Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԻ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-10-31-ից մինչև 2020-08-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-08-08Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 մարտի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2001 թվականի N 261

քաղ. Երևան

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԻ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիայով (այսուհետև` կոնվենցիա) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ նշանակել`

ա) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը` արդյունաբերական վթարների ներգործությունից շրջակա միջավայրի պահպանության հարցերով.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` արդյունաբերական վթարների ռիսկի նվազեցման, այդպիսի վթարների դեպքում դրանց հետևանքների կանխման և վերացման հարցերով:

(1-ին կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

2. Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կոնվենցիայի 10-րդ և 12-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում արդյունաբերական վթարների և դրանց հետևանքների վերացման նպատակով փոխադարձ օգնության մասին ազդարարման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում ստեղծել կապի կետ:

3. Սահմանել, որ կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում իրավասու մարմինները`

ա) գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում.

բ) անհրաժեշտության դեպքում իրականացնում են փոխհամաձայնեցված համատեղ գործողություններ:

4. Սահմանել, որ կոնվենցիայի քարտուղարության հետ տեղեկատվության փոխանակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` իրազեկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը և Հայաստանի Հանրապետության իրավասու մյուս նախարարություններին ու գերատեսչություններին:

(4-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության այն նախարարությունները և գերատեսչությունները, որոնց իրավասության մեջ է մտնում կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած առանձին պարտավորությունների կատարումը, այդ սահմաններում իրենց գործառույթներն իրականացնում են իրավասու մարմինների կողմից համակարգման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններից յուրաքանչյուրի վրա դրված լիազորություններին համապատասխան:

Իրավասու մարմինների պահանջով` Հայաստանի Հանրապետության նախարարություններն ու գերատեսչությունները սահմանված կարգով նրանց տրամադրում են անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և նյութեր` կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:

6. Իրավասու մարմիններին` կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։