Հոդված 118. Վերահսկողությունը դատապարտյալի կողմից պատժի կրումը հետաձգելու պայմանները կատարելու նկատմամբ
Հոդված 118. Վերահսկողությունը դատապարտյալի կողմից պատժի կրումը հետաձգելու պայմանները կատարելու նկատմամբ
1. Պատժի կատարումը հետաձգելուց հետո` տասն օրվա ընթացքում, դատապարտյալի` անհարգելի պատճառով հաշվառման կամ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման կանչով երկու անգամ անընդմեջ չներկայանալու դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին: Միջնորդությանը կցվում է պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը:
Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման ծառայողներն իրավունք ունեն այցելելու դատապարտյալի բնակության կամ աշխատանքի վայր՝ դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:
2. Եթե դատապարտյալը հրաժարվում է երեխայից կամ նախազգուշացումից հետո շարունակում է խուսափել երեխային դաստիարակելուց և խնամելուց, ապա ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին: Միջնորդությանը կցվում է պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը:
3. Դատապարտյալը երեխային դաստիարակելուց խուսափող է համարվում, եթե, պաշտոնապես չհրաժարվելով երեխայից, նրան թողնում է ծննդատանը կամ հանձնում է մանկատուն կամ հակահասարակական ապրելակերպ է վարում և չի զբաղվում երեխայի դաստիարակությամբ ու խնամքով կամ երկար ժամանակով երեխային թողնում է ազգականների կամ այլ անձանց մոտ կամ թաքնվում է կամ կատարում է այլ գործողություններ, որոնք վկայում են երեխային դաստիարակելուց խուսափելու մասին:
(118-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-120-Ն)