Հոդված 28. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները
Հոդված 28. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները
1. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ։
2. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի ինչպես լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին։
3. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններն են`
1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.
2) հարգել հանրության բարոյական նորմերը.
3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.
4) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ.
5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս.
6) բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իր գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը.
7) ձգտել կառավարել իր ներդրումներն այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվեն շահերի բախման իրավիճակները։
4. Սույն հոդվածով սահմանված` հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի վարքագծի կանոնները սպառիչ չեն: Էթիկայի լրացուցիչ կանոններ և դրանց նկատմամբ հսկողության այլ մեխանիզմներ կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով։