Հոդված 5. Հուշադրամների ու հուշամեդալների իրացման կարգը և իրացման ժամանակ տրվող հաշվապահական ձևակերպումը
Հոդված 5. Հուշադրամների ու հուշամեդալների իրացման կարգը և իրացման ժամանակ տրվող հաշվապահական ձևակերպումը
1. Դրամագիտական արժեք հանդիսացող հուշադրամները և հուշամեդալները իրացվում են յուրաքանչյուր հուշադրամի ու հուշամեդալի համար ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով սահմանված վաճառքի գնով: ՀՀ կենտրոնական բանկի կողմից հուշադրամները վաճառելու նպատակով դրանք առհաշիվ տրամադրելիս տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`
Դ-տ 2613 «Ներքին դեբիտորներ»
Կ-տ 2521 «Հուշադրամներ թանկարժեք մետաղներից», 2522 «Հուշամեդալներ թանկարժեք մետաղներից», 2523 «Հուշադրամներ ոչ թանկարժեք մետաղներից» կամ 2524 «Հուշամեդալներ ոչ թանկարժեք մետաղներից»:
2. Իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են իրականացնել հուշադրամների և հուշամեդալների առք ու վաճառքի գործարքներ և ՀՀ գործող օրենսդրությանը չհակասող այլ գործարքներ:
3. ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամների առք ու վաճառքի գործարքներ կնքելիս սահմանում են դրանց գները` ելնելով դրանց պահպանվածության աստիճանից համաձայն հավելված 1-ի: Ընդ որում ցածր պահպանվածության աստիճան ունեցող հուշադրամների և հուշամեդալների հետ գործարքներում կարող են օգտագործվել կարգավորող գործակիցներ` գնման և վաճառքի գների նկատմամբ հուշադրամի այս կամ այն պահպանվածության աստիճանին համապատասխան (հավելված 1):
4. Դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամների և հուշամեդալների վաճառքի դեպքում դրանց ինքնարժեքը դուրս է գրվում 2613 «Ներքին դեբիտորներ» հաշվեկշռային հաշվից: Միաժամանակ դրանց վաճառքի գնի և ինքնարժեքի միջև եղած տարբերությունը մուտքագրվում է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների կամ ծախսերի հաշիվներում: Ընդ որում հուշադրամների վաճառքի գինը չի կարող ցածր լինել անվանական արժեքից:
5. ՀՀ կենտրոնական բանկի ծախսերով, ինչպես նաև որպես նվիրատվություն հուշադրամների տրամադրման ժամանակ 2613 հաշվեկշռային հաշվից դուրս է գրվում միայն հուշադրամների ինքնարժեքի գումարը` տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ-տ Համապատասխան ծախսային հաշիվ
Կ-տ 2613 «Ներքին դեբիտորներ»:
Հավելված 1
Մետաղադրամների (հուշադրամների) որակի դասակարգումը
Մետաղադրամների գնահատման համար, հիմնվելով նրանց ֆիզիկական բնութագրերի վրա, մշակվել են մի շարք համընդհանուր ճանաչում ստացած ցուցանիշներ, որոնք արտացոլում են` մի կողմից մետաղադրամի հատման տեխնոլոգիայի առանձնահատկությունները (հատման որակ), մյուս կողմից` նրա ֆիզիկական պահպանվածության աստիճանը, այսինքն` մետաղադրամի մակերևույթի վրա այս կամ այն չափով նշանակալի վնասվածքների առկայությունը, որոնք մետաղադրամը ձեռք է բերում հատման, պահեստավորման և շրջանառության ընթացքում: Ֆիզիկական բնութագրերը, հանդիսանալով միակը մետաղադրամի ցանկացած տիպի համար, կարող են կիրառվել ինչպես ՀՀ արժույթ հանդիսացող մետաղադրամի, այնպես էլ դրամագիտական արժեք հանդիսացող մետաղադրամի համար:
1. Մետաղադրամների հատման որակը
- «Պրուֆ» որակ` մետաղադրամի հատման բարձրագույն որակն է, որը ստացվում է հատման համար հատուկ հաստոցներ և վերամշակման հատուկ ձևեր օգտագործելիս: Մետաղադրամները պատրաստվում են անհատական ռեժիմով, ձեռքի աշխատանքի մեծ բաժնով: Պատրաստի մետաղադրամներն անմիջապես փակվում են թափանցիկ պարկուճների մեջ: «Պրուֆ» որակի մետաղադրամներն ունեն բացարձակ հարթ, հայելային մակերևույթ և, որպես կանոն, ուռուցիկ նկար: Բարձրաքանդակը (ռելիեֆը) պետք է լինի պարզ, ունենա լավ երևացող մանրամասներ (դետալներ): Մետաղադրամի վրա չպետք է լինեն անզեն աչքով տեսանելի խազեր, քերվածքներ, անհարթություններ, մակերևույթի մանրագույն անհավասարություններ (օրինակ` ալիքաձև կամ նարնջի կեղև հիշեցնող մասեր), դրամաշուրթի անհամաչափ տեղադրման և ձեռքի հպման հետքեր:
- «Լավացված» որակ` վերաբերում է այն մետաղադրամներին, որոնք հատված են սովորական հաստոցներով, սակայն, օգտագործելով ավելի լավ մշակված գործիքներ և կիսաֆաբրիկատ: Կիսաֆաբրիկատները մինչև հաստոց տեղափոխվում են ավտոմատ ձևով, իսկ պատրաստի մետաղադրամները հանվում են աշխատանքային գոտուց ձեռքով` ոչ բարդ հարմարանքների օգնությամբ, որը բացառում է մետաղադրամների հետ ձեռքի շփումը և նրանց վրա վնասվածքների գոյացումը: «Լավացված» որակով մետաղադրամներն ունեն հարթ, փայլուն մակերևույթ, նկարի պարզ և հստակ գծեր: Մետաղադրամի վրա չպետք է լինեն անզեն աչքով տեսանելի խազեր, մատների հետքեր և այլն: Նշված մետաղադրամները հատումից հետո տեղադրվում են փափուկ կամ կոշտ թափանցիկ պլաստիկ կափարիչների մեջ, երբեմն նաև հուշանվերային տուփերի մեջ:
2. Մետաղադրամների պահպանվածության մակարդակները
- Շրջանառության մեջ չեղած մետաղադրամներ` շրջանառությամբ պայմանավորված վնասվածքներ չունեցող մետաղադրամներն են, որոնք, սակայն, կարող են ունենալ տեխնոլոգիական վնասվածքներ (անզեն աչքով տեսանելի շատ փոքր խազեր): Այդպիսի վնասվածքներ առաջանում են մետաղադրամները մեկը մյուսի հետ շփումից` հաստոցների ավտոմատ կուտակիչներ դուրս նետելու, ավտոմատ վերահաշվող մեքենայով անցնելու, ինչպես նաև մետաղադրամներն արտադրամասից պահեստ տեղափոխելու ժամանակ: Նշված մետաղադրամները, որպես կանոն, ողջ մակերևույթով ունեն խամրած մետաղյա փայլ:
- Բացարձակ լավ պահպանվածություն` այն մետաղադրամները, որոնք շրջանառության մեջ եղել են կարճ ժամանակ: Բացի վերը նշված սովորական տեխնոլոգիական վնասվածքներից, այս մետաղադրամները բարձրաքանդակի վերին մասերում ունեն անզեն աչքով տեսանելի տարբեր աստիճանի թեթևակի մաշվածություններ: Նկարների գծագրությունները հստակ են, բոլոր մանրամասները պահպանված են: Թարմ մետաղյա փայլը մակերևույթի մեծ մասի վրա բացակայում է: Խորը խազեր և այլ թերություններ չկան:
- Շատ լավ պահպանվածություն` այն մետաղադրամները, որոնք շրջանառության մեջ եղել են ավելի երկար ժամանակ և բարձրաքանդակի բարձր մասերում ունեն նկատելի մաշվածություն, ամենամանր մասերն արդեն վնասված են, բայց նկատվում են, նկարների գծագրությունները դեռ բավականին ընդգծված են, մետաղադրամի ընդհանուր տեսքը լավ է: Մետաղյա փայլը բացակայում է նույնիսկ առանձին հատվածներում: Ինչպես վերը նշված կատեգորիաներում թույլատրելի են փոքր խազեր: Խորը խազեր և այլ լուրջ վնասվածքներ չկան:
- Լավ պահպանվածություն` այն մետաղադրամները, որոնք շրջանառության մեջ գտնվում են բավականին երկար ժամանակ և ողջ մակերևույթով ունեն նշանակալի մաշվածքներ: Բարձրաքանդակի որոշ մանրամասներ ջնջված են ամբողջությամբ, գծագրերը կորցրել են հստակությունը, բայց բարձրաքանդակը և գրերը հեշտությամբ տարբերվում են: Թույլատրվում են թեթև խազեր և սովորական տեխնոլոգիական վնասվածքներից մի փոքր ավելի լուրջ վնասվածքներ:
- Բավականին բավարար պահպանվածություն: Վերաբերում է ողջ մակերևույթի նշանակալի մաշվածք ունեցող մետաղադրամներին: Հնարավոր է տարբերել միայն նկարների խոշոր մասերը: Դեկորատիվ զարդանախշերի մանր դրվագներ (հացահատիկ, տերև, կետեր, աստղեր և այլն) ջնջվել են ամբողջությամբ:
- Բավարար պահպանվածություն` այն մետաղադրամները, որոնց վրա հնարավոր է տարբերել միայն հիմնական նկարների գծագրերը: Գծերը և տարեթվերը դժվարությամբ են տարբերվում:
- Լուրջ թերություններով մետաղադրամներ: Համարվում են մետաղյա ջարդոն, ունեն ավելի լուրջ վնասվածքներ.
- դիտավորյալ հասցված խորը խազեր,
- սղոցվածք, քերվածք,
- անցքեր, ձուլվածքի, քիմիական նյութերից քայքայվելու հետքեր,
- մակերևույթի ձևախախտում,
- մետաղի շերտավորում,
- մաշվածության մեծ աստիճան, որի դեպքում հնարավոր չէ կարդալ գրերը և ամսաթիվը,
- կեղծ մետաղադրամներ, անկախ նրանց վիճակից և պահպանվածության աստիճանից:
«Լավացված» և «պրուֆ» որակի մետաղադրամները, եթե դրանք եղել են շրջանառության մեջ առանց պաշտպանիչ պարկուճների կամ այլ փաթեթների և ձեռք են բերել մաշվածքներ ու այլ վնասվածքներ, գնահատվում են ըստ պահպանվածության աստիճանի` որպես հասարակ մետաղադրամներ: