Հոդված 13. ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Հոդված 13. ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ
1. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և պետական մարմնի ղեկավարի որոշումներով, հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, ղեկավարում է հիմնարկի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի և պետական մարմնի ղեկավարի որոշումների, հիմնարկի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Հիմնարկի աշխատակազմի ղեկավարին նշանակում և ազատում է հիմնադիրը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
3. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար: Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցում է սույն կետի պահանջը խախտած անձը:
4. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, պետական մարմնի ղեկավարի` օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
5. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը հիմնադրի որոշմամբ, իսկ գործադիր իշխանության և այլ մարմնի հիմնարկինը` համապատասխան պետական մարմնի ղեկավարի որոշմամբ: