Հոդված 7
Հոդված 7
1. Ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող՝ Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մատակարարվող ապրանքները սույն համաձայնագրին համապատասխան՝ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման, ենթակա չեն արտահանման Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ։
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կողմից խախտելու փաստերը ղազախական կողմից հայտնաբերվելու դեպքում Կողմերն անցկացնում են բանակցություններ և խորհրդակցություններ՝ սույն համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան։
Եթե խախտում հայտնաբերելու փաստի մասին գրավոր ծանուցումը ղազախական կողմի կողմից հայկական կողմին դիվանագիտական ուղիներով ուղարկելու օրվանից 2 (երկու) օրացուցային ամսվա ընթացքում Կողմերի բանակցությունների և խորհրդակցությունների արդյունքներով ձեռք չեն բերվում փոխադարձ ընդունելի պայմանավորվածություններ, ապա ղազախական կողմն իրեն իրավունք է վերապահում արգելելու և (կամ) կասեցնելու և (կամ) կրճատելու ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների՝ սույն համաձայնագրով նախատեսված անմաքս մատակարարումները Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև իրեն իրավունք է վերապահում կիրառելու միջոցառումներ՝ սույն հոդվածին համապատասխան։
Ըստ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված խախտումների բացահայտված փաստերի՝ հայկական կողմը ղազախական կողմին վճարում է ԱՄՆ դոլարով հաշվարկված, խախտման փաստը հայտնաբերելու օրվա դրությամբ Ղազախստանի Հանրապետությունում գործող արտահանման մաքսատուրքերի ծավալին համարժեք փոխհատուցման գումարներ՝ արտահանված և վերաարտահանված ապրանքների համար։
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված փոխհատուցման գումարը դրամային ձևով հայկական կողմի կողմից ենթակա է վճարման՝ հօգուտ ղազախական կողմի, արտահանման ու վերաարտահանման փաստի հայտնաբերման մասին գրավոր ծանուցումը հայկական կողմի իրավասու մարմնի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվանից ոչ ուշ։
4. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված գումարը հայկական կողմի կողմից չվճարվելու դեպքում նշված գումարը ճանաչվում է որպես Հայաստանի Հանրապետության պետական պարտք Ղազախստանի Հանրապետությանը։
Պետական պարտքի նշված գումարին ամենօրյա կտրվածքով հաշվեգրվում են տոկոսներ՝ տոկոսների հաշվեգրման համապատասխան ժամանակահատվածի սկզբից 2 (երկու) աշխատանքային օր առաջ Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման դրույքաչափով, և հայկական կողմի կողմից վճարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Տոկոսների վերջին վճարումը կատարվում է պետական պարտքի հիմնական գումարի մարմանն ուղղված վերջին վճարման հետ միաժամանակ։ Տոկոսները հաշվարկվում են՝ ելնելով 360-օրյա տարվա ընթացքում (բազան՝ 365/360) լրացած օրերի փաստացի քանակից։