Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 18. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության և իրականացման կարգի մանրամասները՝ հաշվի առնելով սույն հոդվածի կարգավորումները:

3. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի (այսուհետ՝ Քաղաքացիական և վարչական պալատ) այն դատավորները, որոնք մինչև Վճռաբեկ դատարանում պաշտոնավարելը պաշտոնավարել են վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններում, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ գրավոր համաձայնություն ներկայացնելու դեպքում շարունակում են պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի վարչական պալատում (այսուհետ՝ Վարչական պալատ) այդ պալատը գործելուց հետո: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ՝ Քրեական պալատ) դատավորները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ կարող են ներկայացնել գրավոր համաձայնություն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի (այսուհետ՝ Հակակոռուպցիոն պալատ) կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար: Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություններն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, նշված դատավորներից կարող է ընտրել երկու դատավոր Հակակոռուպցիոն պալատում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար: Սույն մասով նախատեսված՝ գրավոր համաձայնություն ներկայացրած Քաղաքացիական և վարչական պալատի դատավորները մինչև Վարչական պալատը գործելը պաշտոնավարում են որպես Քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ: Սույն մասով նախատեսված՝ Քրեական պալատի՝ գրավոր համաձայնություն ներկայացրած և Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված դատավորները մինչև Հակակոռուպցիոն պալատը գործելը պաշտոնավարում են որպես Քրեական պալատի դատավորներ:

4. Քաղաքացիական և վարչական պալատի այն դատավորները, որոնք չեն համապատասխանում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին, և այն դատավորները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին, սակայն Վարչական պալատում պաշտոնավարելու վերաբերյալ գրավոր համաձայնություն չեն ներկայացնում, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Քաղաքացիական պալատ) և Վարչական պալատը գործելուց հետո շարունակում են պաշտոնավարել որպես Քաղաքացիական պալատի դատավորներ մինչև իրենց լիազորությունների ավարտը՝ անկախ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված թվակազմից: Հակակոռուպցիոն պալատում պաշտոնավարումը շարունակելու համար գրավոր համաձայնություն չներկայացրած, ինչպես նաև Հակակոռուպցիոն պալատում պաշտոնավարումը շարունակելու համար գրավոր համաձայնություն ներկայացրած, սակայն Բարձրագույն դատական խորհրդի կողմից չընտրված Քրեական պալատի դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ավարտը՝ անկախ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված թվակազմից:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերը լուծելու պահից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հրապարակում է հայտարարություն համապատասխանաբար Վարչական և Հակակոռուպցիոն պալատներում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Քաղաքացիական պալատում համալրման ենթակա տեղերի քանակի և համալրման կարգի վերաբերյալ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հայտարարությունը հրապարակելու պահից երկշաբաթյա ժամկետում Օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու նպատակով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նախապատրաստումը, ցուցակի կազմումը, հաստատումը և թեկնածուներին առաջարկության ներկայացումն իրականացվում են Օրենքի 132-րդ և 133-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

8. Քաղաքացիական և վարչական պալատը համարվում է վերացված, իսկ Քաղաքացիական և Վարչական պալատները գործում են Վարչական պալատում դատավորների բոլոր թափուր պաշտոնները համալրելու պահից, և եթե Քաղաքացիական պալատում պաշտոնավարելու է առնվազն հինգ դատավոր: Հակակոռուպցիոն պալատը գործում է պալատի յուրաքանչյուր դատական կազմի դատավորների առնվազն երեք թափուր պաշտոնները համալրելու պահից: Առաջխաղացման կարգով Քաղաքացիական, Վարչական կամ Հակակոռուպցիոն պալատների դատավոր նշանակված անձինք համապատասխանաբար Քաղաքացիական, Վարչական կամ Հակակոռուպցիոն պալատների դատավորի պաշտոնն ստանձնում են պալատները գործելու պահից:

9. Սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ Քաղաքացիական և վարչական պալատը վերացված համարվելու պահից պալատի նախագահի լիազորությունները դադարում են: Համապատասխանաբար Քաղաքացիական, Վարչական և Հակակոռուպցիոն պալատները գործելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 134-րդ հոդվածով սահմանված կարգով լուծում է համապատասխան պալատի նախագահի նշանակման համար առաջարկություն ներկայացնելու հարցը:

10. Մինչև Քաղաքացիական և Վարչական պալատները գործելը շարունակում է գործել Քաղաքացիական և վարչական պալատը, և վճռաբեկության կարգով քաղաքացիական և վարչական գործերի քննությունն իրականացնում է Քաղաքացիական և վարչական պալատը: Մինչև Հակակոռուպցիոն պալատը գործելը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է Քաղաքացիական և վարչական պալատը, եթե Քաղաքացիական պալատը դեռևս չի գործում, իսկ Քաղաքացիական պալատը գործելուց հետո` Քաղաքացիական պալատը: Մինչև Հակակոռուպցիոն պալատը գործելը կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է Քրեական պալատը:

11. Մինչև Քաղաքացիական, Վարչական և Հակակոռուպցիոն պալատները գործելը Քաղաքացիական և վարչական պալատի և Քրեական պալատի վարույթ ընդունած բողոքները համապատասխան պալատները գործելու պահից մեկ շաբաթվա ընթացքում վերաբաշխվում են Վճռաբեկ դատարանի պալատների միջև` հիմք ընդունելով սույն հոդվածի 10-րդ մասի կարգավորումները:

12. Մինչև համապատասխանաբար Քաղաքացիական, Վարչական կամ Հակակոռուպցիոն պալատները գործելը ներկայացված վճռաբեկ բողոքները, որոնց վերաբերյալ չի կայացվել վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վերադարձնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում, և որոնք չեն համապատասխանում տվյալ պալատի կողմից քննության ենթակա գործերի շրջանակին, մեկ շաբաթվա ընթացքում վերաբաշխվում են Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների միջև:

Հանրապետության նախագահի

լիազորությունները կատարող Ա. Սիմոնյան

2022 թ. փետրվարի 15

Երևան

ՀՕ-24-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։