Հոդված 11. Պետական մարմնի ղեկավարի տեղակալը
Հոդված 11. Պետական մարմնի ղեկավարի տեղակալը
1. Պետական մարմնի ղեկավարի տեղակալը`
1) գործում է պետական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում փոխանցում է պետական մարմնի ղեկավարի հանձնարարականները, ապահովում է պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից պետական մարմնի ղեկավարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով պետական մարմնի ղեկավարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում պետական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է պետական մարմնի ղեկավարի այլ ցուցումներ և հանձնարարականներ:
2. Կոլեգիալ մարմիններում աշխատանքների համակարգման հարաբերությունների վրա տարածվում են սույն օրենքով սահմանված պահանջները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Կոլեգիալ մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալը: Տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ տեղակալի բացակայության դեպքում կոլեգիալ մարմնի ղեկավարին փոխարինում է տվյալ մարմնում որպես կոլեգիալ մարմնի անդամ առավել երկար ստաժ ունեցող անդամը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Պետական մարմնի ղեկավարի տեղակալը, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում կոլեգիալ մարմնի անդամներն օրենքով նախատեսված դեպքերում կարող են ունենալ օգնական: Պետական մարմնի ղեկավարի տեղակալը, կոլեգիալ մարմնի դեպքում կոլեգիալ մարմնի անդամն իրենց օգնականի անմիջական ղեկավարներն են: Պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականը, կոլեգիալ մարմնի անդամի օգնականը անմիջական հաշվետու են համապատասխանաբար պետական մարմնի ղեկավարի տեղակալին, կոլեգիալ մարմնի անդամին: