Հոդված 215. Մաքսանենգությունը
Հոդված 215. Մաքսանենգությունը
1. Մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-ին մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
2. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ նյութերի, ռազմական նշանակության արտադրանքի, նման արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և սարքերի, զենքի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի, երկակի նշանակության ապրանքների ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են հատուկ կանոններ, մաքսանենգությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) մաքսային հսկողության որոշակի ձևերից ազատված անձի կողմից կամ մաքսային հսկողության սահմանված ձևերից ազատված առանձին ապրանքների կամ տրանսպորտային միջոցների՝ մաքսային սահմանի վրայով տեղափոխման համար լիազորված անձի կողմից,
3) մաքսային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը համարվում է խոշոր չափերով կատարված, եթե տեղափոխված ապրանքների կամ առարկաների արժեքը գերազանցում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, բացառությամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ տեղափոխելու դեպքի, երբ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
6. Սույն հոդվածում գույք են համարվում մաքսանենգության առարկաները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ դրանց արժեքը:
(215-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.05 ՀՕ-4-Ն, փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ. 26.05.08 ՀՕ-76-Ն, 17.09.09 ՀՕ-166-Ն, 08.04.10 ՀՕ-43-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.05.11 ՀՕ-143-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-219-Ն)