Հոդված 7. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 7. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է հեղինակին կամ այլ իրավատիրոջ և հնարավորություն է տալիս նրան իր հայեցողությամբ արտադրել և տարածել այդպիսի տոպոլոգիայով ԻՄՍ-ներ, ինչպես նաև արգելել դրա օգտագործումը սույն օրենքին հակասող դեպքերում:
Եթե տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է մի քանի անձանց, ապա այդ իրավունքից օգտվելու հետ կապված փոխհարաբերությունները որոշվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Նման պայմանագրի բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի տոպոլոգիան օգտագործել իր հայեցողությամբ, սակայն իրավունք չունի օգտագործման իրավունքը զիջել այլ անձի կամ տալ օգտագործման թույլտվություն առանց մյուս իրավատերերի համաձայնության:
Ծառայողական պարտականությունների կատարմամբ կամ գործատուի առաջադրանքով ստեղծված տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է գործատուին, եթե նրա և հեղինակի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այդ պայմանագրով կարող են սահմանվել նաև հեղինակի վարձատրության չափը և վճարման կարգը:
Գործատու չհամարվող պատվիրատուի և հեղինակի միջև կնքված պայմանագրով ստեղծված տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է պատվիրատուին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Օգտագործման բացառիկ իրավունքի խախտում է համարվում առանց հեղինակի կամ այլ իրավատիրոջ թույլտվության հետևյալ գործողությունների կատարումը`
ա) ԻՄՍ-ում կիրառելու կամ այլ ձևով տոպոլոգիայի կամ դրա մի մասի պատճենումը, բացառությամբ տոպոլոգիայի միայն այն մասի պատճենման, որը ինքնօրինակ չէ.
բ) տոպոլոգիայի կամ այդ տոպոլոգիայով ԻՄՍ-ի կիրառումը, ներմուծումը, վաճառքը, վարձակալության հանձնումը կամ այլ եղանակով առևտրային նպատակով տարածումը, ինչպես նաև այդ գործողությունների կատարման առաջարկը:
Եթե իրավատերը չի կարող օգտագործել տոպոլոգիան առանց մեկ ուրիշ իրավատիրոջ բացառիկ իրավունքը խախտելու, ապա նա իրավունք ունի վերջինից պահանջել օգտագործման թույլտվություն` պայմանագրի համաձայն: Համաձայնության չգալու դեպքում հարցը կարող է լուծվել դատական կարգով: