Հոդված 10. Հուղարկավորումը և վերահուղարկավորումը
Հոդված 10. Հուղարկավորումը և վերահուղարկավորումը
1. Հուղարկավորության իրականացման համար անհրաժեշտ է միայն քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների տված մահվան վկայական:
2. Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում, որն արխիվում պահվում է անժամկետ:
Մատյանում գրանցումից հետո գերեզմանատան տնօրինությունը տալիս է իր դրոշմակնիքով կնքված գերեզմանի վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է:
Ընտանեկան գերեզմանատեղում հուղարկավորության փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է գերեզմանի վկայականի (բնօրինակի) կամ գրանցամատյանում նախկինում կատարված գրանցումների հիման վրա:
Գերեզմանի վկայականի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով գերեզման օգտագործողին տրամադրվում է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով)՝ մեկ գերեզմանի համար, և մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x5 մետր չափերով)՝ ընտանեկան գերեզմանի համար:
Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) հողին հանձնելու դեպքում համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 1 քառակուսի մետր հողատարածք (1.0x1.0 մետր չափերով), կամ աճյունասափորը տեղադրվում է հուշապատի մեջ:
4. (մասն ուժը կորցրել է 27.05.21 ՀՕ-228-Ն)
4.1. Գերեզմաններում տապանաքարերի, հուշաքարերի, հուշարձանների, գերեզմանի սահմանային եզրաքարերի տեղադրման համար իրականացվող շինարարական աշխատանքների համար շինարարական թույլտվություն չի պահանջվում:
5. Նոր գերեզմանատեղ հատկացվելու դեպքում գերեզման օգտագործողի կամ հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի մասնակցությամբ համապատասխան գերեզմանատան սահմաններում ճշտվում է նոր գերեզմանի տեղը, և գերեզմանատան տնօրինության կողմից տրվում է գերեզմանի վկայական:
6. Մահացածի հարազատների ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) կարող է վերահուղարկավորվել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. Ինքնասպանության, անհայտ պատճառից հանկարծամահության, մարմնական վնասվածքների հետևանքով տեղի ունեցած մահվան և մահը հանցագործության հետևանքով տեղի ունենալու կասկածի դեպքերում մահացածի մարմնի (աճյունի) հուղարկավորումը չի թույլատրվում առանց դատաբժշկական մարմինների թույլտվության:
8. (մասն ուժը կորցրել է 29.04.15 ՀՕ-27-Ն)
9. Կայանալիք հուղարկավորության մասին գերեզմանատան կառավարչին պետք է ծանուցել մեկ օր առաջ:
10. Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո:
11. Նոր գերեզմանատեղի հատկացում կատարվում է միայն բաց գերեզմանատներում:
(10-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.04.15 ՀՕ-27-Ն, 27.05.21 ՀՕ-228-Ն )
(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)