Հոդված 8.3. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը
Հոդված 8.3. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը
1. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և վերապատրաստում անցած անձանցից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով։
2. Հարցազրույցի հրավիրվում են`
1) մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, մաքսային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հինգ ամենաբարձր միավորներ ունեցող անձինք: Եթե սույն կետի պահանջները բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք.
2) վերապատրաստում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) անցած և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած անձինք:
3. Հարցազրույցի անցկացման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Հարցազրույցին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:
4. Հարցազրույցի նպատակն է մաքսային ծառայողի պաշտոնում արդյունավետ գործելու համար մաքսային ծառայողի թեկնածուի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են թեկնածուի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, մաքսային ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, մաքսային ծառայությանը վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, բարեվարքություն, վարվեցողություն, պատասխանատվության զգացում, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և մաքսային ծառայողի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:
5. Հարցազրույցից առաջ հարցազրույցի հանձնաժողովի որոշմամբ հարցազրույցի հրավիրված թեկնածուները կարող են անցնել հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, և դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Մաքսային մարմնի ղեկավարը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները, անցկացման կարգը և ապահովում է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները: Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են թեկնածուին և հանձնաժողովին:
6. Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքով հանձնաժողովը մաքսային մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին:
7. Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմնի ղեկավարը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:
8. Հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը, ինչպես նաև հարցազրույցի հանձնաժողովի կազմը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը:
9. Մաքսային ծառայության պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոններից ազատում է մաքսային մարմնի ղեկավարը:
10. Մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»: