Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 88-րդ հոդվածում`
1) 4-րդ, 4.1-ին, 4.2-րդ, 4.3-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.6-րդ մասերով.
«5.1. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորությունների ժամկետն ավարտված և պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի անդամին (դատավորին), որպես սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով լիազորությունները դադարած անձի, նշանակվում է կենսաթոշակ՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
5.2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարել Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ դատավոր պաշտոնավարած ժամկետը:
5.3. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունների ուժով` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից, Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.4. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի հիմքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարելու հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը սույն հոդվածի 5.3-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ թեկնածու առաջադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնում է սույն հոդվածի 5.3-րդ մասով սահմանված` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող այն մարմնին, որը տվյալ պահի դրությամբ թեկնածու դեռևս չի առաջադրել:
5.5. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը կատարվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած՝ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:
5.6. Քննության ընդունված այն գործերով, որոնցով սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված աշխատակարգային որոշմամբ զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի այն անդամը (դատավորը), որի պաշտոնավարումը դադարել է Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը Սահմանադրական դատարանի դատավորների կազմից նշված գործերով զեկուցող նշանակելու հարցը լուծելու նպատակով հրավիրում է աշխատակարգային նիստ։»: