնել այն մասին, թե արդյոք միջամտությունը սահմանված է եղել օրենքով և հետապնդել է իրավաչափ նպատակ՝ հաշվի առնելով միջամտության անհրաժեշտության վերաբերյալ իր՝ ստորև ներկայացված եզրակացությունները (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդավարական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի [Christian Democratic People’s Party v. Moldova], թիվ 28793/02, §§ 49-54, ՄԻԵԴ 2006‑II, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 237):
63. Դատարանը նախ և առաջ վերահաստատում է, որ ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկով՝ հավաքների ազատության իրավունքով, նախատեսվում են մի շարք բացառություններ, որոնք պետք է մեկնաբանվեն նեղ իմաստով, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հիմնավորվի: Երբ ուսումնասիրվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների մասով սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», Պայմանավորվող պետություններին վերապահվում է հայեցողական լիազորությունների որոշակի, սակայն ոչ անսահմանափակ շրջանակ։ Ամեն դեպքում Դատարանն է վերջնական որոշում կայացնում սահմանափակման՝ Կոնվենցիայի հետ համատեղելիության մասին, և դա պետք է կատարվի կոնկրետ գործի հանգամանքները գնահատելու միջոցով (տե՛ս Կուդրեվիչիուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 142)։
64. Դատարանը նշում է, որ արդեն քննել է Ազատության հրապարակում անցկացվող հավաքին միջամտելու անհրաժեշտությունը և հանգել է այն եզրակացությանը, որ այն ցրելը կատարվել է առանց բավարար հիմնավորման և տեղի է ունեցել որոշակի կասկածելի հանգամանքներում, ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացումների և ուժի չհիմնավորված և անհամաչափ գործադրմամբ, և որ դա անհամաչափ միջոց էր, որն անցել էր ողջամտության այն սահմանները, որը հավաքների ազատությունը սահմանափակելիս կարելի էր ակնկալել իշխանություններից (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 240-248): Դատարանը սույն գործով այդ եզրակացությունից շեղվելու պատճառներ չի տեսնում։
65. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
66. Դիմումատուն նաև բողոքել է, որ իր ենթադրյալ տնային կալանքը և հավաքների ազատության իր իրավունքի միջամտությունը պայմանավորված են եղել իր քաղաքական հայացքներով և հանգեցրել են խտրականության: Դիմումատուն հղում է կատարել Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածին, սակայն Դատարանը համարում է, որ այդ բողոքը ենթակա է քննության՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն, ըստ որի՝
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:»:
67. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։
68. Դատարանը համարում է, որ այնքանով, որքանով վերաբերելի են դիմումատուի՝ իր «տնային կալանքի» հետ կապված խտրականության մասին պնդումները, գանգատի այս մասը պետք է համանման կերպով հայտարարվի անընդունելի՝ որպես Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն ակնհայտ անհիմն՝ հաշվի առնելով Դատարանի եզրահանգումները Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն (տե՛ս վերևում՝ 47-րդ պարբերությունը):
69. Ինչ վերաբերում է դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իր իրավունքի միջամտության հետ կապված խտրականության մասին պնդումներին, ապա Դատարանը, հաշվի առնելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն արած իր եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 63-65-րդ պարբերությունները), համարում է, որ անհրաժեշտ չէ քննել, թե արդյոք տվյալ գործով եղել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 11-րդ հոդվածի հետ համադրությամբ:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
70. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։
71. Դիմումատուն պատշաճ կերպով՝ Դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնի պահանջներով սահմանված կարգով, հայց չի ներկայացրել արդարացի փոխհատուցման վերաբերյալ: Հետևաբար, Դատարանը համարում է, որ նրան այդ մասով որևէ գումար շնորհելու անհրաժեշտություն չկա:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին նախնական առարկությունը միացնել գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.
2. Հայտարարում է դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտության և այդ առնչությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ համադրությամբ.
5. Վճռում է, որ բողոքը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ համադրությամբ քննելու անհրաժեշտություն չկա:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2019 թվականի ապրիլի 25-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ
Քարտուղարի տեղակալ Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս
Նախագահ