Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2014 թվականի N 1394-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 09.02.23 N 147-Ն)

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական պաշտպանության հատուկ միջոցներն սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 09.02.23 N 147-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. դեկտեմբերի 17

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1394-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 09.02.23 N 147-Ն)

1. Անձնական պաշտպանության միջոցներ`

1) զրահաբաճկոններ` «Զալոմ», «Կոռա-Կուլոն», «Կորա-3».

2) սաղավարտներ` մետաղական սաղավարտ ՍՇ-68, ՍՇ-68Մ, ՍՇ-68Ն, հակագնդակային սաղավարտ՝ հանովի դիմածածկով «Մասկա-1», գնդակադիմակայուն սաղավարտ «Մասկա-3-1»:

(հավելվածը փոփ. 09.02.23 N 147-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1394-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 09.02.23 N 147-Ն)

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե) ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցները (այսուհետ` հատուկ միջոցներ) սպառազինության մեջ ընդգրկելը և սպառազինությունից հանելն իրականացվում են քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացությամբ:

2. Քննչական կոմիտեի նախագահը հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը, որը պետք է բաղկացած լինի հինգ անդամներից և նիստերի քարտուղարից: Անդամներից երեքը նշանակվում են քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողներից, երկուսը՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցից: Քննչական կոմիտեի նախագահը հանձնաժողովի կազմից նշանակում է հանձնաժողովի նախագահ:

(2-րդ կետը փոփ. 09.02.23 N 147-Ն)

3. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս սպառազինության մեջ նոր տեսակի հատուկ միջոցներ ընդգրկելու կամ առկա տեսակները հանելու նպատակահարմարության մասին:

4. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

5. Հանձնաժողովի նիստերում հարցեր քննարկելու առաջարկությամբ հանդես են գալիս հանձնաժողովի անդամները:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամներից կեսից ավելին: Քվեարկելու իրավունք ունեն հանձնաժողովի հինգ անդամները:

7. Հանձնաժողովը եզրակացություններն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ:

8. Նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ՝ հանձնաժողովի քարտուղարի կողմից:

9. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

10. Կայացված եզրակացություններն ստորագրում են նիստին մասնակցած հանձնաժողովի բոլոր անդամները:

11. Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու կարծիք եզրակացության մասին, որը կցվում է նիստի արձանագրությանը:

12. Եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները հաշվառվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից՝ առանձին հսկողական գործի մեջ:

13. Սպառազինության մեջ հատուկ միջոցների տեսակներ ընդգրկելու նպատակով հրավիրվող նիստի ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված տեսակի տեխնիկական կանոնակարգերը, նկարագրությունները, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործելու մասին տեղեկությունները, առկայության դեպքում` նաև տվյալ տեսակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված` տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին որոշումը:

14. Հանձնաժողովն սպառազինության մեջ ակտիվ պաշտպանության նոր միջոց ընդգրկելու հարցը քննարկելիս գրությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին որոշում ստանալու նպատակով: Գրությանը կցվում են ակտիվ պաշտպանության միջոցի տեխնիկական կանոնակարգը, նկարագրությունը, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործվելու մասին տեղեկությունները, իսկ առկայության դեպքում` նաև ակտիվ պաշտպանության միջոցի տվյալ տեսակի նմուշը:

15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, ստանալով սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված գրությունը, 30-օրյա ժամկետում կայացնում է որոշում և այն ներկայացնում հանձնաժողովին:

16. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ակտիվ պաշտպանության միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դրական որոշում ընդունում է, եթե այն մարդու նկատմամբ ունի առողջության համար ժամանակավոր և անցողիկ, ոչ մահաբեր ազդեցություն և օրգանիզմում չի առաջացնում անդառնալի փոփոխություններ:

17. Եթե սպառազինության մեջ գտնվող հատուկ միջոցների որևէ տեսակ կարող է փոխարինվել մարդու կյանքի կամ առողջության համար առավել նվազ վտանգավոր նոր տեսակով կամ այլևս օգտագործման համար պիտանի չէ, ապա հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում քննչական կոմիտեի նախագահին՝ տվյալ տեսակը սպառազինությունից հանելու մասին:

18. Սպառազինության մեջ նոր տեսակ ընդգրկելու կամ առկա տեսակն սպառազինությունից հանելու համար քննչական կոմիտեի նախագահը սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

19. Սպառազինությունից հանված հատուկ միջոցները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են փոխանցվում ընդունման-հանձնման ակտով, որն ստորագրում են լիազորված պաշտոնատար անձինք: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ստանալով սպառազինությունից հանված հատուկ միջոցները, դրանք ոչնչացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 09.02.23 N 147-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։