Հոդված 5
Հոդված 5
Կառավարության պարտավորությունները
1. Կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դյուրացնելու համար ծրագրի իրականացումը և աջակցելու համար ՊԳԿ աշխատակազմին՝ օգտվելու այնպիսի ծառայություններից և հարմարություններից, որոնք կարող են պահանջվել իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար։ ՊԳԿ-ի, նրա գույքի, դրամական միջոցների և ակտիվների, նրա պաշտոնատար անձանց և նրա անունից ծրագրին առնչվող ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ Կառավարությունը կիրառում է հետևյալը. i) Կոնվենցիայի դրույթները և ii) Միավորված ազգերի կազմակերպության արտարժույթի փոխարժեքը:
2. Կառավարությունն զբաղվում է երրորդ կողմերի կողմից ՊԳԿ-ի, նրա աշխատակազմի կամ նրա անունից ծրագրին առնչվող ծառայություններ մատուցող անձանց դեմ ներկայացված ցանկացած հայցով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարությունը և ՊԳԿ-ն համաձայնվում են, որ այդ հայցերը հետևանք են վերոնշյալ անձանց կողմից լուրջ անփութության կամ դիտավորությամբ կատարված գործողությունների:
3. Կառավարությունը պատասխանատու է ծրագրում՝ Կառավարության կողմից ներգրավված անձնակազմի հավաքագրման, աշխատավարձերի և սոցիալական ապահովության վճարումների համար։ Կառավարությունը, երբ և ինչպես պահանջվում է ծրագրով, ապահովում է նաև Ծրագրային փաստաթղթում նշված հարմարությունները և պարագաները։
4. Կառավարությունը ՊԳԿ աշխատակազմի և նրա անունից գործող անձանց համար ապահովում է ծրագրի իրականացման վայր մուտք գործելու հնարավորությունը և ծրագրին առնչվող ցանկացած նյութի կամ փաստաթղթի հասանելիությունը, ինչպես նաև վերոնշյալ աշխատակազմին կամ անձանց տրամադրում է ցանկացած համապատասխան տեղեկություն։
5. Կառավարությունը դյուրացնում է ՊԳԿ անձնակազմի, միջազգային փորձագետների և ՊԳԿ անունից գործող այլ անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն, ներառյալ պահանջվող վիզաների կամ թույլտվությունների՝ ժամանակին և անվճար տրամադրումը։
6. Կառավարությունը պատասխանատու է ծրագրի համար նախատեսված սարքավորումների ներկրման և մաքսազերծման ծախսերի, երկրի ներսում դրանց տեղափոխման, գործածման, պահեստավորման և հարակից ծախսերի կատարման, դրանց ապահովագրման, անվտանգ խնամքի և ծրագրի իրականացման վայր հասցնելուց հետո պահպանության, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրանց փոխարինման համար։
7. Կառավարությունը ՊԳԿ-ին անվճար տրամադրում, իսկ ՊԳԿ-ն օգտագործման նպատակով ընդունում է տարածքները, սարքավորումները, գրասենյակային կահույքը և ՊԳԿ ներկայացուցչության գործառնությունների համար անհրաժեշտ այլ միջոցները, ինչպես նշված է սույն Հիմնական համաձայնագրի անբաժանելի մաս կազմող Հավելվածում: