Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-06-13-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

հուղարկավորություն` մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ մահացածի աճյունասափորը հողին հանձնելու կամ աճյունասափորը հուշապատի մեջ տեղադրելու ծիսական արարողություն.

գերեզմանատուն` քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխան տրամադրված, հատուկ նշաններով առանձնացված հողատարածք գերեզմանատեղեր տրամադրելու և գերեզմանները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պահպանելու համար.

մասնակի փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ սպառված են նոր գերեզմանների տրամադրման համար հողատարածքները, և որտեղ նախկինում հատկացված գերեզմաններում կարող է իրականացվել վրահուղարկավորություն կամ նոր հուղարկավորություն` գերեզմանում ազատ տարածքի առկայության դեպքում.

փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ հուղարկավորություններն ընդհանրապես արգելված են.

պանթեոն` գործող գերեզմանատների սահմաններից դուրս առանձնացված տարածք` հասարակության և պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած անձանց հուղարկավորելու համար.

բաց գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ առկա են նոր գերեզմանների տրամադրման համար ազատ հողատարածքներ.

գերեզման` գերեզմանատեղ, որտեղ իրականացվել է հուղարկավորություն.

հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ` մահացածի կամքով նշված կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության արարողության կազմակերպումը կամովին ստանձնած անձինք (ամուսին, հարազատներ, ազգականներ և այլն).

վրահուղարկավորում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ իր անունով հաշվառված գերեզմանատեղում նախկինում մահացածի գերեզմանի վրա նոր հուղարկավորություն կազմակերպելը.

վերահուղարկավորում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը.

դիակիզում` մահացածի մարմնի կիզումը դրա համար նախատեսված հատուկ տեղում (դիակիզարանում).

մահացածի հարազատներ` պապը, տատը, ծնողները, զավակները, ամուսինը, քույրը, եղբայրը և թոռները.

քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարություն՝ ազգային և կրոնական ավանդույթների համաձայն՝ մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ մահացածի աճյունասափորը հողին հանձնելուց կամ աճյունասափորը հուշապատում տեղադրելուց առաջ հրաժեշտի արարողություն.

մասնավոր գերեզմանատուն՝ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխանող, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված և շահագործվող գերեզմանատուն.

գերեզմանատան կառավարիչ՝ համայնքային գերեզմանատների համար` համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը, պետական գերեզմանատների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը, իսկ մասնավոր գերեզմանատների համար՝ գերեզմանատունը շահագործող անձը.

ընտանեկան գերեզման՝ սույն օրենքով սահմանված չափով մեկ ընտանիքին հատկացվող գերեզմանատեղ:

(2-րդ հոդվածը լրաց. 26.02.15 ՀՕ-12-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն)

(հոդվածը 27.05.21 ՀՕ-228-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)

(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։