Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքներն իրականացվում են սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան։
2. Սույն օրենքի նպատակն է կարգավորել գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը, սահմանել գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաև վեճերի լուծման կարգը և պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար։