Հոդված 10. Հուղարկավորումը և վերահուղարկավորումը
Հոդված 10. Հուղարկավորումը և վերահուղարկավորումը
1. Հուղարկավորության իրականացման համար ներկայացվում է միայն քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների տված մահվան վկայական:
2. Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում, որն արխիվում պահվում է անժամկետ:
Մատյանում գրանցումից հետո գերեզմանատան տնօրինությունը տալիս է իր դրոշմակնիքով կնքված գերեզմանի վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է:
Ընտանեկան գերեզմանատեղում հուղարկավորության փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է գերեզմանի վկայականի (բնօրինակի) կամ գրանցամատյանում նախկինում կատարված գրանցումների հիման վրա:
Գերեզմանի վկայականի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար` առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք:
Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) հողին հանձնելու դեպքում համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 1 քառակուսի մետր հողատարածք (1.0x1.0 մետր չափերով), կամ աճյունասափորը տեղադրվում է հուշապատի մեջ:
4. Հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրվող գերեզմանատեղից բացի, համայնքային գերեզմանատանը կարող է վճարովի հիմունքներով տրամադրվել առավելագույնը 6 քառակուսի մետր հողատարածք` գերեզմանատան կառուցապատման սխեմայով համապատասխան տարածքներ նախատեսված լինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և վճարի դիմաց:
4.1. Գերեզմաններում տապանաքարերի, հուշաքարերի, հուշարձանների, գերեզմանի սահմանային եզրաքարերի տեղադրման համար իրականացվող շինարարական աշխատանքների համար շինարարական թույլտվություն չի պահանջվում:
5. Նոր գերեզմանատեղ հատկացվելու դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի մասնակցությամբ համապատասխան գերեզմանատան սահմաններում ճշտվում է նոր գերեզմանի տեղը, և գերեզմանատան տնօրինության կողմից տրվում է գերեզմանի վկայական:
6. Մահացածի հարազատների ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) կարող է վերահուղարկավորվել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. Ինքնասպանության, անհայտ պատճառից հանկարծամահության, մարմնական վնասվածքների հետևանքով տեղի ունեցած մահվան և մահը հանցագործության հետևանքով տեղի ունենալու կասկածի դեպքերում մահացածի մարմնի (աճյունի) հուղարկավորումը չի թույլատրվում առանց դատաբժշկական մարմինների թույլտվության:
8. (մասն ուժը կորցրել է 29.04.15 ՀՕ-27-Ն)
9. Կայանալիք հուղարկավորության մասին գերեզմանատան կառավարչին պետք է ծանուցել մեկ օր առաջ:
10. Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո:
11. Նոր գերեզմանատեղի հատկացում կատարվում է միայն բաց գերեզմանատներում:
(10-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.04.15 ՀՕ-27-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-228-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)