Հոդված 14. ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը`
ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում է գործարքներ.
բ) օրենքով, իրավական այլ ակտերով հիմնադրի և հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով, իրավական այլ ակտերով կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նշանակում և ազատում է հիմնարկի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) օրենքով, իրավական այլ ակտերով կամ հիմնարկի կանոնադրությանը համապատասխան սահմանում է հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին.
զ) օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնարկի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
է) հիմնադրի հաստատմանն է ներկայացնում հիմնարկի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ը) հիմնադրին և պետական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Գործադիր իշխանության և այլ մարմնի հիմնարկի աշխատակազմի ղեկավարը սույն հոդվածի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերով նախատեսված հաշվետվությունը, հաշվեկշիռը և առաջարկությունները ներկայացնում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին: Գործադիր իշխանության և այլ մարմնի աշխատակազմի ղեկավարը չի իրականացնում սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված լիազորությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
(14-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն)