Հոդված 32. Վերականգնման աշխատանքների էությունը
Հոդված 32. Վերականգնման աշխատանքների էությունը
1. Ուժեղ երկրաշարժից տուժած գոտու վերականգնման փուլը միջանկյալ է արտակարգ սեյսմիկ իրավիճակի և վերակառուցման փուլերի միջև:
2. Վերականգնման աշխատանքները ենթադրում են՝
1) սեյսմիկ վտանգի գնահատման գոյություն ունեցող քարտեզների վերանայում և նոր քարտեզների (այդ թվում՝ սեյսմամիկրոշրջանացման) կազմում.
2) երկրաշարժի գոտում գտնվող բնակավայրերի վերականգնման ծրագրի և գլխավոր հատակագծի առկայություն.
3) երկրաշարժի գոտում սեյսմակայուն շինարարության ռազմավարության մշակում.
4) պահպանված շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի գնահատում, դրանց շահագործման նպատակով երաշխավորագրի հանձնում.
5) բարձր վթարային և ավերված շինությունների հեռացում և հրապարակի մաքրում.
6) նոր բնակավայրերի, բնակելի շրջանների, շենքերի կառուցում.
7) արդյունաբերության, մշակույթի, կենցաղի, առողջապահության, կրթության և գիտության օբյեկտների, կենսաապահովման ուղիների, պաշտամունքային կառույցների վերականգնում.
8) շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծում: