Հոդված 10. ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 10. ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Տոպոլոգիայի հեղինակը կամ այլ իրավատերը կարող է անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով ԻՄՍ-ի տոպոլոգիայի պետական գրանցման հայտ (այսուհետ` հայտ) ներկայացնել պետական լիազորված մարմին:
Եթե մինչև հայտ ներկայացնելը տոպոլոգիան օգտագործվել է, հայտը կարող է ներկայացվել մինչև առաջին օգտագործման թվականից երկու տարին լրանալը:
Հայտը պետք է վերաբերի մեկ տոպոլոգիայի և պարունակի`
ա) դիմում ԻՄՍ-ի տոպոլոգիայի պետական գրանցման վերաբերյալ, որտեղ նշվում է իրավատերը (հայտատուն), ինչպես նաև հեղինակը, եթե նա չի հրաժարվել որպես այդպիսին հիշատակվելուց, նրանց բնակության կամ գտնվելու վայրը և առաջին օգտագործման թվականը (եթե այն օգտագործվել է).
բ) տոպոլոգիայի նույնականացման նյութեր, ներառյալ համառոտ շարադրանքը:
Հայտին կցվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է պետական լիազորված մարմինը:
Պետական լիազորված մարմինը երկամսյա ժամկետում ստուգում է ստացված հայտի համապատասխանությունը սույն հոդվածի երրորդից հինգերորդ մասերով սահմանված պահանջներին: Ստուգման դրական արդյունքի դեպքում պետական լիազորված մարմինը հնգօրյա ժամկետում տոպոլոգիան գրանցում է ԻՄՍ-ների տոպոլոգիաների գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետ` պետական գրանցամատյան), տալիս է ԻՄՍ-ների տոպոլոգիաների պետական գրանցման վկայական (այսուհետ` վկայական) և եռամսյա ժամկետում իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում գրանցված տոպոլոգիայի մասին:
Հայտը ներկայացնելու կամ պետական լիազորված մարմնի հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի լրացումներ, ուղղումներ և ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերի մեջ:
Պետական գրանցման կարգը, վկայականի ձևը, դրա մեջ նշվող տվյալների ցանկը, պաշտոնական տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազորված մարմինը:
Պետական գրանցամատյանում գրանցված տեղեկությունները համարվում են հավաստի, քանի դեռ ապացուցված չէ հակառակը: Նշված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն:
Իր իրավունքների մասին նախազգուշացնելու նպատակով տոպոլոգիայի հեղինակը կամ այլ իրավատերը իրավունք ունի պաշտպանվող տոպոլոգիայի, ինչպես նաև այդպիսի տոպոլոգիա պարունակող իրերի վրա զետեղել նախազգուշական գրառում` լատիներեն T տառի կամ այդ տառը շրջանակի, քառակուսու, փակագծերի կամ չակերտների մեջ վերցված պատկերի տեսքով` նշելով տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի գործողության ժամկետի սկիզբը և իրավատիրոջը նույնականացնող տեղեկություն: