Հոդված 83. Մաքսային արժեքի բաղկացուցիչները
Հոդված 83. Մաքսային արժեքի բաղկացուցիչները
Մաքսային արժեքը ներառում է`
ա) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը.
բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը.
գ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի.
դ) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ ներմուծվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`
- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,
- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,
- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,
- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և ներմուծման երկրից բացի այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը,
դա) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-125-Ն)
դբ) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-125-Ն)
դգ) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-125-Ն)
դդ) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-125-Ն)
ե) գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
զ) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
է) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:
(83-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.09.02 ՀՕ-412-Ն, խմբ. 20.11.02 ՀՕ-448-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն)