Հոդված 3. Եկամտային հարկ վճարողները
Հոդված 3. Եկամտային հարկ վճարողները
1. Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ (այսուհետ` ռեզիդենտ) և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ (այսուհետ` ոչ ռեզիդենտ) ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` հարկ վճարողներ):
2. Սույն օրենքի իմաստով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:
Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը) և նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:
3. Սույն օրենքի իմաստով ոչ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ռեզիդենտ չէ: