Հոդված 18
Հոդված 18
Հանձնաժողովը կարող է առաջարկություն ներկայացնել Գործադիր խորհրդին կամ Գլխավոր խորհրդաժողովին, եթե առաջարկությունը ներկայացվում է վերջինիս նստաշրջաններից որևէ մեկի բացման օրվանից երկու ամիս առաջ, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանից խորհրդատվական կարծիք հայցվի Հանձնաժողովի քննությանը ներկայացված խնդրին առնչվող ցանկացած իրավական հարցի վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 19
Հանձնաժողովը Գլխավոր խորհրդաժողովի կանոնավոր նիստերից յուրաքանչյուրին հաշվետվություն կներկայացնի իր գործունեության մասին, որը Գլխավոր խորհրդաժողովին կփոխանցվի Գործադիր խորհրդի կողմից:
ՀՈԴՎԱԾ 20
1. Գլխավոր տնօրենը Հանձնաժողովի առաջին նիստը կհրավիրի Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կենտրոնակայանում՝ Գլխավոր խորհրդաժողովի կողմից նշանակվելուց հետո երեք ամսվա ընթացքում:
2. Հանձնաժողովի հաջորդ նիստերը կգումարվեն ըստ անհրաժեշտության` Հանձնաժողովի նախագահի կողմից, որին, ինչպես նաև Հանձնաժողովի մյուս անդամներին, Գլխավոր տնօրենը կփոխանցի սույն Արձանագրության դրույթների համաձայն Հանձնաժողովին ներկայացված բոլոր հարցերը:
3. Չնայած սույն հոդվածի 2-րդ պարբերությանը՝ այն դեպքում, երբ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը գտնում է, որ Հանձնաժողովը, սույն Արձանագրության դրույթների համաձայն, պետք է քննության առնի որևէ հարց, Նախագահը պետք է բավարարի նրանց պահանջը՝ այդ նպատակով գումարելով Հանձնաժողովի նիստ:
ՀՈԴՎԱԾ 21
Սույն Արձանագրությունը կազմվել է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն, ընդ որում` բոլոր չորս տեքստերն էլ հավասարազոր են:
ՀՈԴՎԱԾ 22
1. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման կամ ընդունման Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության անդամ պետությունների կողմից, որոնք Կոնվենցիայի կողմեր են:
2. Վավերացման կամ ընդունման մասին փաստաթղթերն ի պահ կհանձնվեն Գլխավոր տնօրենին:
ՀՈԴՎԱԾ 23
1. Սույն Արձանագրությունը միանալու համար բաց է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության անդամ չհանդիսացող բոլոր պետությունների համար, որոնք Կոնվենցիայի կողմեր են:
2. Միանալը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Գլխավոր տնօրենին ի պահ հանձնելով:
ՀՈԴՎԱԾ 24
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ միանալու մասին տասնհինգերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո, բայց միայն այն պետությունների համար, որոնք ի պահ են հանձնել իրենց համապատասխան փաստաթուղթն այդ օրը կամ դրանից առաջ: Մյուս պետությունների համար այն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ միանալու մասին իրենց փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:
ՀՈԴՎԱԾ 25
Ցանկացած պետություն վավերացման, ընդունման կամ միանալու ժամանակ կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, կարող է, Գլխավոր տնօրենին ծանուցելով, հայտարարել, որ նույն պարտավորությունն ստանձնող ցանկացած այլ Պետության առնչությամբ, 17-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ նախատեսված զեկույցը կազմելուց հետո, համաձայնում է Արդարադատության միջազգային դատարան ներկայացնել սույն Արձանագրության շրջանակում եղող ցանկացած վեճ, որը 17-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն բարեկամաբար չի լուծվել:
ՀՈԴՎԱԾ 26
1. Սույն Արձանագրության կողմ ցանկացած պետություն կարող է այն չեղյալ հայտարարել:
2. Չեղյալ հայտարարման մասին ծանուցվում է Գլխավոր տնօրենը ի պահ հանձնվող գրավոր փաստաթղթի միջոցով:
3. Կոնվենցիայի չեղյալ հայտարարումն ինքնաբերաբար կհանգեցնի սույն Արձանագրության չեղյալ հայտարարման:
4. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարման մասին փաստաթուղթն ստանալուց տասներկու ամիս հետո: Արձանագրությունը չեղյալ հայտարարող պետությունը, այնուամենայնիվ, ենթակա է Արձանագրության դրույթներին իր հետ կապված այն հարցերի առնչությամբ, որոնք ներկայացվել են Հանձնաժողովին նախքան սույն պարբերության մեջ նախատեսված ժամկետի ավարտը:
ՀՈԴՎԱԾ 27
Գլխավոր տնօրենը տեղեկացնում է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության անդամ պետություններին, 23-րդ հոդվածում նշված Կազմակերպության անդամ չհանդիսացող պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը 22-րդ և 23-րդ հոդվածներով նախատեսված` վավերացման, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու, ինչպես նաև 25-րդ և 26-րդ հոդվածներով նախատեսված, համապատասխանաբար, ծանուցումների և չեղյալ հայտարարումների մասին:
ՀՈԴՎԱԾ 28
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Արձանագրությունը գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում՝ Գլխավոր տնօրենի դիմումի հիման վրա:
Կատարված է Փարիզում 1962 թվականի դեկտեմբերի տասնութին, երկու բնօրինակով, որոնք կրում են Գլխավոր խորհրդաժողովի տասներկուերորդ նիստի նախագահի և Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի ստորագրությունները, և որոնք ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության արխիվին, իսկ դրանց վավերացված օրինակներն ուղարկվում են «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի 12-րդ և 13-րդ հոդվածներում նշված բոլոր պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը:
___________________
.1 Ընդունվել է 1962 թվականի դեկտեմբերի 10-ի` 29-րդ լիագումար նիստին: