Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՈՇ» ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2021 թվականի N 1755-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՈՇ» ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների (այսուհետ՝ հիմնարկներ) գործունեությունը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել հիմնարկների գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով հանձնաժողովի ստեղծումը.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հիմնարկների համապատասխան փաստաթղթերի, անշարժ և շարժական գույքի հանձնման-ընդունման, ինչպես նաև տնօրինման և հետագա պահպանության մասին.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կրճատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հաստիքային միավորները և ըստ անհրաժեշտության դրանք վերաբաշխել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության այլ քրեակատարողական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության միջև, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողներին (աշխատակիցներին) օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցել կադրերի համապատասխան ռեզերվում.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կրճատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հաստիքային միավորները և վերջինիս գործունեության դադարեցման արդյունքում զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողներին (աշխատակիցներին) օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցել կադրերի համապատասխան ռեզերվում.

5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կրճատել հիմնարկներում տեղակայված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ բժշկական ստորաբաժանման հաստիքները և դրանք հատկացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանմանը.

6) մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ապահովել հիմնարկներում՝

ա. պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, և

բ. պահվող կալանավորված անձանց տեղափոխումն այլ քրեակատարողական հիմնարկներ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

28.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։