Հոդված 11
Հոդված 11
«1.Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության [և այլոց հետ միավորվելու ազատության] իրավունք...
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:
Ա. Ընդունելիությունը
40. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի ունեցել զոհի կարգավիճակ, քանի որ նա չի ներկայացրել որևէ փաստ կամ ապացույց իր այն պնդումը հաստատելու համար, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը կամ իր նկատմամբ պատժի սահմանումն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են եղել իր՝ ազատ արտահայտվելու իրավունքի կամ խաղաղ հավաքների ազատության իրավունքի հետ։ Դիմումատուի դեմ քրեական վարույթը հարուցվել է միայն այն պատճառով, որ նրա արարքում եղել են հանցակազմի հատկանիշներ: Մասնավորապես, նրան կասկածել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու և հրահրելու և ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու մեջ, որի մասով նա ի վերջո մեղավոր է ճանաչվել, ինչպես նաև իշխանությունը զավթելու փորձ անելու համար՝ մի մեղադրանք, որը հանվել է: Այս արարքներից ոչ մեկը կապ չի ունեցել Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների հետ:
41. Դիմումատուն վիճարկել է Կառավարության այն փաստարկները, որոնք վերաբերում են զոհի կարգավիճակի ենթադրյալ բացակայությանը, և պնդել է, որ տեղի է ունեցել իր՝ 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին միջամտություն, քանի որ նա հետապնդվել և դատապարտվել է խաղաղ և օրինական հետընտրական հանրահավաքներում իր դերի և ակտիվ մասնակցության համար։ Նրա վարքը, որը որակվել է որպես քրեորեն արգելված և բնութագրվել է որպես «զանգվածային անկարգությունների կազմակերպում», եղել է պարզապես զանգվածային հանրային գործողություն:
42. Դատարանը նշում է, որ վիճարկելով դիմումատուի զոհի կարգավիճակի հարցը, Կառավարությունն ըստ էության վիճարկում է դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին միջամտության առկայության հարցը։ Այս հարցը, այնուամենայնիվ, սերտորեն կապված է դիմումատուի բողոքների բովանդակության հետ և հետևաբար պետք է կցվի գործի ըստ էության քննությանը:
43. Դատարանը նշում է, որ սույն բողոքները ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի են Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
44. Դիմումատուն նշել է, որ նրան հետապնդել և դատապարտել են ընդդիմադիր քաղաքական գործիչ լինելու և քաղաքական դեբատին մասնակցելու, իշխանություններին իր քաղաքական ելույթներում քննադատելու և նախագահի ընդդիմադիր թեկնածուին սատարելու միջոցով արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների իր իրավունքներից օգտվելու համար: Ազատության հրապարակում իննօրյա անընդմեջ անցկացվող հավաքը եղել է օրինական, ինքնակամ և լրիվ խաղաղ միջոցառում, որի միջոցով հազարավոր հայեր, այդ թվում՝ նաև ինքը, արտահայտել են իրենց ընդդիմադիր կեցվածքը և բողոքը նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված՝ հարուցված քրեական գործն ի սկզբանե եղել է քաղաքական գործ, որով իշխանությունները սանձազերծել են լայնածավալ հետապնդումներ ընդդիմության անդամների և աջակիցների նկատմամբ, ինչպիսին ինքն է: Այս փաստն ակնհայտ է եղել քրեական գործ հարուցելու մասին որոշման անորոշ ձևակերպումից և հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, ԵԽԽՎ-ի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի կողմից: Նրա դեմ մեղադրանքները եղել են շինծու, ինչը հաստատում են նաև դրանց անընդհատ փոփոխվող բնույթը և բազմաթիվ անհամապատասխանությունները: Ի վերջո դրանք ձևականորեն հաստատվել են դատարանի կողմից, որը չի եղել անկախ:
45. Ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքին միջամտությունը սահմանված չի եղել օրենքով, քանի որ ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածները չունեն որոշակիություն և կանխատեսելիություն: Ավելին, ժողովրդավարական հասարակությունում դա անհրաժեշտ չի եղել: Նշված հանրահավաքները եղել են 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում մեծածավալ ընտրակեղծիքներին ի պատասխան իրականացված հետընտրական բողոքի ավելի լայն շարժման մաս: Այդ պատճառով այդ հանրահավաքները 10-րդ և 11-րդ հոդվածներով խիստ պաշտպանված են եղել, և ինքը, որպես պրն Տեր-Պետրոսյանի հիմնական աջակիցներից մեկը և խորհրդարանի պատգամավոր, օգտվել է ազատ արտահայտվելու իր իրավունքից՝ մասնակցելով այդ հանրահավաքներին: Նույնիսկ եթե որոշ անձինք 2008 թվականի մարտի 1-ին կատարել են բռնարարքներ, ապա նրանք, ում մտադրությունները լիովին օրինական էին և 10-րդ ու 11-րդ հոդվածների պաշտպանության շրջանակներում էին, չէին կարող պատասխանատվություն կրել այդ արարքների համար։ Այսպիսով, հետընտրական բողոքի ակցիաների համատեքստում քաղաքական գործչի ազատազրկումն անկարգություններ առաջացնող այնպիսի բռնի գործողությունների համար, որոնք ո՛չ կատարվել են նրա կողմից, ո՛չ էլ նրա հետ որևէ հաստատված աղերս ունեն, լիովին անհամաչափ են ցանկացած իրավաչափ նպատակի, այդ թվում՝ անկարգության և հանցագործության կանխարգելմանը կամ այլոց առողջության, բարոյականության կամ իրավունքների պաշտպանությանը։ Կառավարության այն պնդումը, որ հանրահավաքները խաղաղ չեն եղել, նույնքան անհիմն է, քանի որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասնակիցներից ոչ մեկը մեղավոր չի ճանաչվել իշխանության յուրացման փորձի համար: Դիմումատուն նույնպես անդրադարձել է միջազգային հանրության և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածներով ընդդիմության առաջնորդներին առաջադրված մեղադրանքներից հրաժարվելու շարունակական կոչերին, քանի որ այդ մեղադրանքները համարվում էին քաղաքական շարժառիթներ ունեցող, և նրանք, ովքեր բախվում էին այդպիսի մեղադրանքների, ճանաչվում էին որպես «քաղաքական բանտարկյալներ»։
46. Կառավարությունը դիմումատուի փաստարկների վերաբերյալ մեկնաբանություններ չի ներկայացրել, բացի այն, որ վիճարկել է, որ նա չի ունեցել զոհի կարգավիճակ (տե՛ս վերևում հիշատակված՝ 40-րդ պարբերությունը):
2. Դատարանի գնահատականը
ա) Դիմումատուի բողոքների շրջանակը
47. Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտվի որպես ընդհանուր օրենք (lex generalis) ի համադրություն 11-րդ հոդվածի, որը հատուկ օրենք (lex speciallis) է։ Դատարանը հետևաբար գտնում է, որ դիմումատուի բողոքները պետք է ուսումնասիրվեն միայն 11-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի [Ezelin v. France], 1991 թվականի ապրիլի 26, § 35, շարք Ա, թիվ 202 և Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania [GC]], թիվ 37553/05, § 85, ՄԻԵԴ 2015)։
48. Մյուս կողմից, չնայած դրա ինքնավար դերին և կիրառության հատուկ ոլորտին, 11-րդ հոդվածը սույն գործով պետք է նաև դիտարկվի 10-րդ հոդվածի լույսի ներքո։ 10-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփական կարծիք ունենալու իրավունքի պաշտպանությունը 11-րդ հոդվածով ամրագրված՝ խաղաղ հավաքների ազատության նպատակներից մեկն է (տե՛ս վերևում հիշատակված՝ Էզելինի գործը, § 37, վերևում հիշատակված՝ Կուդրեվիչուսի և այլոց գործը, § 86 և Նավալնին ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Navalnyy v. Russia [GC]], թիվ 29580/12 և մյուս 4 թվերը, § 102, 2018 թվականի նոյեմբերի 15):
բ) Արդյոք եղե՞լ է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը
49. Դատարանը վերահաստատում է, որ միջամտությունը կարող է չհանգեցնել բացարձակ արգելքի՝ իրավաբանորեն կամ փաստացի, սակայն կարող է ներառել իշխանությունների կողմից ձեռնարկվող տարբեր միջոցառումներ։ 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի և՛ հավաքից առաջ, և՛ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցառումների ներառմամբ, ինչպիսիք են սկզբնական արգելքը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժամիջոցները, այդ թվում՝ հանրահավաքին մասնակցելու համար կիրառված տույժերը (տե՛ս Նավալնին և Յաշինն ընդդեմ Ռուսաստանի [Navalnyy and Yashinv. Russia], թիվ 76204/11, § 51, 2014 թվականի դեկտեմբերի 4 և վերևում հիշատակված՝ Կուդրևիչիուսի և այլոց գործը, § 100)։
50. Դատարանը նշում է, որ Կառավարությունը վիճարկել է միջամտության առկայության հարցը՝ պնդելով, որ Ազատության հրապարակի հավաքը և դիմումատուի գործողությունները խաղաղ չեն եղել։ Այս առնչությամբ Դատարանը հաշվի է առնում այն փաստը, որ այն արդեն մանրամասն ուսումնասիրել է Ազատության հրապարակի հավաքի հանգամանքները և գտել է, որ այն եղել է խաղաղ՝ առանց բռնության որևէ հրահրման կամ բռնարարքների (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 245 և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 72)։ Դատարանն այնուհետև նշում է, որ դիմումատուի նկատմամբ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար պատժի սահմանումն առնչվել է հետընտրական բողոքի շարժմանը նրա ներգրավմանը, այդ թվում՝ Ազատության հրապարակի հավաքին նրա մասնակցությանը և այնտեղ ելույթ ունենալուն, և հետևաբար դա եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իր իրավունքին: Նույն պատճառով Դատարանը մերժում է Կառավարության՝ զոհի կարգավիճակի բացակայության վերաբերյալ առարկությունը։
գ) Արդյո՞ք միջամտությունը հիմնավորված էր
51. Միջամտությունը կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «նախատեսված օրենքով», չհետապնդի 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակներ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար (տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Galstyan v. Armenia], թիվ 26986/03, § 103, 2007 թվականի նոյեմբերի 15):
52. Սույն գործով Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշում կայացնել այն մասին, թե արդյոք միջամտությունը սահմանված է եղել օրենքով և հետապնդել է իրավաչափ նպատակ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված իր եզրակացությունները միջամտության անհրաժեշտության վերաբերյալ (տե՛ս համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի [Christian Democratic People’s Party v. Moldova], թիվ 28793/02, §§ 49-54, ՄԻԵԴ 2006II և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 237):
53. Դատարանն ի սկզբանե կրկին հաստատում է, որ ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկով` հավաքների ազատության իրավունքով, նախատեսվում են մի շարք բացառություններ, որոնք պետք է մեկնաբանվեն նեղ իմաստով, և սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հիմնավորվի: Երբ ուսումնասիրվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների մասով սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», պայմանավորվող պետություններին վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի, սակայն ոչ անսահմանափակ շրջանակ: Ամեն դեպքում Դատարանն է վերջնական որոշում կայացնում սահմանափակման` Կոնվենցիայի հետ համատեղելիության մասին, և դա պետք է կատարվի կոնկրետ գործի հանգամանքները գնահատելու միջոցով (տե՛ս վերևում հիշատակված՝ Կուդրևիչիուսի և այլոց գործը, § 142 և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 238):
54. Մանրամասն քննություն կատարելիս Դատարանի խնդիրը ոչ թե համապատասխան ազգային մարմինների տեսակետի վերաբերյալ սեփական դիրքորոշումը հայտնելն է, այլ 11-րդ հոդվածի համաձայն նրանց որոշումները վերանայելը: Սա չի նշանակում, որ Դատարանը պետք է սահմանափակի իրեն` պարզելով, թե արդյոք պետությունն իր հայեցողական լիազորություններն իրականացրել է ողջամիտ կերպով, զգուշորեն ու բարեխղճորեն. այն պետք է բողոքի առարկա միջամտությունն ուսումնասիրի տվյալ գործի` որպես ամբողջության լույսի ներքո և հաստատելուց հետո, որ այն «իրավաչափ նպատակ» է հետապնդել, որոշի, թե արդյոք այն համապատասխանել է «ծայրահեղ սոցիալական անհրաժեշտությանը», և մասնավորապես՝ արդյոք այն համաչափ է եղել այդ նպատակին, և արդյոք այն արդարացնելու համար ազգային իշխանությունների կողմից ներկայացված հիմնավորումները «համապատասխան և բավարար» են եղել: Այդպիսով, Դատարանը պետք է հավաստիանա, որ ազգային իշխանությունները կիրառել են 11-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ և բացի այդ, իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (տե՛ս վերևում հիշատակված՝ Կուդրևիչիուսի և այլոց գործը, § 143 և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 239):
55. Դատարանը նաև նշում է, որ հանրահավաքի ժամանակ բռնություն հրահրող գործողությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելը որոշ հանգամանքներում կարող է համարվել ընդունելի միջոց (տե՛ս Օսմանին և այլք ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության (որոշում) [Osmani and Others v. the former Yugoslav Republic of Macedonia (dec.)], թիվ 50841/99, ՄԻԵԴ 2001 X)։ Այնուամենայնիվ, խաղաղ մասնակիցները չեն կարող պատասխանատվության ենթարկվել այլ անձանց կողմից կատարված դատապարտելի արարքների համար։ Խաղաղ հավաքներին մասնակցելու ազատությունն այնքան կարևոր է, որ անձը չի կարող ենթարկվել պատժամիջոցի (նույնիսկ կարգապահական տույժերի սանդղակի ամենաստորին պատժամիջոցի) չարգելված հանրահավաքի մասնակցելու համար այնքան ժամանակ, քանի դեռ այդ անձն ինքը չի կատարել որևէ դատապարտելի արարք (տե՛ս վերևում հիշատակված՝ Էզելինի գործը, § 53 և վերևում հիշատակված՝ Գալստյանի գործը, § 115)։ Նույն կերպ, միջոցառման կազմակերպիչները չպետք է ենթարկվեն պատասխանատվության դրա մասնակիցների վարքագծի համար այնքան ժամանակ, քանի դեռ այդ անձինք իրենք չեն կատարել, հրահրել կամ արդարացրել որևէ դատապարտելի արարք (տե՛ս Մեսութ Յիլդիզը և այլք ընդդեմ Թուրքիայի [Mesut Yıldız and Others v. Turkey], թիվ 8157/10, § 34, 2017 թվականի հուլիսի 18)։ Սա ճիշտ է նույնիսկ այն դեպքում, երբ հանրահավաքը վնաս է պատճառում կամ հանգեցնում է այլ անկարգության (տե՛ս Տարանենկոն ընդդեմ Ռուսաստանի [Taranenko v. Russia], թիվ 19554/05, § 88, 2014 թվականի մայիսի 15)։
56. Եվ վերջապես Դատարանը վերահաստատում է, որ իր նախադեպային իրավունքում նա մշտապես ընդգծել է խորհրդարանի պատգամավորների՝ հիմնականում քաղաքական ելույթներում ազատ արտահայտվելու կարևորությունը: Թեև ազատ արտահայտվելու ազատությունը կարևոր է յուրաքանչյուր անձի համար, դա հատկապես կարևոր է ժողովրդի ընտրած ներկայացուցչի համար: Նա ներկայացնում է իր ընտրողներին, ուշադրություն է դարձնում նրանց հետաքրքրություններին և պաշտպանում նրանց շահերը: Հետևաբար խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների ազատ արտահայտվելու իրավունքին միջամտությունները պահանջում են Դատարանի կողմից մանրամասն քննություն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սելահաթին Դեմիտրասն ընդդեմ Թուրքիայի [Selahattin Demirtaş v. Turkey] (թիվ 2) [ՄՊ], թիվ 14305/17, §242, 2020 թվականի դեկտեմբերի 22):
57. Սույն գործում Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուն վիճարկել է իր նկատմամբ պատժի սահմանման փաստական հիմքերը՝ պնդելով, որ իր և ընդդիմության մյուս մասնակիցների ու աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործն ունի քաղաքական շարժառիթներ։ Այնուամենայնիվ, Դատարանը բազմիցս շեշտել է, որ գիտակցում է, որ իր երկրորդական դերի համար դա զգայուն հարց է և ընդունում է, որ պետք է շրջահայաց գտնվի առաջին ատյանի դատարանի դեր ստանձնելու հարցում, եթե դա անխուսափելի չէ՝ գործի որոշակի հանգամանքներից ելնելով։ Որպես ընդհանուր կանոն, եթե ներպետական մակարդակում իրականացվել են վարույթներ, ապա Դատարանի խնդիրը չէ փաստերի վերաբերյալ ներպետական դատարանների գնահատականը փոխարինել իր գնահատականով, և ներպետական դատարանների խնդիրն է իրենց տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա այդ փաստերը հաստատելը՝ չնայած այն, որ կարող են լինել հանգամանքներ, երբ Դատարանը կարող է շեղվել ներպետական դատարանների կայացրած՝ փաստերի վերաբերյալ եզրահանգումներից, այդ թվում՝ 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներին վերաբերող գործերով (տե՛ս Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի [Jhangiryan v. Armenia]), թիվ 44841/08 և 63701/09, §§ 114 և 123, 2020 թվականի հոկտեմբերի 8 և Սմբատ Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Smbat Ayvazyan v. Armenia], թիվ 49021/08, §§ 119 և 129, 2020 թվականի հոկտեմբերի 8, որոնցից երկուսն էլ վերաբերել են նույն բողոքի շարժմանը, ինչ սույն գործը):
58. Դատարանն անհրաժեշտ է համարում նախևառաջ հաշվի առնել այս կոնկրետ գործի հանգամանքների ընդհանուր համատեքստը։ Այն նշում է, որ դիմումատուն եղել է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր և պարոն Տեր-Պետրոսյանի առավել ակտիվ աջակիցը, որը մասնակցել է Հայաստանի մայրաքաղաքում 2008 թվականի փետրվարի 19-ի ենթադրյալ ոչ արդար նախագահական ընտրություններից հետո սկսված և 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձություններով ավարտված հանրահավաքներին (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 226-55, Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի [Ter-Petrosyan v. Armenia], թիվ 36469/08, §§ 61-65, 2019 թվականի ապրիլի 25, վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 70-82, վերևում հիշատակված՝ Ջհանգիրյանի գործը, §§ 112-28 և վերևում հիշատակված՝ Սմբատ Այվազյանի գործը, §§ 117-34)։ Իշխանությունների՝ դրան հետևող արձագանքը, այդ թվում՝ ընդդիմության տասնյակ աջակիցների ձերբակալումն ու կալանավորումը, դատապարտվել է ԵԽԽՎ-ի կողմից և նկարագրվել է որպես «ընդդիմության նկատմամբ փաստացի դաժան հետապնդում», մինչդեռ ենթադրվում է, որ նրանց դեմ հարուցված մեղադրանքներից շատերը, հատկապես՝ ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածներով առաջադրվածները, «պայմանավորված են եղել արհեստական և քաղաքական շարժառիթներով»։ Ինչպես ԵԽԽՎ-ն, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն արտահայտել են կրկնվող մտահոգություններ այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքների բնույթի վերաբերյալ՝ մի քանի անգամ նշելով դիմումատուի կոնկրետ գործը (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը, իսկ ավելի կոնկրետ, վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 55 և 56)։ Թեև Դատարանը կոչված չէ դատական գնահատական տալու ընդհանուր համատեքստի վերաբերյալ, այնուամենայնիվ, այն համարում է, որ այս երկրորդային տեղեկությունները չափազանց կարևոր են սույն գործի համար, և պահանջում է հատկապես մանրամասն ուսումնասիրել դիմումատուի դատապարտման պատճառ համարվող փաստերը (տե՛ս համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) նույն տեղում՝ § 70, որտեղ դիմումատուն ընդդիմադիր յոթ նշանավոր գործիչներից մեկն է եղել, որը սույն գործով դիմումատուի հետ Դատարանի առջև է կանգնել այսպես կոչված «Յոթի գործով»՝ մինչև նրանց գործերի առանձնացումը (տե՛ս վերևում 25-րդ և 27-րդ պարբերությունները)։ Ավելին, ինչպես նշվել է վերևում, Դատարանն արդեն քննել է մի շարք գանգատներ, որոնք վերաբերում են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների խախտմանը և քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդումներին` կապված Հայաստանում 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաների հետ: Թվում է, որ սույն գործով ընդդիմադիր աջակիցների նկատմամբ դրսևորվում է քրեական հետապնդման վարքագիծ, ինչը Դատարանը գտնում է տագնապալի, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուն խորհրդարանի պատգամավոր է: Այդուհանդերձ, ինչպես նշված է Մուշեղ Սաղաթելյանի գործում, Դատարանն իրավասու չէ և ոչ էլ պարտականություն ունի որոշելու, թե արդյոք դիմումատուին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են եղել, այլ ներպետական դատարանների պարտականությունն է ստուգել դրանց հիմքում ընկած փաստերի հավաստիությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 252)։ Այս առնչությամբ Դատարանը կրկին նշում է, որ ներպետական դատարանների՝ սույն գործի համատեքստում իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու պարտավորությունը մեկնաբանվում է որպես 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված հատուկ պարտավորություններ՝ ներպետական դատարաններից պահանջելով ներկայացնել միջամտության համար «համապատասխան» և «բավարար» հիմնավորումներ։
59. Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ դիմումատուն՝ որպես ընդդիմության առաջնորդներից մեկը, մեղավոր է ճանաչվել ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանում տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաների, այդ թվում՝ Ազատության հրապարակի հավաքի կապակցությամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել է վերևում, Դատարանը գտել է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ հավաքներ և փաստացի, քաղաքական նշանակություն ունեցող հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ, որն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի հասարակության լայն հատվածի համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 230-33 և 246 և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 72)։ Պնդելով, որ դիմումատուն Ազատության հրապարակում հավաքված ամբոխին նախապատրաստել է բռնարարքների և անհնազանդության, ներպետական դատարանների կողմից շատ ընդհանուր նկարագրված նման վարքի, այդ թվում՝ իշխանությունների դեմ պայքարելու՝ դիմումատուի ենթադրյալ կոչերի օրինակները բավարար չեն, որպեսզի Դատարանը դրանք բնութագրի որպես բռնության հրահրում կամ եզրակացնի, որ դրանք ոչ այլ ինչ են, քան դիմումատուի կողմից նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ հանրային քննարկումների համատեքստում խաղաղ հավաքների կամ կարծիք հայտնելու, այդ թվում՝ դրա վերաբերյալ քննադատություն հնչեցնելու իր իրավունքներն իրավաչափ կիրառելու օրինակներ (տե՛ս վերևում հիշատակված՝ 29-րդ պարբերությունը, համեմատե՛լ վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 73): Նույնիսկ այն եզրահանգումը, որ դիմումատուն ցուցարարներին կոչ է արել չհնազանդվել ոստիկանությանը, հիմնավորված չի եղել ենթադրաբար արված այդ կոչերի մեջբերումներով կամ այն հանգամանքների մասին հատուկ մանրամասներով, որոնց պայմաններում ենթադրաբար արվել են այդ կոչերը:
60. Ինչ վերաբերում է այն եզրահանգմանը, որ այն անձանց խումբը, որի հետ դիմումատուն ենթադրաբար նախապես եկել է իշխանությունը զավթելու հանցավոր համաձայնության, Ազատության հրապարակում բողոքի ակցիայի որոշ մասնակիցներին տրամադրել է զենք, և որ դիմումատուն ինքն ինքնաշեն զենք է տեղափոխել և դրանք թաքցրել հրապարակում կանգնեցված մի քանի վրաններում, Դատարանը հաշվի է առնում, որ արդեն պարզվել է, որ չկան համոզիչ ապացույցներ՝ եզրակացնելու, որ Ազատության հրապարակում հավաքվել են զենքի պաշարներ, և մերժել է այն պնդումները, որ ոստիկանությունը տեղակայվել է հրապարակում զենքի առկայությունը ստուգելու համար, քանի որ գտնում է, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողությունների հիմնական նպատակը, եթե ոչ միակը, եղել է հավաքը ցրելը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 230 և 245 և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 80):
61. Անվիճելի է այն փաստը, որ խաղաղ բողոքի ակցիաներից ինն օր հետո՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին, Երևանում բռնությունը բռնկվեց, երբ ցուցարարներին դուրս հանեցին Ազատության հրապարակից, և մեծ բազմություն հավաքվեց Մյասնիկյանի արձանի տարածքում և հարակից մի շարք փողոցներում, որտեղ պարզվում է, որ բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի որոշ մասնակիցների և իրավապահ մարմինների միջև, ինչպես նաև վնասվել է պետական և մասնավոր գույք (տե՛ս վերևում 14-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, դիմումատուի՝ տվյալ բռնության համար ենթադրյալ պատասխանատվության վերաբերյալ ներպետական դատարանների եզրահանգումները կազմվել են շատ ընդհանրական և վերացական եզրույթներով՝ առանց որևէ կոնկրետ փաստական մանրամասների, որոնք համոզիչ կերպով կմատնանշեին դիմումատուի կողմից կատարված որևէ իրավախախտում։ Այդ առնչությամբ հարկ է նշել, որ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ կետով՝ ռազմամթերք և պայթուցիկ նյութեր ապօրինի պահելու համար դիմումատուին մեղավոր ճանաչելիս ներպետական դատավճիռներում ոչինչ չի վկայել այն մասին, որ այս արարքը, որը, ինչպես պարզվում է, քննվել է որպես առանձին հանցանք, որևէ կերպ կապված է եղել դիմումատուի դեմ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար առաջադրված մեղադրանքների հետ: Ո՛չ գործի նյութերում և ո՛չ էլ կառավարության դիտարկումներում չի եղել որևէ բան, որը կարող է Դատարանին ստիպել հանգելու այն ենթադրության, որ ներպետական դատավճիռներում առկա է այդպիսի անուղղակի կապ:
62. Ընդհանուր առմամբ ներպետական դատարանները չեն տրամադրել բողոքի շարժմանը և նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած հանրահավաքներին ներգրավված լինելու ընթացքում դիմումատուին վերագրվող որևէ դատապարտելի արարքի, այդ թվում՝ բռնության հրահրման կամ դրդման կոնկրետ օրինակներ (համեմատե՛լ վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 249-53 և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 71-79)։ Որպես այդպիսին, դիմումատուն պատժի է ենթարկվել ընդդիմության ակտիվ անդամ լինելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքից օգտվելու համար, այլ ոչ թե դատապարտելի արարքներ կատարելու համար (համեմատե՛լ վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 250)։
63. Վերջապես Դատարանը հաշվի է առնում այն, որ, ինչպես նշված է Մյասնիկ Մալխասյանի գործում, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից լուրջ կասկածներ են հնչել այն վարկածի վերաբերյալ, համաձայն որի՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններն ընդդիմության առաջնորդների՝ պետական իշխանությունը բռնի կերպով զավթելու կամ, այլ կերպ ասած, հեղաշրջում իրականացնելու ծրագրված և կազմակերպված փորձի մասն էին կազմում, և փաստորեն այդ քրեական հետապնդումներն ամենայն հավանականությամբ համարվել են քաղաքական շարժառիթներ ունեցող։ Ավելին, մի շարք արժանահավատ զեկույցներում հայտնվել է այն տեսակետը, որ Մյասնիկյանի արձանի տարածքում մարդկանց հավաքվելը, այդ թվում՝ հետագայում նրանց զինված լինելը, ինքնաբուխ և չկազմակերպված զարգացումներ էին, և որ նույն օրը բռնության ծավալումը կարող էր լինել ավելի վաղ՝ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելուն ի պատասխան, այդ թվում՝ հաշվի առնելով դրա կոշտ բնույթը, ինչպես նաև մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել այդ նույն օրը (նույն տեղում՝ § 80)։ Դատարանը նշում է, որ Կառավարությունը սույն գործով չի տրամադրել որևէ ապացույց, որը կարող էր իրենց ստիպել կասկածի տակ դնել վերոնշյալ զեկույցները կամ այդ գործում ձեռք բերված եզրակացությունները։
64. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն կատարել իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու պարտականությունը, և որ դիմումատուների խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտությունն արդարացնելու համար ներկայացված հիմնավորումները «համապատասխան և բավարար» չեն եղել։
65. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6–ՐԴ ԵՎ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
66. Դիմումատուն նաև պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի և 14-րդ հոդվածի խախտում՝ Կոնվենցիայի 6-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների հետ համակցությամբ: Նա վիճարկել է, որ որպես ապացույց փոփոխված մինչդատական ցուցմունքներն ընդունելը, վկաներ Գ.Ա.-ին, Տ.Կ.-ին և Վ.Ս.-ին դատարանում հարցաքննելու հնարավորությունից հրաժարվելը և իր անունից վկա կանչելը մերժելը խախտել է արդար դատավարության երաշխիքները, և որ նա դարձել է քաղաքական դիրքորոշման հիմքով խտրականության զոհ, քանի որ իր հետապնդման և դատապարտման իրական պատճառը եղել է քաղաքական ընդդիմությանը սատարելը:
67. Կառավարությունը վիճարկել է այս պնդումները։
68. Հաշվի առնելով սույն գործով փաստերը, կողմերի փաստարկները և Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն կատարած իր եզրահանգումները՝ Դատարանը համարում է, որ այն քննել է սույն գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցը, և չկա սույն բողոքի վերաբերյալ առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն (տե՛ս համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) Կամիլ Ուզունն ընդդեմ Թուրքիայի [Kamil Uzun v. Turkey], թիվ 37410/97, § 64, 2007 թվականի մայիսի 10 և Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, § 156, ՄԻԵԴ 2014)։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
69. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
70. Դիմումատուն պահանջել է 35 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
71. Կառավարությունը վիճարկել է, որ այս բողոքն անհիմն է, և պահանջել է Դատարանից մերժել այն:
72. Դատարանը համարում է, որ դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս, և ոչ նյութական վնասի դիմաց դիմումատուին շնորհում է 9 000 եվրո՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ:
Բ. Ծախսերը և ծախքերը
73. Դիմումատուն նաև պահանջել է 3 233 եվրո և 3 375 ֆունտ ստեռլինգ՝ Դատարանում կրած ծախսերի համար, և լրացուցիչ 2 505.25 ֆունտ ստեռլինգ՝ թարգմանության ծախքերի համար։
74. Կառավարությունը պնդել է, որ բողոքը պատշաճ հիմնավորված չէ և չափազանցված է։ Ավելին, դիմումատուի նախնական բողոքների մի մասը հայտարարվել է անընդունելի, և պահանջված ոչ բոլոր ծախսերն են եղել անհրաժեշտ:
75. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործում Դատարանը համարում է, որ դիմումատուն ցույց չի տվել, որ պահանջվող բոլոր ծախսերը կատարվել են անհրաժեշտությունից ելնելով և ողջամտորեն: Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 3 800 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար հատուցում՝ գումարած դիմումատուին վճարվող գումարից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը վճարվելու է ֆունտ ստեռլինգով՝ Միացյալ Թագավորությունում իր ներկայացուցիչների բանկային հաշվին։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
76. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է զոհի կարգավիճակի բացակայության մասին նախնական առարկությունները միացնել գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.
2. Հայտարարում է դիմումատուի՝ ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտության վերաբերյալ բողոքներն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.
4. Վճռում է, որ անհրաժեշտ չէ քննել Կոնվենցիայի 6-րդ մասի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն ներկայացված բողոքների ընդունելիությունը և ըստ էության քննությունը.
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները՝
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 9 000 եվրո (ինը հազար եվրո)՝ ավելացրած վճարման ենթակա բոլոր հարկերը.
ii) 3 800 եվրո (երեք հազար ութ հարյուր եվրո) ՝ ավելացրած ծախսերի և ծախքերի մասով դիմումատուին վճարվող գումարից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի ֆունտ ստեռլինգի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, և վճարվի Միացյալ Թագավորությունում դիմումատուի ներկայացուցիչների բանկային հաշվեհամարին.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի օգոստոսի 31-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվիրտ Թիմ Այքը
Քարտուղարի տեղակալ Նախագահ