Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «AM» ենթակարգ` մոպեդներ և դրանց համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլներ.».
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով, և ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթև մոտոցիկլեր).».
3) 1-ին մասի 2-րդ կետի ««A1» ենթակարգին» բառերը փոխարինել ««AM» և «A1» ենթակարգերին» բառերով.
4) 1-ին մասի 3-րդ կետի «քվադրոցիկլեր» բառը փոխարինել «քվադրիցիկլեր» բառով.
5) 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «AM» ենթակարգի` 16 տարին լրացած անձանց, իսկ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.».
6) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
7) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ, ընդ որում` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող:».
8) 7-րդ մասը «A1» բառից առաջ լրացնել «AM,» բառով.
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-19-րդ մասերով.
«10. «A» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «AM» և «A1» ենթակարգի, ինչպես նաև մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցներ, «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «D» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «CE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «DE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ:
11. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների՝ մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի նոր վարորդական վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:
12. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:
13. Այլ պետություններում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը փոխանակվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:
14. Կորցրած կամ գողացված օտարերկրյա (բացառությամբ ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տրված) ազգային և միջազգային վարորդական վկայականի փոխարեն Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականների հատկացում չի կատարվում:
15. Այլ պետություններում ստացած և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին չհամապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականներով չեն փոխանակվում, և կորած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում:
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային վարորդական վկայականով թույլատրվում է վարել տրանսպորտային միջոցներ միայն ազգային վարորդական վկայականի առկայության դեպքում:
17. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի: Սույն մասով նախատեսված արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ:
18. Այլ երկրում, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետ համատեղ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում միջազգային պայմանագրերի մասնակից, տրված ազգային վարորդական վկայականը փոխադարձության պայմանով համարվում է գործող Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար միայն այն դեպքում, եթե այն ներկայացվում է նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ վարորդական վկայականի բոլոր գրառումները կատարված են կամ կրկնօրինակված են լատիներեն տառերով:
19. Օտարերկրյա ազգային և միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են գործող նշված վարորդական վկայականների համապատասխան կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցների համար` տիրապետողների տարիքը սույն հոդվածով սահմանված տարիքը լրանալու պահից:»: