Հոդված 479. Հանձնման մասին որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինը
Հոդված 479. Հանձնման մասին որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինը
1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է հանցագործություն կատարած անձի հանձնումը այդ պայմանագրի մասնակից համարվող օտարերկրյա պետությանը, և եթե այդ պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի հանձնման թույլտվության վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունի՝
1) Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որի իրավասության տարածքում հանձնման ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, և գործի վարույթը գտնվում է մինչդատական փուլում՝ համապատասխան տարածքի դատախազի միջնորդությամբ.
2) Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որի վարույթում է գտնվում հանձնման ենթակա անձի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ.
3) Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որի իրավասության տարածքում հաշվառված է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով պայմանական դատապարտված անձը, կամ որի իրավասության տարածքում գտնվող քրեակատարողական հիմնարկում դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատիժ կրող անձը, որը ենթակա է հանձնման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ։
2. Եթե, ըստ միջազգային պայմանագրի, օտարերկրյա պետությանը պետք է հանձնվի կամ կարող է հանձնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ապա հանձնման մասին որոշում կայացնելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որի վարչական տարածքում այդ անձը հաշվառված է:
Սույն մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնման վերաբերյալ համապատասխան դատարան միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե այդ անձի նկատմամբ գործը գտնվում է մինչդատական վարույթում, կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, եթե այդ անձի նկատմամբ գործը գտնվում է դատաքննության փուլում կամ այդ անձը օրինական ուժի մեջ մտած դատավճռով պայմանական դատապարտված է կամ պատիժ է կրում, կամ եթե նրա հանձնման հարցումը ստացվել է միջազգային դատարանից։
3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում հանձնման հարցի լուծման համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, հանձնման վերաբերյալ փաստաթղթերը սահմանված կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնից կամ միջազգային կազմակերպությունից բավարար ծավալով ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, ներկայացնում են Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան։
4. Հանձնման ենթակա անձին պետք է հնարավորություն տրվի գրավոր կամ բանավոր արտահայտվելու քննվող հարցի առնչությամբ։ Այդ նպատակով այդ անձը կարող է ներկա գտնվել դատարանում հանձնման վերաբերյալ հարցի քննությանը։
Հանձնման վերաբերյալ սույն մասով իրավասու դատարանի որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը բողոքը քննում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում դատարանի որոշումն ստանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում։
5. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը որևէ երաշխիք տալով, ապա այդ պետության երաշխիքի` Հայաստանի Հանրապետության համար բավարար կամ ընդունելի լինելու հանգամանքը պարզում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ մինչդատական վարույթի գործերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ դատական վարույթում գտնվող և դատավճիռն ի կատար ածելու գործերով։
Երաշխիքի բավարար կամ ընդունելի լինելու հանգամանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումը պետք է ստացվի նախքան անձի փաստական հանձնումն իրականացնելը։
6. Եթե մերժվում է անձի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը օտարերկրյա պետությանը կամ միջազգային դատարան, սակայն սույն օրենսգրքով նախատեսված բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից կամ միջազգային դատարանից, ապա մերժման մասին որոշում կայացրած մարմինը պարտավոր է քրեական հետապնդում սկսել այդ անձի նկատմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում և դրանով սահմանված կարգով համապատասխան քրեական հետապնդման վերաբերյալ գործը փոխառնել օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի վարույթից և իր վարույթ ընդունել այդ անձի նկատմամբ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարուցած գործը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելով համապատասխան քրեական հետապնդում։