Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
շահումով խաղ` ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն.
մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքեր (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ.
կենդանի խաղ` ցանկացած խաղ, որին բացի խաղացողից մասնակցում է նաև խաղարկողը, կամ որին միաժամանակ մասնակցելու հնարավորություն է ընձեռված մի քանի խաղացողների` առանց խաղարկողի մասնակցության (բացառությամբ մեքենայացված խաղերի).
խաղատների գործունեության կազմակերպում` խաղատանը շահումով խաղերի անցկացում.
խաղատուն` այն խաղասրահը, որտեղ անց է կացվում կենդանի խաղ (խաղեր).
խաղասրահ` շինության ներսում այն տարածքը, որտեղ կազմակերպվում և անց են կացվում շահումով խաղեր.
խաղարկող` խաղը անցկացնելու կամ դրա ելքը հավաստելու համար խաղացողի հետ կազմակերպչի անունից և նրա կողմից լիազորված խաղին փաստացի մասնակցող կամ դրա խաղարկությունն իրականացնող ֆիզիկական անձ.
խաղացող` շահումով խաղին մասնակցող ֆիզիկական անձ կամ անձինք (բացի խաղարկողից).
կազմակերպիչ` օրենքով սահմանված կարգով շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած և շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեություն իրականացնելու միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություն.
լիազոր մարմին` շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորում և վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:
Ինտերնետ շահումով խաղ է համարվում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:
(2-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-22-Ն, խմբ., փոփ. 06.12.12 ՀՕ-231-Ն)