Հոդված 52. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը
Հոդված 52. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը
1. Կարգավորող պետական մարմինը իր կառավարմանը հանձնված ազատ հաճախականությունների առկայության դեպքում հայտարարում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթ: Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում այն հայտարարելուց 10 օր հետո կարգավորող պետական մարմինը հայտարարում է նոր մրցույթ:
2. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարելուց հետո` վեց ամսվա ընթացքում, կարգավորող պետական մարմին են ներկայացվում`
1) հայտ.
2) մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ` ցանցի գործարկման ժամանակացույցը.
3) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին.
4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր.
5) hայտատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները:
3. Հայտի ձևը սահմանվում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով:
4. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո կարգավորող պետական մարմինը ցանցի ստեղծման նախագիծը և ժամանակացույցը ներկայացնում է իր ընտրած փորձագիտական խմբին՝ տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը երկու ամսվա ընթացքում:
5. Եթե երկու ամսվա ընթացքում փորձագիտական խումբը չի տալիս տեխնիկական փորձաքննության եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:
6. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո` առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը՝ կարգավորող պետական մարմինը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու մասին:
7. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը (ներառյալ` գնահատման չափանիշները) սահմանում է կարգավորող պետական մարմինը:
8. Կարգավորող պետական մարմինը մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`
1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին.
2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննությամբ տրվել է բացասական եզրակացություն.
3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջին: