Հոդված 11
Հոդված 11
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք...
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման` բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:
Ա. Ընդունելիությունը
34. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի հանդիսացել տուժող, քանի որ նա չի ներկայացրել որևէ փաստ կամ ապացույց՝ ի հաստատումն իր այն պնդման, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը կամ իրեն մեղավոր ճանաչելն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են եղել իր՝ ազատ արտահայտվելու իրավունքի կամ խաղաղ հավաքների ազատության իրավունքի հետ։
35. Դիմումատուն վիճարկել է Կառավարության՝ տուժող չհանդիսանալու վերաբերյալ փաստարկները և պնդել է, որ տեղի է ունեցել իր՝ 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին միջամտություն։
36. Դատարանը նշում է, որ վիճարկելով դիմումատուի՝ տուժող հանդիսանալու հարցը՝ Կառավարությունն ըստ էության վիճարկել է դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին միջամտության հարցը։ Այս հարցը, այնուամենայնիվ, սերտորեն կապված է դիմումատուի բողոքների բովանդակության հետ և հետևաբար պետք է կցվի դիմումի ըստ էության քննությանը:
37. Դատարանը նշում է, որ սույն բողոքները ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի են Կոնվենցիայի 35-րդ հոդվածով նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
38. Դիմումատուն նշել է, որ տեղի է ունեցել իր՝ 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին միջամտություն, քանի որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և իրեն մեղավոր ճանաչելը եղել են 2008 թվականի նախագահական ընտրություններում տեղի ունեցած լայնածավալ ընտրակեղծիքների հետևանքով ծայր առած զանգվածային բողոքի ակցիաներին իր դերով և մասնակցությամբ պայմանավորված։ Ընտրությունները մեծ վրդովմունք էին առաջացրել հասարակության շրջանում և ինքնաբուխ կերպով վերածվել չդադարող հավաքների: 2008 թվականի փետրվարի 20-ից 2008 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ազատության հրապարակում անցկացված ցույցերը եղել են լիովին խաղաղ, իսկ մասնակիցները բռնություն գործադրելու որևէ մտադրություն չեն ունեցել։ Կառավարությունը չի կարողացել որևէ ապացույցով հաստատել իրենց պնդմանն իր առարկությունը։ Դիմումատուն չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները և պնդել է, որ ինքը չի կազմակերպել որևէ զանգվածային անկարգություն՝ վիճարկելով ներպետական դատարանների՝ այդ առնչությամբ արած եզրահանգումները։ Իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման և իրեն մեղավոր ճանաչելու շարժառիթը եղել է իր կողմից ընդդիմությանն աջակցելը, այդ թվում՝ ընդդիմադիր թեկնածուի նախընտրական քարոզարշավը համակարգելը, ցույցերին ակտիվ մասնակցությունը և հրապարակային ելույթներ ունենալը։ Իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու իրական շարժառիթը եղել է իրեն պատժելը և որպես ընդդիմության աչքի ընկնող անդամի չեզոքացնելը։ Իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը Հայաստանում հանգեցրել է բուռն վրդովմունքի, տեղական և միջազգային մամուլում լայն լուսաբանման, ինչպես նաև այն հայտնվել է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում։
39. Միջամտությունը նախատեսված չի եղել օրենքով, քանի որ ՔՕ-ի ինչպես 225-րդ, այնպես էլ 300-րդ հոդվածում առկա չէ հստակություն և կանխատեսելիություն։ Բացի այս, դա անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում։ Քննարկվող ցույցերը կազմել են 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած մասսայական ընտրակեղծիքների հետևանքով սկիզբ առած հետընտրական լայնածավալ բողոքի շարժման մաս։ Հետևաբար այդ ցույցերը ենթակա էին 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված ուժեղ պաշտպանության, և ինքը, լինելով պրն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի համակարգողը և աչքի ընկնող քաղաքական գործիչ, մասնակցելով դրանց, օգտվել է արտահայտվելու ազատության իր իրավունքից: Նույնիսկ եթե որոշ անձինք 2008 թվականի մարտի 1-ին դրսևորել են բռնություն, ապա նրանք, ում մտադրությունները լիովին օրինական էին և 10-րդ ու 11-րդ հոդվածների պաշտպանության շրջանակներում, չպետք է պատասխանատվություն կրեին այդ արարքների համար։ Այսպիսով, հետընտրական բողոքի ակցիաների համատեքստում քաղաքական գործչի ազատազրկումն անկարգությունների հանգեցնող այնպիսի բռնի գործողությունների համար, որոնք ո՛չ կատարվել են իր կողմից, ո՛չ էլ իր հետ որևէ հաստատված կապ են ունեցել, լիովին անհամաչափ էին ցանկացած իրավաչափ նպատակի, այդ թվում՝ անկարգությունները և հանցագործությունները կանխելու կամ այլ անձանց առողջությունը, բարոյականությունը կամ իրավունքները պաշտպանելու հետ։ Կառավարության այն պնդումները, ըստ որոնց ցույցերը սպառնալիք են ներկայացրել ազգային անվտանգության համար, հավասարապես անհիմն են, քանի որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասնակիցներից ոչ մեկը մեղավոր չի ճանաչվել իշխանության յուրացման փորձի համար: Դիմումատուն հղում է կատարել նաև միջազգային հանրության և Հայաստանի օմբուդսմենի՝ ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածներով ընդդիմության առաջնորդներին առաջադրված մեղադրանքներից հրաժարվելուն ուղղված շարունակական կոչերին, քանի որ այդ մեղադրանքները համարվել են քաղաքական շարժառիթներ ունեցող, իսկ այն անձինք, որոնց նկատմամբ ներկայացվել էին այդպիսի մեղադրանքներ, ճանաչվել էին որպես «քաղաքական բանտարկյալներ»։
բ) Կառավարությունը
40. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին որևէ միջամտություն տեղի չի ունեցել։ Փետրվարի 20-29-ը Ազատության հրապարակում անցկացված հավաքը չի եղել խաղաղ և ունեցել է բռնի մտադրություններ, իսկ դիմումատուն ճանաչվել է մեղավոր՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։
41. Եթե անգամ տեղի է ունեցել միջամտություն, ապա այդ միջամտությունը սահմանված է եղել օրենքով, մասնավորապես՝ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով և հետապնդել է ազգային անվտանգությունը, այլ անձանց առողջությունը, բարոյականությունը և իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև անկարգությունները և հանցագործությունը կանխելու իրավաչափ նպատակ։ Վերջապես միջամտությունն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում՝ հաշվի առնելով դիմումատուի գործողությունները՝ հատկապես նրա դերը ներքին քաղաքական իրավիճակն ապակայունացնելու և զանգվածային անկարգություններ հրահրելու գործում։ Դրանք սկիզբ էին առել փետրվարի 20-ին անցկացված ցույցերից և ավարտվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններով, այդ թվում՝ տարբեր միջոցներով այդ ցույցերին մարդկանց զանգվածների ներգրավմամբ և պոպուլիստական կրքերի բորբոքմամբ՝ նրանց անհնազանդության և զանգվածային բռնության նախապատրաստելու համար։ Բացի այդ, ներպետական դատարանների եզրահանգումների համաձայն՝ ընդդիմության առաջնորդները, որոնք հանցավոր ծրագիր իրականացնելու նախնական համաձայնություն էին ձեռք բերել, անձամբ կամ իրենց կողմնակիցների աջակցությամբ ձևավորել էին մարդկանց խմբեր, որոնք պատրաստ էին բռնություն գործադրել, ինչպես նաև զենք էին բաժանել նրանց։ Այսպիսով, դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և նրան մեղավոր ճանաչելը պայմանավորված էին ծայրահեղ սոցիալական անհրաժեշտությամբ, ինչպես նաև հիմնված էին համապատասխան և բավարար պատճառների վրա և համաչափ էին դրանց։
2. Դատարանի գնահատականը
ա) Դիմումատուի կողմից բերված բողոքների շրջանակը
42. Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտվի որպես lex generalis (ընդհանուր օրենք) 11-րդ հոդվածի նկատմամբ, որը lex speciallis (հատուկ օրենք) է։ Դիմումատուի բողոքի հիմնական էությունն այն է, որ ինքը դատապարտվել է խաղաղ հավաքներ անցկացնելու համար: Դատարանը հետևաբար գտնում է, որ դիմումատուի կողմից բերված բողոքները պետք է քննվեն միայն 11-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի [Ezelin v. France], 1991 թվականի ապրիլի 26, § 35, շարք Ա թիվ 202, և Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania [GC]], թիվ 37553/05, § 85, ՄԻԵԴ 2015)։
43. Մյուս կողմից՝ 11-րդ հոդվածը, չնայած իր ինքնավար դերին և կիրառության հատուկ ոլորտին, սույն գործով պետք է դիտարկվի նաև 10-րդ հոդվածի լույսի ներքո։ 10-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփական կարծիք ունենալու իրավունքի պաշտպանությունը 11-րդ հոդվածով ամրագրված՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի նպատակներից մեկն է (տե՛ս վերևում հիշատակված՝ Էզելինի գործը, § 37, վերևում հիշատակված՝ Կուդրեվիչուսի և այլոց գործը, § 86 և Նավալնին ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Navalnyy v. Russia [GC]], թիվ 29580/12 և մյուս 4-ը, § 102, 2018 թվականի նոյեմբերի 15):
բ) Արդյո՞ք եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը։
44. Դատարանը վերահաստատում է, որ միջամտությունը կարող է չհանգեցնել ուղղակի արգելքի՝ իրավաբանորեն կամ փաստացի, սակայն կարող է ներառել իշխանությունների կողմից ձեռնարկվող այլ տարբեր միջոցառումներ։ 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի որպես և՛ հավաքից առաջ, և՛ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցառումներ, ինչպիսիք են նախնական թույլտվություն չտալը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժամիջոցներ, ինչպիսիք են հանրահավաքին մասնակցելու համար կիրառված տույժերը (տե՛ս Նավալնին և Յաշինն ընդդեմ Ռուսաստանի [Navalnyy and Yashin v. Russia], թիվ 76204/11, 2014 թվականի դեկտեմբերի 4, § 51 և վերևում հիշատակված՝ Կուդրևիչիուսի և այլոց գործը, § 100)։
45. Դատարանը նշում է, որ Կառավարությունը վիճարկել է միջամտություն կատարած լինելու հարցը՝ պնդելով, որ Ազատության հրապարակի հավաքը և դիմումատուի գործողությունները խաղաղ բնույթ չեն ունեցել։ Այս կապակցությամբ Դատարանը հաշվի է առնում, որը արդեն իսկ մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի հանգամանքները և գտել է, որ այն եղել է խաղաղ՝ առանց բռնության որևէ հրահրման կամ բռնություն պարունակող արարքների (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 245, և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 72)։ Դատարանը նշում է նաև, որ դիմումատուին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղավոր ճանաչելը պայմանավորված է եղել հետընտրական բողոքի շարժմանը նրա ներգրավմամբ, այդ թվում՝ Ազատության հրապարակի հավաքին նրա մասնակցությամբ և այնտեղ հրապարակային ելույթ ունենալով, և հետևաբար դա եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքին: Այս նույն պատճառով էլ Դատարանը մերժում է դիմումատուի՝ տուժող չհանդիսանալու վերաբերյալ Կառավարության առարկությունը։
գ) Արդյո՞ք միջամտությունը եղել է հիմնավորված
46. Ցանկացած միջամտություն կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «նախատեսված օրենքով», չհետապնդի 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար (տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Galstyan v. Armenia], թիվ 26986/03, § 103, 2007 թվականի նոյեմբերի 15):
47. Սույն գործով Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշում կայացնել այն մասին, թե արդյոք միջամտությունը եղել է օրենքով սահմանված և հետապնդել է իրավաչափ նպատակ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված իր եզրակացությունները միջամտության անհրաժեշտության վերաբերյալ (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի [Christian Democratic People’s Party v. Moldova], թիվ 28793/02, §§ 49-54, ՄԻԵԴ 2006 II, և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 237):
48. Դատարանն ի սկզբանե վերահաստատում է, որ ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկի` հավաքների ազատության իրավունքի մասով նախատեսվում են մի շարք բացառություններ, որոնք պետք է մեկնաբանվեն նեղ իմաստով, իսկ սահմանափակման անհրաժեշտության ցանկացած դեպք պետք է համոզիչ կերպով հիմնավորվի: Երբ ուսումնասիրվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների մասով սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», պայմանավորվող պետություններին վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի, սակայն ոչ անսահմանափակ շրջանակ: Ամեն դեպքում Դատարանն է վերջնական որոշում կայացնում սահմանափակման` Կոնվենցիայի հետ համատեղելիության վերաբերյալ, և դա պետք է արվի կոնկրետ գործի հանգամանքների գնահատման միջոցով (տե՛ս վերևում հիշատակված՝ Կուդրեվիչիուսի և այլոց գործը, § 142, և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 238):
49. Հանգամանալից քննություն կատարելիս Դատարանի խնդիրը ոչ թե համապատասխան ազգային մարմինների տեսակետի վերաբերյալ սեփական կարծիքը հայտնելն է, այլ նրանց որոշումները 11-րդ հոդվածի լույսի ներքո վերանայելը: Սա չի նշանակում, որ Դատարանը պետք է սահմանափակվի պարզելով, թե արդյոք պետությունն իր հայեցողական լիազորություններն իրականացրել է ողջամիտ կերպով, զգուշորեն ու բարեխղճորեն, թե` ոչ. այն պետք է բողոքի առարկա միջամտությունն ուսումնասիրի տվյալ գործի` որպես ամբողջության լույսի ներքո և հաստատելուց հետո, որ այն «իրավաչափ նպատակ» է հետապնդել, որոշի, թե արդյոք այն պայմանավորված է եղել «ծայրահեղ սոցիալական անհրաժեշտությամբ», և մասնավորապես, արդյոք այն համաչափ է եղել այդ նպատակին, և արդյոք այն հիմնավորելու համար ազգային իշխանությունների կողմից ներկայացված հիմքերը «համապատասխան և բավարար» են եղել: Այդպիսով, Դատարանը պետք է հավաստիանա, որ ազգային իշխանությունները կիրառել են 11-րդ հոդվածով ամրագրված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ, ինչպես նաև իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (տե՛ս վերևում հիշատակված՝Կուդրեվիչուսի և այլոց գործը, § 142, և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 238):
50. Դատարանը վերահաստատում է նաև, որ ցույցի ժամանակ բռնություն հրահրող գործողությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելը որոշ հանգամանքներում կարող է համարվել ընդունելի միջոց (տե՛ս Օսմանին և այլք ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության (որոշում) [Osmani and Others v. the former Yugoslav Republic of Macedonia (dec.)], թիվ 50841/99, ՄԻԵԴ 2001 X)։ Այնուամենայնիվ, խաղաղ մասնակիցները չեն կարող պատասխանատվության ենթարկվել այլ անձանց կողմից կատարված պատժելի արարքների համար։ Խաղաղ հավաքներին մասնակցելու ազատությունն այնքան կարևոր իրավունք է, որ անձը չի կարող ենթարկվել պատժի (նույնիսկ կարգապահական տույժերի սանդղակի ամենաստորին պատժամիջոցի)` արտոնված ցույցի մասնակցելու համար այնքան ժամանակ, քանի դեռ նա անձամբ չի կատարել որևէ պատժելի արարք (տե՛ս վերևում հիշատակված՝ Էզելինի գործը, § 53, և վերևում հիշատակված՝ Գալստյանի գործը, § 115)։ Նույն կերպ, միջոցառման կազմակերպիչները չպետք է ենթարկվեն պատասխանատվության՝ դրա մասնակիցների վարքագծի համար այնքան ժամանակ, քանի դեռ նրանք անձամբ չեն կատարել, հրահրել կամ արտոնել որևէ պատժելի արարք (տե՛ս Մեզութ YildizՅըլդըզը և YildizYildizYildizայլք ընդդեմ Թուրքիայի [Mesut Yıldız Yildizand Others v. Turkey], թիվ 8157/10, § 34, 2017 թվականի հուլիսի 18)։ Այս մոտեցումը գործում է նույնիսկ այն դեպքում, երբ ցույցերի արդյունքում պատճառվում է վնաս, կամ դրանք հանգեցնում են այլ անկարգության (տե՛ս Տարանենկոն ընդդեմ Ռուսաստանի [Taranenko v. Russia], թիվ 19554/05, § 88, 2014 թվականի մայիսի 15)։
51. Սույն գործով Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուն վիճարկել է իրեն մեղավոր ճանաչելու փաստական հիմքերը՝ պնդելով, որ իր և ընդդիմության մյուս մասնակիցների ու կողմնակիցների նկատմամբ հարուցված քրեական գործն ունեցել է քաղաքական շարժառիթներ։ Դատարանը, այնուամենայնիվ, բազմիցս շեշտել է, որ գիտակցում է իր ոչ առաջնային դերը և ընդունում է, որ պետք է զգուշավորություն ցուցաբերի փաստերի կապակցությամբ որոշում կայացնելու հարցում առաջին ատյանի դեր ստանձնելու գործում, եթե դա անխուսափելի չէ՝ գործի որոշակի հանգամանքներից ելնելով։ Որպես ընդհանուր կանոն, եթե ներպետական մակարդակում իրականացվել են վարույթներ, ապա Դատարանի խնդիրը չէ փաստերի վերաբերյալ իր գնահատականը փոխարինել ներպետական դատարանների գնահատականով. իրենց տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա այդ փաստերը հաստատելը ներպետական դատարանների խնդիրն է, թեև կարող են լինել հանգամանքներ, որոնց դեպքում Դատարանը կարող է շեղվել ներպետական դատարանների կողմից փաստերի վերաբերյալ արած եզրահանգումներից (տե՛ս Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի [Jhangiryan v. Armenia]), թիվ 44841/08 և 63701/09, §§ 114 և 123, 2020 թվականի հոկտեմբերի 8, և Սմբատ Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Smbat Ayvazyan v. Armenia], թիվ 49021/08, §§ 119 և 129, 2020 թվականի հոկտեմբերի 8, որոնցից երկուսն էլ վերաբերել են նույն բողոքի շարժմանը, ինչ սույն գործը):
52. Դատարանն անհրաժեշտ է համարում նախ և առաջ հաշվի առնել սույն կոնկրետ գործի ընդհանուր համատեքստը։ Դատարանը նշում է, որ դիմումատուն եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ և պարոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի ակնառու անդամ, որը մասնակցել է 2008 թվականի փետրվարի 19-ի ենթադրյալ ոչ արդար նախագահական ընտրություններից հետո Հայաստանի մայրաքաղաքում սկսված և 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձություններով ավարտված ցույցերին (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 226-255, Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի [Ter-Petrosyan v. Armenia], թիվ 36469/08, §§ 61-65, 2019 թվականի ապրիլի 25, վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 70-82, վերևում հիշատակված՝ Ջհանգիրյանի գործը, §§ 112-128, և վերևում հիշատակված՝ Սմբատ Այվազյանի գործը, §§ 117-134)։ Իշխանությունների՝ դրան հետևած արձագանքը, այդ թվում՝ ընդդիմության տասնյակ կողմնակիցների ձերբակալումն ու կալանավորումը, դատապարտվել է ԵԽԽՎ-ի կողմից և նկարագրվել որպես «ընդդիմության նկատմամբ փաստացի դաժան հետապնդում», իսկ նրանց դեմ բերված մեղադրանքներից շատերի, հատկապես՝ ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածներով առաջադրվածների մասով արտահայտվել է կասկած առ այն, որ դրանք «արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված» են։ Ինչպես ԵԽԽՎ-ի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից բազմիցս արտահայտվել են մտահոգություններ այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքների բնույթի վերաբերյալ՝ բազմիցս հիշատակելով դիմումատուի կոնկրետ գործը (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը, իսկ ավելի կոնկրետ, վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 55 և 56)։ Թեև Դատարանը կոչված չէ դատական գնահատական տալու ընդհանուր համատեքստի վերաբերյալ, այնուամենայնիվ, այն համարում է, որ այս նախնական տեղեկությունները չափազանց կարևոր են սույն գործի համար, և կոչ է անում հատկապես մանրամասն ուսումնասիրել դիմումատուին մեղավոր ճանաչելու համար հիմք հանդիսացած փաստերը (տե՛ս, mutatis mutandis, նույն տեղում՝ § 70, որտեղ դիմումատուն ընդդիմադիր յոթ հայտնի գործիչներից մեկն է եղել, որոնք մինչև իրենց վերաբերյալ գործերի առանձնացումը սույն գործով դիմումատուի հետ դատարանի առջև են կանգնել այսպես կոչված «Յոթի գործով» (տե՛ս վերևում՝ 23-րդ և 25-րդ պարբերությունները)։ Բացի այդ, ինչպես նշվել է վերևում, Դատարանն արդեն քննել է մի շարք գանգատներ, որոնք վերաբերում են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների խախտմանը և քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումներին` կապված Հայաստանում 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաների հետ: Դիմումատուի գործը, ըստ երևույթին, ընթացել է ընդդիմության կողմնակիցների նկատմամբ իրականացված քրեական հետապնդման նույն օրինակով, ինչը Դատարանը մտահոգիչ է համարում: Այդուհանդերձ, ինչպես նշված է Մուշեղ Սաղաթելյանի գործում, Դատարանը չունի այն դերը կամ պարտականությունը որոշելու, թե արդյոք դիմումատուին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են եղել, թե՝ ոչ, և ներպետական դատարանների պարտականությունն է ստուգելու դրա հիմքում ընկած փաստերի հավաստիությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 252)։ Այս առնչությամբ Դատարանը կրկին նշում է ներպետական դատարանների՝ իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու պարտավորությունը, որը սույն գործի համատեքստում մեկնաբանվում է որպես 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված հատուկ պարտավորություն՝ ներպետական դատարաններից պահանջելով միջամտության համար ներկայացնել «համապատասխան» և «բավարար» հիմնավորումներ։
53. Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ դիմումատուն՝ որպես ընդդիմության առաջնորդներից մեկը, մեղավոր է ճանաչվել ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանում տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաների, այդ թվում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կապակցությամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել է վերևում, Դատարանը գտել է, որ Ազատության հրապարակում անցկացված ցույցերը եղել են խաղաղ հավաքներ և փաստացի, քաղաքական նշանակություն ունեցող հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ, որն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի հասարակության լայն հատվածի համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 230-233 և § 246, և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 72)։ Ներպետական դատարանները, թեև արտահայտելով այն դիրքորոշումը, որ դիմումատուն Ազատության հրապարակում հավաքված ամբոխին պատրաստել էր բռնություն գործադրելու և անհնազանդություն դրսևորելու համար՝ չեն տրամադրել նման վարքագծի կոնկրետ օրինակներ, որոնք Դատարանի կարծիքով կարող էին բնութագրվել որպես բռնության հրահրում (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը)։ Փաստորեն, միայն այն արարքները, որոնք պարզվել է, որ դիմումատուն կատարել է այդ ծրագրի իրականացման համար, բավարար չեն Դատարանի համար` եզրակացնելու, որ դրանք դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության և կարծիքի արտահայտման իր իրավունքների իրավաչափ իրականացման օրինակներ են նախագահական ընտրությունների անցկացման հանրային բանավեճի՝ ներառյալ այդ առումով հնչած քննադատությունների համատեքստում (որպես համեմատություն տե՛ս վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 73)։
54. Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում զենքի ենթադրյալ կուտակմանը` զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով, ապա ներպետական դատարանների վճիռներում առկա չեն կոնկրետ ապացույցներ այս ենթադրյալ արարքներում դիմումատուի մասնակցության վերաբերյալ: Այն, ինչն առավել կարևոր է՝ Դատարանն արդեն հաստատել է, որ առկա չեն համոզիչ ապացույցներ առ այն, որ Ազատության հրապարակում զենք է կուտակվել, և մերժել է այն պնդումները, թե ոստիկանությունը տեղակայվել է հրապարակում զենքի ստուգում իրականացնելու համար՝ գտնելով որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողության հիմնական, եթե ոչ միակ նպատակը եղել է հավաքը ցրելը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 230 և 245, և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 80)։
55. Անվիճելի է, որ խաղաղ բողոքի ակցիաներից ինն օր անց՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին, Երևանում բռնկվել է բռնություն այն բանից հետո, երբ ցուցարարներին դուրս են հանել Ազատության հրապարակից, և մեծ բազմություն է հավաքվել Մյասնիկյանի արձանի տարածքում և հարակից մի շարք փողոցներում, որտեղ ինչպես պարզ է դառնում, բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի որոշ մասնակիցների և իրավապահ մարմինների միջև, ինչպես նաև վնասվել է պետական և մասնավոր գույք (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, դիմումատուի՝ քննարկվող բռնության գործադրման համար ենթադրյալ պատասխանատու լինելու վերաբերյալ ներպետական դատարանների եզրահանգումները ձևակերպվել են շատ ընդհանրական և վերացական եզրույթներով՝ առանց որևէ կոնկրետ փաստական մանրամասների, որոնք համոզիչ կերպով կմատնանշեին դիմումատուի կողմից կատարված որևէ իրավախախտում։ Չնայած նշվում է, որ դիմումատուն «կազմակերպել և ղեկավարել է ... զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների գործունեությունը», ներպետական դատարանների վճիռներում նման արարքների վերաբերյալ որևէ կոնկրետ տվյալ չկա։ Դիմումատուի կողմից ենթադրաբար տրված «հրամանների» վերաբերյալ մանրամասներ նույնպես չեն ներկայացվել, այդ թվում՝ այն մասին, թե արդյոք այդ ենթադրյալ հրամանները պարունակել են բռնության հրահրում, թե՝ ոչ (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը)։
56. Ընդհանրացնելով կարելի է ասել, որ ներպետական դատարանները չեն տրամադրել բողոքի շարժմանը և նախագահական ընտրություններից հետո Հայաստանում սկիզբ առած ցույցերին ներգրավված լինելու ընթացքում դիմումատուին վերագրվող որևէ դատապարտելի արարքի, այդ թվում՝ բռնության հրահրման կամ դրդման կոնկրետ օրինակներ (տե՛ս որպես համեմատություն վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 249-53, և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 71-79)։ Ըստ էության, դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել ընդդիմության ակտիվ անդամ լինելու և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքից օգտվելու համար, այլ ոչ թե պատժելի արարքներ կատարելու համար (տե՛ս որպես համեմատություն վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 250)։
57. Վերջապես, Դատարանն այն կարծիքին է, որ, ինչպես նշված է Մյասնիկ Մալխասյանի գործում, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից լրջորեն կասկածի տակ է դրվել այն վարկածը, ըստ որի՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններն ընդդիմության առաջնորդների՝ պետական իշխանությունը բռնի զավթելու կամ այլ կերպ ասած՝ հեղաշրջում կատարելու ծրագրված և կազմակերպված փորձի մասն են կազմել, և փաստորեն այդ քրեական հետապնդումներն ամենայն հավանականությամբ համարվում են զգալի քաղաքական շարժառիթներ ունեցող։ Ավելին, մի շարք արժանահավատ զեկույցներով ենթադրվել է, որ Մյասնիկյանի արձանի տարածքում մարդկանց հավաքվելը, այդ թվում՝ հետագայում նրանց զինվելը, եղել են ինքնաբուխ և նախապես չկազմակերպված զարգացումներ, և որ այդ օրը բռնության սրման պատճառը կարող էր լինել ավելի վաղ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելը, այդ թվում՝ դրա ինտենսիվ բնույթը, ինչպես նաև մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել այդ օրը (նույն տեղում՝ § 80)։ Դատարանը նշում է, որ Կառավարությունը սույն գործով չի ներկայացրել որևէ ապացույց, որը կարող էր իրենց ստիպել կասկածի տակ դնել վերոնշյալ զեկույցները կամ այդ գործով արված եզրակացությունները։
58. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն կատարել իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու իրենց պարտականությունը, և որ դիմումատուների՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտությունը հիմնավորելու համար ներկայացված պատճառաբանությունները «համապատասխան և բավարար» չեն եղել։
59. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
60. Դիմումատուն բողոք է ներկայացրել նաև առ այն, որ իր նկատմամբ քրեական հետապնդման հարուցման և իրեն մեղավոր ճանաչելու շարժառիթը եղել են իր քաղաքական հայացքները, որը հանգեցրել է խտրականության՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտմամբ, որով նախատեսվում է հետևյալը.
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
61. Կառավարությունը վիճարկել է այդ բողոքը։
62. Հաշվի առնելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի կապակցությամբ իր կողմից կատարված եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 51-59 պարբերությունները)՝ Դատարանն այս բողոքը հայտարարում է ընդունելի, սակայն համարում է, որ չկա անհրաժեշտություն սույն գործով քննելու, թե արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 11-րդ հոդվածի հետ համակցությամբ, թե՝ ոչ (տե՛ս, mutatis mutandis,, վերևում հիշատակված՝
Տեր-Պետրոսյանի գործը, § 69, վերևում հիշատակված՝ Ջհանգիրյանի գործը, § 131, և վերևում հիշատակված՝ Սմբատ Այվազյանի գործը, § 137)։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
63. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
64. Դիմումատուն պահանջել է 25 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
65. Կառավարությունն առարկել է դիմումատուի բողոքի դեմ՝ պնդելով, որ այն անհիմն է։
66. Դատարանը համարում է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս։ Հետևաբար այն դիմումատուին շնորհում է 9 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
67. Դիմումատուն նաև պահանջել է 2 130 եվրո և 2 800 ֆունտ ստերլինգ՝ Դատարանում կրած ծախսերի և լրացուցիչ 3 269.05 ֆունտ ստերլինգ՝ թարգմանության և այլ վարչական ծախքերի համար։
68. Կառավարությունը պնդել է, որ պահանջը պատշաճ հիմնավորված չէ և չափազանցված է։ Ավելին, դիմումատուի սկզբնական բողոքների մի մասը հայտարարվել էին անընդունելի, և նա վարձել է անհարկի մեծ թվով իրավաբաններ։
69. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով Դատարանը համարում է, որ դիմումատուն ցույց չի տվել, որ պահանջվող բոլոր ծախսերը եղել են անհրաժեշտ և ողջամիտ։ Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 2 600 եվրո՝ որպես Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է վճարվի ֆունտ ստերլինգով՝ Միացյալ Թագավորությունում նրա ներկայացուցիչների բանկային հաշվին։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
70. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է տուժող չհանդիսանալու մասին նախնական առարկությունը միացնել գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.
2. Հայտարարում է դիմումատուի՝ ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքներին միջամտության, ինչպես նաև քաղաքական հայացքի հիման վրա դիմումատուի նկատմամբ ենթադրյալ խտրական վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ բողոքներն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.
4. Վճռում է, որ ներկայացված բողոքը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն քննելու անհրաժեշտություն չկա.
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները՝
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 9 000 եվրո (ինը հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 600 (երկու հազար վեց հարյուր եվրո) եվրո՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի ֆունտ ստերլինգի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, և վճարվի Միացյալ Թագավորությունում դիմումատուի ներկայացուցիչների բանկային հաշվին.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի օգոստոսի 31-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվիրտ Թիմ Այքը
Քարտուղարի տեղակալ Նախագահ