Հոդված 48. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը
Հոդված 48. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը
1. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից վերամշակման նպատակով և հետագա ներմուծման պայմանով ապրանքներ արտահանելը:
1.1. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել՝
ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.
բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.
գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը թույլատրվում է սույն օրենսգրքի 49 հոդվածում նշված մարմնի եզրակացության հիման վրա` հայտարարատուի խնդրարկած, սակայն արտահանման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետում, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը՝ արտահանման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետով.
Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով:
գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` «վերաներմուծում» ռեժիմով, կամ ձևակերպվեն «արտահանում` ազատ շրջանառության համար» ռեժիմով, կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
3. Այս ռեժիմով արտահանված ապրանքները ներմուծելիս «վերաներմուծում» ռեժիմով մաքսային ձևակերպումների ժամանակ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել վերամշակված ապրանքների ներմուծման համար «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների և վերամշակման նպատակով արտահանված ապրանքների համար «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հաշվարկվող մաքսային վճարների տարբերությունը, բացառությամբ մաքսավճարի, որը հաշվարկվում է առանց նվազեցումների:
4. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանված ապրանքների վերամշակումից առաջացած թափոնները և մնացորդները ենթակա են հայտարարագրման սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում՝ վճարելով ընտրված մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները:
(48-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)