Հոդված 131. Հայտարարատուն
Հոդված 131. Հայտարարատուն
1. Որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը:
Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար հայտարարագիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ձևով՝ միջազգային փոստային կամ սուրհանդակային ծառայության համապատասխան աշխատակցի կողմից` առաքողի լրացրած հայտարարագրի հիման վրա, ընդ որում՝ որպես հայտարարատու հանդես է գալիս փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող ընկերությունը, եթե ապրանքներ տեղափոխողը ցանկություն չի հայտնում ինքնուրույն իրականացնել ապրանքների հայտարարագրումը: Եթե ապրանքներ տեղափոխողը ցանկանում է ինքնուրույն իրականացնել ապրանքների հայտարարագրումը, ապա իրականացնում է դա սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:
2. Որպես հայտարարատու կարող է հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվում են ապրանքներ:
3. Հայտարարատուն սույն օրենսգրքի համաձայն կրում է պատասխանատվություն` հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորվող անգործունակ, ինչպես նաև 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց փոխարեն հայտարարագրումն իրականացնում են նրանց օրինական ներկայացուցիչները, որոնք կրում են սույն օրենսգրքով հայտարարատուի համար սահմանված պատասխանատվություն, այդ թվում` հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:
(131-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)