Հոդված 134. Մաքսային հայտարարագրի ներկայացումը և ընդունումը
Հոդված 134. Մաքսային հայտարարագրի ներկայացումը և ընդունումը
(Վերնագիրը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)
1. Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին: Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, ինչի կապակցությամբ մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի վրա նշում է գրանցման հերթական համարը և գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:
Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունում է մաքսային մարմինը, ինչի կապակցությամբ վերջինս մաքսային հայտարարագրի վրա նշում է ընդունման հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարին:
2. Մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է`
ա) ստուգել մաքսային հայտարարագրի լրացման կարգի պահպանման ճշտությունը.
բ) հայտարարատուին զգուշացնել ոչ ճիշտ հայտարարագրման համար նախատեսված պատասխանատվության մասին.
գ) ճշտել հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը.
դ) սույն կետի «ա» և «գ» ենթակետերում նշված գործողությունների հետևանքով անճշտությունների հայտնաբերման դեպքում հայտարարատուին առաջարկել ներկայացնել նոր հայտարարագիր` կատարելով դրանում համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
3. Մաքսային հայտարարագրի ընդունման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:
(134-րդ հոդվածը լրաց., խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ. 30.04.08 ՀՕ-56-Ն)