Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

71. Դատարանը վերոշարադրայի շրջանակներում քննել է դիմումատուի բողոքն այն մասին, որ համապատասխան մարմինները չեն ապահովել իր օգտին կայացված վերջնական վճռի լիարժեք կատարումը: Այն նշում է, որ 13-րդ հոդվածով սահմանված դիմումատուի բողոքը, ըստ էության, իր այն բողոքի վերահաստատումն է, որ ինքը հնարավորություն չի ունեցել հասնելու վերջնական վճռի ամբողջական կատարմանը, ինչը հնարավորություն կտար իրեն վերականգնելու իր սեփականության իրավունքները: Այս հանգամանքներում Դատարանը համարում է, որ առկա չէ բողոքը 13-րդ հոդվածի ներքո առանձին քննելու անհրաժեշտություն (տե՛ս Ջասիունիենն ընդդեմ Լիտվայի [Jasiūnienė v. Lithuania], թիվ 41510/98, § 32, 2003 թվականի մարտի 6, և mutatis mutandis, Մարինին ընդդեմ Ալբանիայի [Marini v. Albania], թիվ 3738/02, § 151, 2007 թվականի դեկտեմբերի 18):

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

72. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

Ա. Վնասը

1. Նյութական վնասը

73. Դիմումատուն պահանջել է 7, 670 եվրո՝ քննարկվող ինքնակամ շինության ոչ ամբողջությամբ քանդման պատճառով իր գույքի շուկայական արժեքի նվազման հետևանքով կրած նյութական վնասի համար:

74. Կառավարությունը համարել է, որ առկա չէ որևէ պատճառահետևանքային կապ հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև, որ նյութական վնասի համար պահանջվող գումարները չափազանցված են և չհիմնավորված, և որ ամեն դեպքում պետք է բացառել հողի շուկայական արժեքը:

75. Դատարանը համարում է, որ նյութական վնասի վերաբերյալ 41-րդ հոդվածի կիրառման հարցը դեռ պատրաստ չէ համապատասխան որոշում կայացնելու համար: Հետևաբար անհրաժեշտ է վերապահում կատարել այդ հարցի մասով՝ հաշվի առնելով պատասխանող Պետության և դիմումատուի միջև համաձայնություն ձեռք բերելու հնարավորությունը (Դատարանի կանոնակարգի 75-րդ կանոնի 1-ին և 4-րդ կետեր):

2. Ոչ նյութական վնասը

76. Դիմումատուն պահանջել է 5, 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

77. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը եղել է չափազանցված և չհիմնավորված։

78. Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է 3, 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

Բ. Ծախսերը և ծախքերը

79. Դիմումատուն նաև պահանջել է 3, 702 եվրո՝ որպես հատուցում ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։ Պահանջվող գումարը ներառել է Դատարանում և ներպետական դատարաններում գտնվող վարույթների համար վճարվող դատական ծախսերը և փոստային ծախսերը, ինչպես նաև ներպետական վարույթներում կրած վարչական ծախսերը, դատական և փորձագետի ծառայության վճարները: Դիմումատուն Դատարանում կրած ծախսերի համար իր պահանջները հիմնավորել է՝ ներկայացնելով իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակ, որով նա պարտավորվել է վճարել 200, 000 ՀՀ դրամ Դատարանի կողմից իր օգտին վճիռ կայացվելու դեպքում, ինչպես նաև 44, 600 ՀՀ դրամի չափով իր կողմից Դատարան կատարած փոստային առաքումների ծախսերը հիմնավորող անդորրագրեր:

80. Կառավարությունը վիճարկել է նրա պահանջները։

81. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Այն է՝ դիմումատուն պետք է վճարած լինի կամ պարտավորված լինի վճարելու դրանք՝ համաձայն իրավական կամ պայմանագրային պարտավորության, և դրանք պետք է, որ անխուսափելի լինեն հայտնաբերված խախտումը կանխելու կամ փոխհատուցում ստանալու համար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Հաջնալն ընդդեմ Սերբիայի [Hajnal v. Serbia], թիվ 36937/06, § 154, 2012 թվականի հունիսի 19):

82. Ինչ վերաբերում է Դատարանում գտնվող վարույթի համար դատական ծախսերի հետ կապված դիմումատուի պահանջներին, ապա պետք է նշել, որ Դատարանը նախկինում ճանաչել է ըստ արդյունքի վարձատրության մասին պայմանագրերի վավերականությունը՝ դատական ծախսերի համար հատուցում շնորհելու նպատակով (տե՛ս, որպես ամենավերջին օրինակ՝ Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia], թիվ 3673/11, § 112, 2020 թվականի մայիսի 7): Դատարանը սույն գործում այդ մոտեցումից շեղվելու պատճառներ չի տեսնում և գտնում է, որ այդ մասով պետք է բավարարել դիմումատուի պահանջները: Ինչ վերաբերում է դիմումատուի պահանջների մնացած մասին, ապա Դատարանը նշում է, որ բացառությամբ Դատարանի վարույթի ընթացքում կրած փոստային ծախսերի մասով պահանջների՝ դիմումատուն չի հիմնավորել, որ պահանջվող ծախսերն անհրաժեշտ են եղել հայտնաբերված խախտումը կանխելու կամ դրա դիմաց փոխհատուցում ստանալու համար:

83. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը մերժում է դիմումատուի՝ ներպետական վարույթում կրած ծախսերի համար պահանջները և շնորհում է 422 եվրո՝ որպես իր վարույթում կրած ծախսերի ու ծախքերի փոխհատուցում:

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

84. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Միացնում է դիմումատուի՝ տուժած անձի կարգավիճակի վերաբերյալ Կառավարության առարկությունը գործի ըստ էության քննությանը.

2. Հայտարարում է գանգատն ընդունելի.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում, և մերժում է Կառավարության առարկությունը.

4. Վճռում է, որ առկա չէ ներկայացված բողոքը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո քննելու անհրաժեշտություն.

5. Վճռում է, որ 41-րդ հոդվածի կիրառման հարցը համապատասխան որոշում կայացնելու համար դեռևս պատրաստ չէ այնքանով, որքանով այն վերաբերում է սույն գործով հայտնաբերված խախտման հետևանքով կրած նյութական վնասին, և համապատասխանաբար՝

ա) հետաձգում է նշված հարցը.

բ) Կառավարությանը և դիմումատուին առաջարկում է վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց գրավոր դիտարկումները տվյալ հարցի վերաբերյալ և մասնավորապես ծանուցել Դատարանին ցանկացած այնպիսի համաձայնության մասին, որն իրենք կարող են ձեռք բերել.

գ) հետաձգում է հետագա ընթացակարգը և Նախագահին պատվիրակում է անհրաժեշտության դեպքում նույնը սահմանելու լիազորություն.

6. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 422 եվրո (չորս հարյուր քսաներկու եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա բոլոր հարկերը.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

7. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի հունիսի 22-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Իլզե Ֆրայվըրթ Թիմ Այքը

Քարտուղարի տեղակալ Նախագահ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։