Հոդված 39.6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության կարգը
Հոդված 39.6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության կարգը
1. Փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական գործն ըստ էության քննող և վերջնական որոշում կայացնող մարմինն է:
2. Փաստաբանների պալատի խորհուրդ մուտք եղած կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով վարույթ է ընդունում պալատի խորհրդի անդամը, որի մասին նա ընդունում է որոշում: Կարգապահական գործը վարույթ ընդունած խորհրդի անդամը այդ գործը փաստաբանների պալատի խորհրդում քննելիս հանդես է գալիս որպես նիստը նախագահող (սույն գլխում այսուհետ` նիստը նախագահող):
3. Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի կողմից կարգապահական գործի քննությանը չի մասնակցում:
4. Կարգապահական գործը վարույթ ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, նիստը նախագահողը պարտավոր է նշանակել փաստաբանների պալատի խորհրդի նիստ և նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցել փաստաբանին, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, դիմող կողմին, վկաներին և կարգապահական գործին մասնակցող այլ անձանց:
5. Կարգապահական գործը քննող պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:
6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը պալատի խորհուրդը քննում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո` վեց ամսվա ընթացքում: