Հոդված 58
Հոդված 58.
Անվան փոխումը
1. Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը:
2. Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության կամ ծննդի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ:
3. Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձը իր անվան փոխումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, բացառությամբ մինչև նրա` օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:
Տասնվեց տարին չլրացած անձի անվան փոխումը, ինչպես նաև ծնողի` նրան շնորհած ազգանվան փոխումը կարող է կատարվել ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:
4. Անվան փոխումը ենթակա է ՔԿԱԳ մարմնում պետական գրանցման:
5. Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն:
Անվան փոխման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(58-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-181-Ն)