Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2022-03-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Գործատուների միությունների գործունեության մակարդակները

գործել է մինչև 2022-03-30Բացել ARLIS-ում

Հոդված 4. Գործատուների միությունների գործունեության մակարդակները

1. Գործատուների միություններն իրենց գործունեությունն իրականացնում են երեք մակարդակներում` հանրապետական, ճյուղային և տարածքային.

1) հանրապետական մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների հանրապետական միությունը, որը միավորում է հանրապետությունում գործող գործատուների ճյուղային և տարածքային միությունների կեսից ավելիին:

Գործատուների հանրապետական միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն.

2) ճյուղային մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների ճյուղային միությունը, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղի գործատուներին, գործատուների համապատասխան ճյուղի տարածքային միությունների, բայց ոչ պակաս, քան հանրապետությունում գործունեություն իրականացնող գործատուների տարածքային այդպիսի միությունների կեսից ավելիին:

Գործատուների ճյուղային միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն.

3) տարածքային մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների տարածքային միությունը, որը միավորում է տվյալ վարչական տարածքի (մարզի կամ համայնքի) գործատուներին: Գործատուների տարածքային միությունները կարող են ստեղծվել ինչպես տվյալ վարչական տարածքի տնտեսության համապատասխան ճյուղի գործատուների միությունների միավորումից, այնպես էլ տվյալ վարչական տարածքի գործատուների մեծ մասի և կամ տվյալ վարչական տարածքի տնտեսության տարբեր ճյուղերի գործատուների միությունների միավորումից:

Գործատուների տարածքային միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն:

2. Գործատուների ճյուղային միություններում և տվյալ վարչական տարածքի տնտեսության համապատասխան ճյուղի գործատուների տարածքային միություններում գործատուների անդամագրման համար տնտեսության ճյուղերի միջև սահմանազատում չի դրվում, և յուրաքանչյուր գործատու ինքնուրույն է որոշում իր այս կամ այն միությանն անդամագրվելու հարցը:

3. Գործատուների միությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան, կարող են համագործակցել միջազգային ու այլ երկրների գործատուների միությունների հետ, ինչպես նաև մասնակցել (անդամակցել) գործատուների միջազգային միություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։