Հոդված 2. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենսգրքի իմաստով`
ա) ապրանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ սույն հոդվածի «բ» կետով սահմանված տրանսպորտային միջոցների.
բ) տրանսպորտային միջոցներ են համարվում բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորների և ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ օժանդակ փոխադրամիջոցները.
գ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կամ դուրսհանումն այդ տարածքից` ներառյալ միջազգային փոստային առաքումները, խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով փոխադրումները.
դ) ներմուծում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք.
ե) արտահանում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների դուրսհանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից.
զ) ներմուծման կամ արտահանման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների և տրանսպորտային միջոցների հատելու պահը.
է) անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների մասնակիցները և պոտենցիալ մասնակիցները.
ը) Հայաստանի Հանրապետության անձինք են համարվում Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես կամ առավելապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները.
թ) օտարերկրյա անձինք են համարվում սույն հոդվածի «ը» կետում չնշված անձինք.
ժ) ապրանքներ տեղափոխող անձ է համարվում ապրանքների սեփականատեր, գնորդ հանդիսացող կամ ապրանքների նկատմամբ տիրապետման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքներն իր անունից սույն օրենսգրքով նախատեսված կարգով տնօրինման լիազորություններով օժտված անձը.
ժա) հայտարարատու է համարվում ապրանքներ տեղափոխող կամ մաքսային բրոքեր (միջնորդ) հանդիսացող անձը, որը մաքսային մարմիններում հայտարարագրում և ներկայացնում է ապրանքները և տրանսպորտային միջոցները.
ժբ) փոխադրող է համարվում ապրանքները փաստացի տեղափոխող կամ տրանսպորտային միջոցի օգտագործման համար պատասխանատու անձը.
ժգ) մաքսային ռեժիմ է համարվում մաքսային քաղաքականության իրագործումը կանոնակարգող դրույթների համախումբը, որը որոշում է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման նպատակը և կանոնակարգում է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կապակցությամբ առաջացող հարաբերությունները.
ժդ) բացթողում է համարվում մաքսային մարմինների կողմից մաքսային համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սույն հոդվածի «ը» և «թ» կետերում թվարկված անձանց տրամադրելը.
ժե) մաքսային ձևակերպում է համարվում սույն օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողման համար սահմանված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը` մինչև որոշակի մաքսային ռեժիմով դրանց բացթողումը.
ժզ) մաքսային հսկողություն է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթների պահպանման նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգը.
ժէ) ոչ սակագնային կարգավորման միջոցներ են համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այն միջոցները, որոնք, ուղղակիորեն չազդելով մաքսային վճարների մեծության վրա, սահմանափակում են ապրանքների և տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը.
ժը) մաքսային վճարներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված մաքսատուրքը, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.
ժթ) անհաղթահարելի ուժ է համարվում սույն օրենսգրքի համաձայն անձի ստանձնած պարտավորությունների կատարմանը խոչընդոտող` նրա կամքից անկախ գործող և անկասելի ուժը կամ երևույթը.
ի) սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ են համարվում ոչ սակագնային կարգավորման այն միջոցները, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում ընդունված որակական և այլ ստանդարտներին, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված չափանիշներին չհամապատասխանող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխումը կասեցնելուն.
իա) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է համարվում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է վերջին անգամ հաշվառումից հանված լինի այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է` նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին ապրանքատեսակների համար կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքի բնաիրային սահմանափակումներ.
իբ) «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված և վերամշակման համար արտահանված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ.
իգ) «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի համարվում «իբ» կետով սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն.
իդ) թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին, կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում.
իե) մնացորդ է համարվում սույն հոդվածի «իդ» կետով սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:
(2-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն, 22.12.10 ՀՕ-25-Ն, 08.12.11 ՀՕ-354-Ն)