Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2020 թվականի N 354-Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն ծրագրի իրականացման նպատակով պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ուղղված հանձնարարականների վերաբերյալ առաջարկություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. մարտի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 354-Լ որոշման

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ

ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրով նախատեսված միջոցառումների հիմնական նպատակները.

● ըստ ոլորտների օժանդակել ՀՀ առանձին տնտեսավարողներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու նպատակով,

● տնտեսության կայուն և շարունակական զարգացումը,

● պետության կողմից կապիտալ ներդրումների առաջնահերթությունների ճշգրտումը և իրականացման գործընթացի ակտիվացումը,

● կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած անձանց այն խմբերի (այդ թվում՝ ինքնազբաղվածներին) բացահայտումը և օժանդակումը, որոնց համար այլ աշխատանք գտնելը մոտակա ժամանակահատվածում կարող է անհնարին լինել,

● ապահովել սոցիալապես անապահով, սոցիալական խոցելի խմբերի սոցիալական անվտագությունը, աջակցել նրանց և նրանց ընտանիքների տնտեսական կայունացմանը,

● կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական համակարգի վերազինումը,

● պարենային, դեղորայքային, հումքային, իրային և այլ անհրաժեշտ պահուստների կառավարման արդյունավետության բարձրացումը,

● ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման պլանի հաստատումը՝ ըստ աղբյուրների և ինդիկատիվ չափերի:

2. Տնտեսավարողներին օժանդակության նպատակը.

2.1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար պայմաններ և հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմանները վերլուծելու, դրանց արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու և զարգանալու համար։

2.2. Միջոցառումները կիրականացվեն հաշվի առնելով՝

● թիրախային ոլորտները և ենթաոլորտները,

● տնտեսավարողների չափերը (միկրո, ՓՄՁ, խոշոր),

● սպառման ներկա և հեռանկարային շուկաները (արտաքին, ներքին):

3. Տնտեսության կայուն և շարունակական զարգացման միջոցառումների նպատակը.

3.1. Ընթացիկ տնտեսական շոկերի հետևանքով համաշխարհային տնտեսության մեջ տեղի կունենան զգալի վերադասավորումներ, ինչպես նաև՝ պահանջարկի և առաջարկի վերաիմաստավորում: Կբացվեն նոր շուկաներ, կառաջանա նոր տիպի ապրանքների և ծառայությունների պահանջարկ:

3.2. Ըստ այդմ, կիրականացվեն՝

● նոր հեռանկարային ոլորտների ուղղությամբ տնտեսավարողների ռազմավարական նախաձեռնությունների իրականացման խթանմանը նպաստող միջոցառումներ, այդ թվում՝ դրանց ֆինանսավորման և համաֆինանսավորման գործիքների ներդրման միջոցով,

● նոր հեռանկարային ոլորտներում նոր ուղղությունների համար մասնագիտական ներուժի կարողությունների զարգացմանը և վերամասնագիտացման հնարավորությունների ընձեռմանն ուղղված միջոցառումներ:

4. Պետության կողմից իրականացվող ներդրումների ակտիվացման միջոցառումները.

4.1. Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ սպասվող զգալի վերադասավորումները և դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա՝ կիրականացվեն պետության կողմից ներդրումների առաջնահերթությունների ճշգրտման և իրականացման գործընթացի ակտիվացման միջոցառումներ:

5. Առանձին սոցիալական խմբերին օժանդակելու միջոցառումների նպատակը.

5.1. Ընթացիկ իրավիճակում անհրաժեշտ կլինի բացահայտել և օժանդակել աշխատանք կորցրած անձանց այն խմբերին (այդ թվում՝ ինքնազբաղվածներին), որոնց համար այլ աշխատանք գտնելը, այդ թվում՝ վերամասնագիտանալը և դրա արդյունքում աշխատանք գտնելը, մոտակա ժամանակահատվածում կարող է անհնարին լինել:

5.2. Ըստ այդմ, կիրականացվեն խոցելի խմբերին նյութական օժանդակության, ինչպես նաև այդ խմբերի վերամասնագիտացման կամ վերապրոֆիլավորման միջոցառումներ:

6. Առողջապահական համակարգի վերազինման միջոցառումների նպատակը.

6.1.Հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման դրսևորումները և միտումները՝ դրա դեմ արդյունավետ պայքարի նպատակով կիրականացվեն հանրային առողջապահական համակարգի հզորացման և վերազինման միջոցառումներ:

6.2. Ըստ այդմ, կիրականացվեն՝

● հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ միջոցառումների և ախտորոշման համակարգերի հզորացում,

● կորոնավիրուսային հիվանդության հետ կապված առողջապահության ոլորտում կանխարգելիչ գործառույթներ, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարդկային ներուժի զարգացման միջոցառումներ,

● կորոնավիրուսային հիվանդության բուժման և պացիենտների վերականգնողական ծառայությունների շարունակականության և արդյունավետության բարձրացման գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ բժշկական նյութատեխնիկական բազայի ձևավորում, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և բուժման նպատակով դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերում:

7.Պարենային և ապրանքանյութական պահուստների արդյունավետ համալրման միջոցառումների նպատակը.

7.1. Հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման դրսևորումները և միտումները՝ կիրականացնվեն պարենային, դեղորայքային, հումքային, իրային և այլ անհրաժեշտ պահուստների արդյունավետ համալրման միջոցառումներ:

7.2. Ըստ այդմ, հաշվի առնելով սեզոնայնության, պահանջարկի և այլ երկրների կանխարգելիչ միջոցառումների տրամաբանությունը՝ կսահմանվեն առաջին անհրաժեշտության ապրանքների նոր ցանկեր և կիրականացվեն դրանց պահուստավորման և պահպանման միջոցառումներ՝ հաշվի առնելով հայաստանյան ձեռնարկությունների արտադրական ներուժը վերոնշյալ ցանկերի ապրանքների արտադրության համար:

8.Անհրաժեշտ ֆինանսական միջոցների հասանելիության և արդյունավետ օգտագործման միջոցառումներ.

8.1. Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձությունները ենթադրում են ֆինանսական միջոցների ծախսման ուղղությունների ճշգրտումներ և ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության կտրուկ աճ:

8.2.Ըստ այդմ, կիրականացվեն հետևյալ միջոցառումները․

● պետական գնումների նպատակով բյուջետային ծախսերի անհրաժեշտ վերադասավորումներ,

● միջազգային ֆինանսական կառույցների հետ իրականացվող վարկային ծրագրերի ճշգրտումներ,

● դոնոր կազմակերպությունների հետ դրամաշնորհային ծրագրերի նպատակների ճշգրտումներ,

● անհրաժեշտության դեպքում, սույն ծրագրի իրականացման նպատակով ֆինանսավորման նոր աղբյուրների ստեղծում:

9. Ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսել է 150 մլրդ դրամ սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթ հետևյալ հիմնական ուղղություններով՝

● 25 մլրդ դրամ՝ ձեռնարկություններին աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ընթացիկ իրացվելիության խնդիրների լուծմանը,

● 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության ծրագրեր,

● 80 մլրդ դրամ՝ տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագրեր, որոնք ուղղված են մասնավոր ներդրումների ընդլայնման խնդրի լուծմանը,

● 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:

(9-րդ կետը լրաց. 07.07.20 N 1143-Լ)

(հավելվածը լրաց. 07.07.20 N 1143-Լ)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։