Հոդված 3
Հոդված 3
ՕՀՀՀԱ-ի կիրարկումը Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունների նկատմամբ
1. Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունների կարգավիճակը: Հաշվի առնելով սույն Համաձայնագրի Հոդված 4-ի պարբերություն 2-ի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հաշվետու ֆինանսական հաստատություն, որը գրանցվում է ՆԵԾ-ում ՆԵԾ-ի ՕՀՀՀԱ գրանցման կայքում և բավարարում է ՕՖՀ համաձայնագրի պայմանները, դիտվում է որպես պայմանները բավարարող հաստատություն և ենթակա չէ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնով նախատեսված պահումներին:
2. Հատուկ կանոններ Համաձայնություն չտրամադրած ԱՄՆ հաշիվների համար
ա) Հաշվի առնելով սույն Հոդվածի 2(բ) ենթապարբերությունը՝ Միացյալ Նահանգները չեն պահանջում Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունից հարկեր պահել՝ համաձայն ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 կամ 1472 բաժինների, չենթարկվող հաշվետիրոջ հաշվից (ինչպես սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 (դ)(6) բաժնում) կամ փակել այդպիսի հաշիվը, եթե.
(i) Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատությունը համապատասխանում է հաշվի նկատմամբ սույն Համաձայնագրի Հոդված 2-ի պարբերություն 1-ի հրահանգներին, և
(ii) Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմինը փոխանցում է ԱՄՆ Իրավասու մարմնին սույն Համաձայնագրի Հոդված 2-ի 2(ա) ենթապարբերությունում նկարագրված պահանջված տեղեկություններն այդպիսի պահանջ ստանալու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:
բ) Եթե սույն Հոդվածի 2(ա)(ii) ենթապարբերությունը չի կատարվում, Հայաստանի Հանրապետության Հաշվետու Ֆինանսական հաստատությունից պահանջվում է դիտարկել այդ հաշիվը որպես չենթարկվող հաշվետիրոջ հաշիվ, ինչպես սահմանված է ԱՄՆ Գանձապետարանի կանոնակարգով, ներառյալ՝ հարկեր պահելով, որտեղ դա պահանջվում է ԱՄՆ Գանձապետարանի նշված կանոնակարգով՝ սկսած սույն Համաձայնագրի Հոդված 2-ի 2(ա) ենթապարբերությունում նկարագրված պահանջը ստանալու ամսաթվից վեց ամիս հետո և ավարտելով այն ամսաթվին, երբ Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմինը ԱՄՆ Իրավասու մարմնին է փոխանցում պահանջված տեղեկությունները:
3. Առանձնահատուկ վերաբերմունք Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային պլանների նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է դիտարկեն Հավելված II-ում ներկայացված Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային պլանները որպես ներկայացված պահանջներին համապատասխանող ՕՖՀ-ներ կամ ազատված շահառու սեփականատերեր՝ ելնելով ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 և 1472 բաժինների նպատակներից: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային պլանը ներառում է կազմակերպություն, որը հիմնադրված է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և կարգավորվում է նրա օրենքներով կամ նախապես որոշված պայմանագրային կամ իրավաբանական միավոր, որը կոչված է ապահովելու կենսաթոշակներ կամ կենսաթոշակային նպաստներ կամ եկամուտ վաստակել այդպիսի նպաստներ ապահովելու համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, և մուծումների, բաշխումների, հաշվետվության, հովանավորության և հարկման կարգավորմամբ:
4. Այլ պահանջներին համապատասխանող ՕՖՀ-ների կամ ազատված շահառու սեփականատերերի բացահայտում և կարգավիճակ: Միացյալ Նահանգները պետք է դիտարկի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ոչ հաշվետու ֆինանսական հաստատություն որպես ներկայացված պահանջներին համապատասխանող ՕՖՀ կամ ազատված շահառու սեփականատերեր, ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնի իմաստով:
5. Հատուկ կանոններ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն հանդիսացող փոխկապակցված կազմակերպությունների և մասնաճյուղերի համար: Եթե Հայաստանի Հանրապետության որևէ Ֆինանսական հաստատություն, որն այլ առումներով բավարարում է սույն Համաձայնագրի Հոդված 2-ում նկարագրված պահանջներին կամ նկարագրված է սույն Հոդվածի 3 կամ 4 պարբերություններում, ունի փոխկապակցված կազմակերպություն կամ մասնաճյուղ, որը գործում է այնպիսի օրենսդրական դաշտում, որը թույլ չի տալիս այդպիսի փոխկապակցված կազմակերպությանը կամ մասնաճյուղին բավարարել մասնակից ՕՖՀ-ին կամ ներկայացված պահանջներին բավարարող ՕՖՀ-ին ներկայացված պահանջները ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնի իմաստով, ապա Հայաստանի Հանրապետության այդպիսի ֆինանսական հաստատությունը կշարունակի դիտարկվել որպես մասնակից ՕՖՀ, ներկայացված պահանջներին բավարարող ՕՖՀ կամ ազատված շահառու սեփականատեր, ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնի իմաստով՝ պայմանով, որ.
ա) Հայաստանի Հանրապետության Ֆինանսական հաստատությունը դիտարկում է յուրաքանչյուր այդպիսի փոխկապակցված կազմակերպություն կամ մասնաճյուղ որպես առանձին Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն և յուրաքանչյուր այդպիսի փոխկապակցված կազմակերպություն կամ մասնաճյուղ բացահայտում է իրեն որպես հարկային գործակալ՝ որպես Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն,
բ) յուրաքանչյուր այդպիսի փոխկապակցված կազմակերպություն կամ մասնաճյուղ բացահայտում է իր ԱՄՆ հաշիվները և հայտնում է ՆԵԾ-ին այդ հաշիվների մասին տեղեկությունները, ինչպես նախատեսված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնով՝ փոխկապակցված կազմակերպություններին կամ մասնաճյուղերին վերաբերող համապատասխան օրենքների թույլատրելի սահմաններում, և
գ) այդպիսի փոխկապակցված կազմակերպությունը կամ մասնաճյուղը հատուկ չի որոնում ԱՄՆ հաշիվներ, որոնք պատկանում են անձանց, որոնք ռեզիդենտ չեն այն երկրում, որտեղ գտնվում է տվյալ փոխկապակցված կազմակերպությունը կամ մասնաճյուղը, կամ հաշիվներ, որոնք սպասարկում են Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություններ, որոնք հիմնված չեն այն երկրներում, որտեղ գտնվում է այդ Փոխկապակցված կազմակերպությունը կամ մասնաճյուղը, և այդպիսի Փոխկապակցված կազմակերպությունը կամ մասնաճյուղը չի օգտագործվում Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատության կամ որևէ այլ Փոխկապակցված կազմակերպության կողմից՝ սույն Համաձայնագրով կամ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնով նախատեսված պարտավորություններից խուսափելու նպատակով:
6. Սահմանումների համաձայնեցում ԱՄՆ Գանձապետարանի կանոնակարգերի հետ: Չնայած սույն Համաձայնագրի Հոդված 1-ին և սույն Համաձայնագրի հավելվածներում ներկայացված սահմանումներին՝ սույն Համաձայնագրի կիրարկման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտագործել, և կարող է թույլ տալ Հայաստանի Հանրապետության Ֆինանսական հաստատություններին օգտագործել որևէ սահմանում ԱՄՆ Գանձապետարանի կանոնակարգից սույն Համաձայնագրի որևէ սահմանման փոխարեն՝ պայմանով, որ նման կիրառումը չի խոչընդոտի սույն Համաձայնագրի նպատակներին: