Հոդված 10. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԱՏՈՄՍԵՐԻ ՁևԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 10. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԱՏՈՄՍԵՐԻ ՁևԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Գրավատունը գույքը գրավ ընդունելիս ձևակերպում է գրավատոմս` երկու օրինակից: Յուրաքանչյուր գրավատոմս ունի իր հերթական համարը և կնքվում է գրավատան կնիքով:
2. Գրավատոմսի ձևը սահմանում է լիազոր մարմինը:
3. Գույքի գրավադրումը ձևակերպվում է մեկ գրավատոմսով, եթե`
ա) գրավադրվող գույքը հնարավոր չէ բաժանել առանց այդ գույքի որակական հատկանիշների փոփոխման.
բ) գրավադրվող գույքը ապահովում է միայն մեկ վարկային պայմանագրի կատարումը:
4. Գրավատոմսում նշվում են`
ա) գրավատան լրիվ անվանումը և գրավատուի անձնագրային տվյալները.
բ) համապատասխան վարկի պայմանագրի համարը.
գ) գրավադրվող գույքն ընդունելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև գրավադրվող գույքի` գրավատան և գրավատուի միջև համաձայնեցված արժեքը (այսուհետ` գույքի արժեք).
դ) գրավադրվող գույքի նկարագրությունը, ընդ որում, եթե գրավադրվող գույքը հնարավոր է մասնատել առանց այդ գույքի ապրանքային հատկանիշներն էապես վնասելու, բայց այն հանձնվում է առանց մասնատելու, ապա գրավատոմսում տրվում է յուրաքանչյուր մասի առանձին և բավարար նկարագրությունը:
5. Գրավատոմսը համարվում է ձևակերպված, եթե դրանում կատարվել է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված բոլոր նշումները և գրավատոմսի յուրաքանչյուր օրինակն ստորագրված է գրավատան ներկայացուցչի ու գրավատուի կողմից, ինչպես նաև կնքված է գրավատան կնիքով:
Գրավատոմսի մեկ օրինակը պահվում է գրավատանը, իսկ մյուս օրինակը հանձնվում է գրավատուին:
Ձևակերպումից հետո գրավատոմսում բոլոր փոփոխությունները կատարվում են գրավատանը և գրավատուի մոտ պահվող գրավատոմսերի օրինակներում: Ընդ որում, ձևակերպումից հետո գրավատոմսում յուրաքանչյուր փոփոխություն վավերացվում է գրավատան ներկայացուցչի և գրավատուի ստորագրություններով:
6. Գույքը գրավատուին վերադարձնելիս գրավատան և գրավատուի մոտ պահվող գրավատոմսերի օրինակներում (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի) պարտադիր նշվում և գրավատուի ստորագրությամբ վավերացվում են ստորև նշված տեղեկությունները`
ա) գույքի փաստացի վերադարձման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
բ) վերադարձվող գույքի նկարագրությունը:
7. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավատան կողմից գույքն ամբողջությամբ իրացվում է գրավատուի պարտավորությունների կատարումն ապահովելու համար, ապա սույն հոդվածի իմաստով գրավատոմսը դադարած է համարվում անկախ գրավատուի համաձայնությունը հավաստող գրառումներից (ստորագրությունից), իսկ գրավատոմսը պահպանվում է սույն օրենքով սահմանված կարգով` պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման ընթացակարգի օրինականությունը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին: