Հոդված 41. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը
Հոդված 41. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`
1) եթե դադարել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) եթե նա դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով` դիտավորյալ հանցագործության համար, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման է դատապարտվել անզգույշ հանցագործության համար.
3) եթե նա օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած։
2. Հանրապետության Նախագահը կարող է վաղաժամկետ դադարեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինս`
1) թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս.
2) մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.
3) խախտել է սույն օրենքի 39-րդ հոդվածի պահանջները։
3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հանրապետության Նախագահը նշանակում է հանձնաժողովի նոր անդամ` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է նախորդ անդամի մնացած ժամանակահատվածին գումարած վեց տարի։
4. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը կարող է հրաժարական տալ` դիմելով Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում: Հանձնաժողովի անդամը մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հրաժարականն ընդունելը կարող է հետ վերցնել հրաժարական տալու մասին իր դիմումը։
5. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում թափուր տեղում նշանակումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով: