Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում անմիջապես կանգնեցնել և (կամ) չտեղաշարժել տրանսպորտային միջոցը, միացնել վթարային լուսային ազդանշանը, տեղադրել «Վթարային կանգառ» ճանաչման նշանը, չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները, առկայության դեպքում` նաև դիերը, չփոփոխել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, չվնասել և չձևափոխել հետքերը, այնուհետև գործել սույն հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով սահմանված նորմերի պահանջներով: Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները:».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել կամ վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է`
1) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար, կանչել «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն և ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հայտնել ոստիկանություն.
2) ծայրահեղ դեպքերում տուժածներին համընթաց շարժվող տրանսպորտային միջոցով ուղարկել, իսկ եթե դա անհնար է` իր տրանսպորտային միջոցով տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն, այնտեղ հայտնել իր անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական վկայական և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ) և վերադառնալ պատահարի վայր.
3) ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ.
4) սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն, այնուհետև գործել նրանց հրահանգներով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ մասերով.
«4.1. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառվել է միայն գույքային վնաս, և եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով գույքի վնասման հետ կապված վնասվածքներ հասցնելու հանգամանքները, տրանսպորտային միջոցների տեսանելի վնասների բնույթը և ցանկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների միջև՝
1) առաջացնում են տարաձայնություններ կամ չեն առաջացնում տարաձայնություններ, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) չեն համապատասխանում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն, սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն և մինչև ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալը ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ, իսկ ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների՝ պատահարի վայր ներկայանալուց հետո գործել վերջիններիս հրահանգներով (ցուցումներով)` մասնակցելով պատահարի գրանցման և անհրաժեշտ ստուգումների անցկացման հետ կապված գործողություններին.
2) չեն առաջացնում տարաձայնություններ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն և կարող են՝
ա. ինքնուրույն ձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին համապատասխան, և թողնել պատահարի վայրը, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) համապատասխանում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին,
բ. չձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվել են միայն դրա մասնակիցների տրանսպորտային միջոցները կամ այլ գույքը, և ոչ մի մասնակից չունի նշված փաստաթղթերը ձևակերպելու և (կամ) միմյանց նկատմամբ (այդ թվում` ապահովագրական ընկերությունների միջոցով) պահանջներ ներկայացնելու ցանկություն:
4.2. Սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում վարորդների կողմից նշված պատահարի վերաբերյալ հետագայում ոստիկանություն դիմում կամ հաղորդում ներկայացվելու դեպքում որևէ վարույթ չի իրականացվում, և դիմումը կամ հաղորդումը թողնվում են անհետևանք:
4.3. Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հավաքում է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների, նրանց տրանսպորտային միջոցների և պատահարի հանգամանքների վերաբերյալ տվյալներ` կազմելով պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրություններ` ամրագրելով (այդ թվում` լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, հետքերը, առարկաները, տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասվածքները: Պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունը կարող է չկազմվել, եթե ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ցերեկը` օրվա լուսավոր ժամի, բավարար տեսանելիության պայմաններում, և առկա է դրա տեղի ունենալու պահի և դրան անմիջապես հաջորդող` պատահարի մասնակիցների գործողությունների տեսագրություն: Պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունները, ինչպես նաև տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված յուրաքանչյուր փաստաթուղթ, տեղեկություն, տեսանյութ, լուսանկար կամ այլ նյութ կարող է ցանկացած եղանակով տրամադրվել (հասանելի դարձվել) Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին և (կամ) դրա անդամ ապահովագրական ընկերություններին և (կամ) երրորդ անձանց՝ ճանապարհատրանսպորտային պատահարի գծով իրականացվող հատուցման գործընթացի կարգավորման, ներառյալ՝ փորձաքննությունների իրականացման և ԱՊՊԱ ոլորտում անհրաժեշտ այլ գործողությունների իրականացման համար: Պատահարի մասին արձանագրության ձևը և դրանում պարունակվող տեղեկատվությունը, ինչպես նաև պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմի ու կառուցվածքի նկատմամբ պահանջները հաստատում է ոստիկանության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:».
4) 5-րդ մասի «ա» կետի 1-ին ենթակետը «տվյալ կարգի» բառերից հետո լրացնել «կամ ենթակարգի» բառերով.
5) 5-րդ մասի «գ» կետը «մոտոցիկլով երթևեկելիս» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մոպեդով կամ հեծանիվով երթևեկելի մասով երթևեկելիս» բառերով.
6) 8-12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: