Հոդված 13. Եկամտային հարկի հաշվարկման կարգը և հաշվարկների ներկայացումը
Հոդված 13. Եկամտային հարկի հաշվարկման կարգը և հաշվարկների ներկայացումը
1. Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս սույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված դրույքաչափերով հաշվարկում են եկամտային հարկը` դրանից պակասեցնելով վարձու աշխատողների համար հաշվարկած և տվյալ ամսում փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների, ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մայրության նպաստների գումարները: Ընդ որում, սույն մասով սահմանված նպաստները պակասեցված են համարվում պակասեցման ամսվան հաջորդող ամսվա 20-ից:
Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը բավարար չէ սույն հոդվածով սահմանված նպաստները վճարելու համար, ապա հարկային գործակալը նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցվում է պետական բյուջեից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել`
1) նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար գրանցման հայտ (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների), որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկություններ), բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերի.
2) եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձի) ֆիզիկական անձանց համար հաշվարկված (քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերի:
Նոր աշխատողի համար գրանցման հայտը հարկային մարմին է ներկայացվում այդ աշխատողի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ամսվա եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց ոչ ուշ:
Եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվում են նաև տվյալ հարկային գործակալից հաշվետու ամսում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին վճարված (հաշվարկված) եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:
2.1. Եթե նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Եթե անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ստացման ենթակա (պասիվ եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտներից սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթներին համապատասխան եկամուտների ստացման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահում չի իրականացվում (գանձում չի կատարվում), ապա անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք եկամտային հարկը հաշվարկում են յուրաքանչյուր ամիս` հիմք ընդունելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դրույքաչափերը և յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևի եկամտային հարկի պարզեցված հաշվարկ:
4. Հարկային գործակալները, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
(13-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց.12.11.12 ՀՕ-208-Ն, լրաց. 10.06.13 ՀՕ-66-Ն, լրաց., փոփ. 20.06.13 ՀՕ-80-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-71-Ն, 01.12.14 ՀՕ-208-Ն)