Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության [և այլոց հետ միավորվելու ազատության] իրավունք...

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:

Ա. Ընդունելիությունը

46. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

47. Դիմումատուն պնդել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը և դատապարտելն իր՝ ազատ արտահայտվելու իրավունքին և իշխանությունների դեմ հանրային ցույցերին և ամենօրյա բողոքներին մասնակցելու իրավունքին միջամտության քողարկված ձև են եղել: Նա հայտնի էր իշխանություններին և թիրախավորվել էր ընտրությունների անցկացման դեմ իր հանրային բողոքի ու իր քաղաքական տեսակետների և ակտիվիզմի համար: Ոստիկանության ծառայողներն իրեն ձերբակալելու վերաբերյալ որևէ ողջամիտ կասկած չեն ունեցել: Շինծու և արհեստական մեղադրանքների հիման վրա իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը եղել է կանխամտածված և հետապնդել է ընդդիմությանն աջակցելու և որպես պրն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ իր քաղաքական գործունեության համար իրեն պատժելու նպատակ: Թեև իրեն առաջադրված մեղադրանքները վերաբերել են միայն ոստիկանության ծառայողի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելուն, այդուհանդերձ, իրեն քրեական հետապնդման են ենթարկել ընդդիմության առաջնորդների և աջակիցների դեմ այն հանրային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որոնք ավելի ուշ տեղի են ունեցել Երևանում, և նախաքննության ընթացքում իրեն բազմիցս հարցաքննել են բողոքների կազմակերպման հարցում իր դերակատարման, այդ թվում՝ պրն Տեր-Պետրոսյանի հետ իր ունեցած հարաբերության վերաբերյալ: Իր վերջնական դատապարտումը հիմնված է եղել բացառապես ոստիկանության՝ ձերբակալությունն իրականացրած երկու ծառայողների ցուցմունքների վրա, որոնք, ավելին, ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող դեպքերին և անհամաչափ ուժ են գործադրել ցուցարարների նկատմամբ, մինչդեռ դատարանի վճիռները հիմնավոր չեն եղել գործադիր իշխանության կողմից դատավորների նկատմամբ կիրառված ճնշման հետևանքով: Այն փաստը, որ քաղաքական շարժառիթներով պայմանավորված մեղադրանքները հաճախ են օգտագործվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող քրեական գործերով, հաստատվել և դատապարտվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից: Այդպիսով, իր իրավունքներին միջամտությունը եղել է ոչ միայն ապօրինի, այլև կամայական: Ավելին, այն չի հետապնդել որևէ իրավաչափ նպատակ և անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում՝ խախտելով Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված երաշխիքները: Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ հավաքը խաղաղ չի եղել, ապա դա հիմնված է եղել բացառապես իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական գնահատականի վրա և չի հիմնավորվել որևէ վստահելի ապացույցով:

48. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան գտնվել է Ազատության հրապարակում, երբ իրականացվել է ոստիկանական գործողությունը, և չի ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անօրինական հավաքը դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին և բռնություն է գործադրել նրանց նկատմամբ: Այդ դեպքերից հետո դիմումատուին Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով կանգնեցրել է ոստիկանության ծառայող Հ.Կ.-ն, որին օժանդակել է ոստիկանության ծառայող Ե.Կ.-ն: Դիմումատուն իր ձերբակալման ընթացքում դիմադրություն է ցույց տվել, որի համար հետագայում ենթարկվել է քրեական հետապնդման, և ավելին, նա ընդունել է իր մեղքը: Այդպիսով, քանի որ դիմումատուին մեղադրանք է առաջադրվել իր ձերբակալման ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար, ապա նրա դատապարտումը ոչ մի առնչություն չի ունեցել Ազատության հրապարակում անցկացվող հավաքի հետ և հետևաբար չի միջամտել Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված իր իրավունքներին: Այնուամենայնիվ, նույնիսկ ենթադրելով, որ տեղի է ունեցել միջամտություն, ապա այդ միջամտությունը սահմանված է եղել օրենքով և հետապնդել է իրավաչափ նպատակ, այն է՝ անօրինական հավաքը ցրելը և ապօրինի զենքը և զինամթերքը բռնագրավելը: Ազատության հրապարակում անցկացվող հավաքն օրենքով սահմանված կարգով թույլատրված չի եղել և խախտել է մայրաքաղաքի կարգուկանոնն ու անդորրը: Նույնիսկ այդ դեպքում իշխանությունները չեն փորձել միջամտել հավաքի անցկացմանը, մինչև որ չեն ստացվել տեղեկություններ այն մասին, որ ցուցարարները զինվում են և ծրագրում են զանգվածային անկարգություն հրահրել: Դա նույնպես թույլ է տալիս ենթադրել, որ Ազատության հրապարակում անցկացվող հավաքը Կոնվենցիայի 11-րդ հոդվածի իմաստով խաղաղ չի եղել:

2. Դատարանի գնահատականը

ա) Դիմումատուի բողոքների շրջանակը

49. Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտվի որպես lex generalis (ընդհանուր օրենք)` 11-րդ հոդվածի նկատմամբ, որը lex speciallis (հատուկ օրենք) է: Հետևաբար Դատարանը գտնում է, որ դիմումատուի բողոքները պետք է ուսումնասիրվեին միայն 11-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի [Ezelin v. France], 1991 թվականի ապրիլի 26, § 35, շարք Ա թիվ 202, և Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania [GC]], թիվ 37553/05, § 85, ՄԻԵԴ 2015)։

բ) Արդյո՞ք եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը

50. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանվում է միայն «խաղաղ հավաքների» իրավունքը՝ հասկացություն, որը չի ներառում այն ցույցերը, որոնց կազմակերպիչները և մասնակիցներն ունեն բռնի մտադրություններ: Հետևաբար 11-րդ հոդվածի երաշխիքները կիրառվում են բոլոր հավաքների նկատմամբ՝ բացի այն հավաքներից, որոնց կազմակերպիչներն ու մասնակիցներն ունեն այդպիսի մտադրություններ, հրահրում են բռնություն կամ այլ կերպ մերժում են ժողովրդավարական հասարակության հիմնասյուները (նույն տեղում, § 92)։

51. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ միջամտությունը կարող է չհանգեցնել բացարձակ արգելքի՝ իրավական կամ փաստացի, սակայն կարող է ներառել իշխանությունների կողմից ձեռնարկվող այլ տարբեր միջոցառումներ։ 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի և՛ հավաքից առաջ, և՛ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցառումների ներառմամբ, ինչպիսիք են նախնական արգելքը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժամիջոցները, այդ թվում՝ հանրահավաքին մասնակցելու համար կիրառված տույժերը (տե՛ս Նավալնին և Յաշինն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 76204/11, 2014 թվականի դեկտեմբերի 4, և վերևում հիշատակված՝ Կուդրևիչիուսի և այլոց գործը, § 100)։

52. Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ Ազատության հրապարակում անցկացված հավաքը խաղաղ չի եղել, և հետևաբար Կոնվենցիայի 11-րդ հոդվածը դրա վրա չի տարածվել, ապա Դատարանը նշում է, որ այն արդեն քննել և մերժել է Կառավարության կողմից ներկայացված նմանատիպ պնդում՝ գտնելով, որ առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ՝ եզրակացնելու համար, որ Ազատության հրապարակում անցկացված հավաքի կազմակերպիչները և մասնակիցներն ունեցել են բռնի մտադրություններ, և տվյալ հավաքը խաղաղ չի եղել (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 229-233):

53. Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ դիմումատուի դատապարտումը կապված չի եղել 11-րդ հոդվածով սահմանված նրա իրավունքների հետ, Դատարանը նշում է, որ թեև դիմումատուի դեմ ոստիկանության ծառայողների ցուցմունքները, անշուշտ, վերաբերում էին հիմնականում դիմումատուի ձերբակալման հանգամանքներին, այդ թվում՝ ենթադրյալ դիմադրությանը, որը նա ցույց էր տվել ձերբակալման ընթացքում (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը), դիմումատուին ներկայացված փաստացի մեղադրանքները և նրա հետագա դատապարտումը վերաբերել են նրա վարքագծին և արարքներին, որոնք նա ենթադրաբար կատարել էր Ազատության հրապարակում անցկացվող հավաքի ընթացքում, երբ իրականացրել է 11-րդ հոդվածով սահմանված իր իրավունքները, ինչպիսիք են հավաքը ցրելու ընթացքում անհնազանդություն հրահրելը և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելը (տե՛ս վերևում՝ 18-րդ, 21-րդ և 28-րդ պարբերությունները):

54. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման և դատապարտման հետևանքով տեղի է ունեցել միջամտություն խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքին։

գ) Արդյո՞ք միջամտությունը եղել է հիմնավորված

55. Միջամտությունը կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն «նախատեսված չէ օրենքով», չի հետապնդում 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և «անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար (տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Galstyan v. Armenia], թիվ 26986/03, § 103, 2007 թվականի նոյեմբերի 15):

56. Սույն գործով, հաշվի առնելով ստորև ներկայացված իր եզրակացությունները միջամտության անհրաժեշտության վերաբերյալ (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 237), Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշում կայացնել այն մասին, թե արդյոք միջամտությունը սահմանված է եղել օրենքով և հետապնդել է իրավաչափ նպատակ:

57. Դատարանը վերահաստատում է, որ ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկով՝ հավաքների ազատության իրավունքով, նախատեսվում են մի շարք բացառություններ, որոնք պետք է մեկնաբանվեն նեղ իմաստով, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հիմնավորվի։ Երբ քննվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների մասով սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», Պայմանավորվող պետություններին վերապահվում է հայեցողական լիազորությունների որոշակի, սակայն ոչ անսահմանափակ շրջանակ։ Ամեն դեպքում Դատարանն է վերջնական որոշում կայացնում սահմանափակման՝ Կոնվենցիայի հետ համատեղելիության վերաբերյալ, և դա պետք է կատարվի կոնկրետ գործի հանգամանքները գնահատելու միջոցով (տե՛ս Կուդրևիչիուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 142)։

58. Մանրամասն քննություն կատարելիս Դատարանի խնդիրը ոչ թե համապատասխան ազգային մարմինների տեսակետը սեփական կարծիքով փոխարինելն է, այլ նրանց որոշումները վերանայելը՝ 11-րդ հոդվածի առնչությամբ։ Սա չի նշանակում, որ Դատարանը պետք է սահմանափակի իրեն՝ պարզելիս, թե արդյոք պետությունն իր հայեցողական լիազորություններն իրականացրել է ողջամիտ կերպով, զգուշորեն ու բարեխղճորեն, թե՝ ոչ. այն պետք է բողոքի առարկա միջամտությունն ուսումնասիրի տվյալ գործի՝ որպես ամբողջության լույսի ներքո և հաստատելուց հետո, որ այն հետապնդել է «իրավաչափ նպատակ», որոշի, թե արդյոք այն համապատասխանել է «ծայրահեղ սոցիալական անհրաժեշտությանը», և մասնավորապես, արդյոք այն համաչափ է եղել այդ նպատակին, և արդյոք այն արդարացնելու համար ազգային իշխանությունների կողմից վկայակոչած հիմնավորումները «համապատասխան և բավարար» են եղել։ Այդպիսով, Դատարանը պետք է հավաստիանա, որ ազգային իշխանությունները կիրառել են 11-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ և բացի այդ, իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (նույն տեղում, § 143):

59. Դատարանն ի սկզբանե նշում է, որ սույն գործը վերաբերում է նույն իրադարձություններին, որոնք այն արդեն քննել է վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործով, մասնավորապես՝ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցերին և դրանք 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ցրելուն: Սույն գործով դիմումատուն նույնպես ընդդիմության ակտիվ աջակից էր և նաև կանոնավոր կերպով ներկա էր գտնվում ցույցերին, այդ թվում՝ 2008 թվականի մարտի 1-ի ոստիկանական գործողության ժամանակ: Թեև, կարծես թե, դիմումատուն վերջիվերջո ձերբակալվել է ոստիկանության՝ ձերբակալումն իրականացնող ծառայողներին ենթադրաբար դիմադրություն ցույց տալու համար, հստակ չէ, թե ինչ հիմքերով են այդ ծառայողները, որոնք դիմումատուին մոտեցել են Ազատության հրապարակից բավականին մեծ հեռավորության վրա գտնվող վայրում, ենթադրել, նախ, որ նա մասնակցել է հավաքին և ավելին, կատարել որևէ անօրինական արարք: Դրանից նույն կերպ հետևում է, որ ծառայողները կա՛մ դիմումատուին ճանաչել են որպես ակտիվ ցուցարար, կա՛մ առնվազն իրականացնելիս են եղել պատահականության սկզբունքով ձերբակալություններ: Դիմումատուին այնուհետև մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի նույն հոդվածներով, ինչ Մուշեղ Սաղաթելյանի գործում, և մեղադրանքները ձևակերպված են եղել շատ ընդհանուր և վերացական եզրույթներով՝ առանց դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված արարքների, մասնավորապես՝ ենթադրաբար անհնազանդություն հրահրելու և ոստիկանության ծառայողների վրա ենթադրաբար կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու վերաբերյալ որևէ կոնկրետ ապացույցի կամ փաստական մանրամասների (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Այդ բոլոր մեղադրանքները նույն կերպ այնուհետև հանվել են ապացույցների բացակայության հիմքով, թեև դիմումատուի վերջնական մեղադրանքը եղել է զուտ ոստիկանության՝ ձերբակալումն իրականացնող ծառայողների նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար դիմումատուին վերագրվող մեղադրանքների վերացարկումը, որը զուրկ էր մանրամասներից և լի էր անհստակություններով՝ լիովին անտեսելով այնպիսի կարևոր փաստեր, ինչպիսիք են Ազատության հրապարակում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հանգամանքները (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Հետևաբար Դատարանը համարում է, որ ներպետական դատարանները սույն գործով նույնպես չեն իրականացրել դիմումատուին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստերի մանրամասն և օբյեկտիվ քննություն, ինչպես նաև չեն կատարել մանրակրկիտ ուսումնասիրություն, որը, գործի հատուկ հանգամանքներում և ընդհանուր համատեքստը հաշվի առնելով, պահանջվում էր նրանցից՝ 11-րդ հոդվածով երաշխավորված՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար: Այդպիսի հանգամանքներում չի կարելի ասել, որ ներպետական դատարանների կողմից ներկայացված՝ միջամտությունը հիմնավորող պատճառներն իսկապես եղել են «համապատասխան և բավարար», կամ որ դատարաններն իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա: Հետևաբար Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ տվյալ միջոցներն անհրաժեշտ չեն եղել ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս, mutatis mutandis, Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 249-254):

60. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

61. Դիմումատուն այնուհետև բողոքել է, որ իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը և դատապարտումը պայմանավորված են եղել իր քաղաքական տեսակետներով և հանգեցրել են խտրականության՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտմամբ, որով սահմանվում է հետևյալը․

«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:

62. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։

63. Հաշվի առնելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի առնչությամբ կատարված եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 57-60-րդ պարբերությունները)՝ Դատարանը համարում է, որ այս դեպքում անհրաժեշտ չէ քննել այն հարցը, թե արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ 11-րդ հոդվածի համակցությամբ խախտում, թե՝ ոչ:

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

64. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

Ա. Վնասը

65. Դիմումատուն պահանջել է 25 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

66. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պահանջը։

67. Դատարանը համարում է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով դիմումատուն, անկասկած, կրել է ոչ նյութական վնաս, և դիմումատուին շնորհում է 13 200 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Բ. Ծախսերը և ծախքերը

68. Դիմումատուն ծախսերի և ծախքերի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

69. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6–րդ հոդվածի 1–ին կետի խախտում՝ դիմումատուի դատաքննության՝ արդար լինելու առնչությամբ.

3. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա ուսումնասիրելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի առնչությամբ բերված բողոքը.

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.

5. Վճռում է, որ բողոքը Կոնվենցիայի 14-րդ և 11-րդ հոդվածների համակցությամբ ուսումնասիրելու անհրաժեշտություն չկա.

6. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է ոչ նյութական վնասի դիմաց դիմումատուին վճարի 13 200 եվրո (տասներեք հազար երկու հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

7. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Ռենատա Դեգեներ

Քարտուղարի տեղակալ Թիմ Այքը

Նախագահ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։